ՍԵՒՐԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Մասն 3-րդ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐՈՅԹՆԵՐ

Բաժին 6-րդ

ՀԱՅԱՍՏԱՆ

Յօդուած 88. Թուրքիան յայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպէս այդ բանն արդէն արել են Դաշնակից տէրութիւնները, որպէս ազատ եւ անկախ պետութիւն:

Յօդուած 89. Թուրքիան եւ Հայաստանը, ինչպէս եւ Բարձր պայմանաւորուող կողմերը, համաձայնւում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանատումը թողնել Ամերիկայի Միացեալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպէս նրա որոշումը, նոյնպէս եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դէպի ծով ելք տալու եւ յիշեալ սահմանագծին հարող օսմանեան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերեալ:

Յօդուած 90. Այն դէպքում, եթէ 89-րդ յօդուածի համաձայն սահմանագիծը որոշելիս յիշեալ վիլայեթների ամբողջ տարածքը կամ նրա մի մասը յանձնուի Հայաստանին, Թուրքիան այսօր արդէն յայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարւում է յանձնուած տարածքի նկատմամբ բոլոր իրաւունքներից եւ իրաւահիմունքներից: Սոյն պայմանագրի որոշումները, որոնք կիրառուելու են Թուրքիայից անջատուող տարածքների նկատմամբ, այս պահից սկսած կը գործադրուեն նաեւ այդ տարածքի նկատմամբ:

Հայաստանի սոււերենութեանը յանձնուող տարածքի կապակցութեամբ նրա վրայ դրուող Թուրքիայի ֆինանսական պարտաւորութիւնների բաժինը, եւ դրանց բնոյթն ու այն իրաւունքները, որոնցով նա կարող է փաստարկել, կը սահմանուեն սոյն Պայմանագրի 8-րդ մասի (ֆինանսական դրոյթներ) 241-244-րդ յօդուածների համաձայն:

Յաջորդ համաձայնագիրները կը կարգաւօրէն, եթէ դա անհրաժեշտ լինի, այն բոլոր հացերը, որոնք չեն կարգաւորուել սոյն Պայմանագրով եւ որոնք կարող են ծնունդ առնել յիշեալ տարածքի փոխանցման կապակցութեամբ:

Յօդուած 91. Եթէ 89-րդ յօդուածում նշուած տարածքի մի մասը յանձնուի Հայաստանին, ապա Սահմանագծման յանձնաժողով, որի կազմը կ’որոշուի յետագայում, կը ստեղծուի երեք ամսուայ ընթացքում այն բանից յետոյ, երբ արդէն ընդունուած կը լինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերեալ յիշեալ յօդուածում նախատեսուող որոշումը:

Յօդուած 92. Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմաններն ըստ պատկանելութեան կ’որոշուեն շահագրգռուած պետութիւնների ընդհանուր համաձայնութեամբ:

Երբ 89-րդ յօդուածում նախատեսուած որոշումն արդէն ընդունուած կը լինի եւ եթէ դրանից յետոյ այս կամ այն շահագրգռուած պետութիւնները չեն կարողանայ ընդհանուր համաձայնութեամբ որոշել իրենց սահմանագիծը, վերջինս կ’որոշեն Գլխաւոր դաշնակից տէրութիւնները, որոնք դրա հետ մասին պէտք է հոգ տանեն սահմանազատումը տեղում գծանշելու մասին:

Յօդուած 93. Հայաստանն ընդունում է, համաձայնուելով դրանք մտցնել Գլխաւոր տէրութիւնների հետ պայմանագրի մէջ, այն որոշումները, որոնք Տէրութիւններն անհրաժեշտ կը համարեն Հայաստանում այն բնակիչների շահերը պաշտպանելու համար, որոնք ռասայի, լեզուի եւ կրօնի առումով տարբերւում են ազգաբնակչութեան մեծամասնութիւնից:

Հայաստանը նմանապէս համաձայնւում է Գլխաւոր տէրութիւնների հետ Պայմանագրի մէջ մտցնել այն որոշումները, որոնք այդ տէրութիւններն անհրաժեշտ կը համարեն տարանցման ազատութիւնը եւ այլ ազգերի առեւտրի համար արդարացի պայմանակարգը պաշտպանելու համար:

10 օգոստոս,1920 թ.

Սեւր

———————–

Պայմանագրի տակ ստորագրել են`

Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսան, Իտալիան, Ճապոնիան, Բելգիան, Յունաստանը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Հայաստանը, Չեխոսլովակիան, Սերբերի, Խորուաթների եւ Սլովենների Թագաւորութիւնը, Հեջազը:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)