Չինաստանի մեծ մասշտաբը Հայաստանում. Պեկինը սկսում է

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 23-ին հյուրընկալվել է Հայաստանում Չինաստանի նոր դեսպանատանը: Չինաստանի դեսպանը նշել է, որ նա առաջին հյուրն է:

Չինաստանի նոր դեսպանատունն առանձնահատուկ է՝ իր մեծությամբ երկրորդն է եվրասիական տարածությունում: Զիջում է միայն Մոսկվայում Չինաստանի դեսպանատանը: Այդ առանձնահատկությունը լոկ առերեւույթ է միայն մասշտաբային: Գործնականում այն քաղաքական առանձնահատկություն է, ռազմա-քաղաքական նրբերանգ, որ յուրօրինակ ազդակ է Հայաստանի ռեգիոնալ նշանակության իմաստով, որ դրսեւորում է Չինաստանը:

Մասշտաբը խոշոր հաշվով ենթադրում է գործառութային ծավալներ, իսկ դրանք իրենց հերթին պայմանավորված են հենց նշանակալիությամբ, որ ունի տվյալ երկիրը Չինաստանի համար: Այդ իմաստով, Պեկինը Հայաստանը դիտարկում է ռեգիոնալ կենտրոնակայան, ինչն իհարկե զարմանալի չէ: Բանն այն է, որ Հայաստանն է կովկասյան անվտանգության համակարգի առանցքը, ու չնայած այսպես ասած «հաղորդակցային կղզիացմանը»՝ թուրք-ադրբեջանական շրջափակումով պայմանավորված, Հայաստանը դրսեւորել է թերեւս բացառիկ կենսունակություն, անգամ անարդյունավետ եւ մսխող կառավարման համակարգի գոյության պայմաններում:

Իր այդ բացառիկ հատկանիշով հանդերձ, հայկական գործոնը բացառիկ է նաեւ քաղաքակրթական խորության իմաստով, որ ունի արդեն ավելի լայն ռեգիոնալ տարածումով՝ դեպի Մերձավոր Արեւելք եւ միջերկրծովյան ռեգիոն: Այդ հանգամանքը Հայաստանը կարող է վերածել յուրօրինակ «կամրջի», ինչը առանձնահատուկ կարեւորություն կարող է ստանալ հենց ճանապարհները աշխարհքաղաքական առանցքային դերակատարման ծրագրային ու նաեւ փիլիսոփայական հենասյուներից մեկը դարձրած՝ «Մեծ մետաքսի ճանապարհի» ծրագիրը հռչակած Չինաստանի համար:

Հայկական գործոնի քաղաքակրթական նշանակության մասին Պեկինն ազդարարել է բաց տեքստով, 2019 թվականի մայիսին Պեկինում ընդունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարեց Հայաստանի եւ Չինաստանի քաղաքակրթական խորքային հարաբերության մասին, միաժամանակ նշելով, որ Չինաստանը ծանոթ է հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերին եւ լիահույս է այդ էջերի կրկնություն թույլ չտալու հարցում:

Գործնականում,  դա նաեւ Պեկինի առաջին բաց անդրադարձն էր հայկական հարցին, որն առանցքային իմաստ ու նշանակություն է ձեռք բերել նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացում: Պեկինը մասշտաբային ազդակով Հայաստանում սկսում է այդ գործում իր ներգրավվածության նոր ուղղություն, որն իհարկե դեռ պետք է լցվի եւ հարստացվի երկկողմ շահեկան բովանդակությամբ՝ տնտեսական, քաղաքական, անվտանգային ուղղություններով:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)