Պաշտպանության նախարարն ազդարարեց. Հայաստանն ընդլայնում է սահմանը, 09.06.2020

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է պաշտպանության ոլորտի եւ զինված ուժերի զարգացման առաջնահերթության վերաբերյալ իր նոր տեսլականը, կամ այսպես ասած թարմացրած տեսլականը: Նախորդը նախարարը հրապարակել էր պաշտոնամուտից քիչ անց՝ 2018-ի հուլիսին:

Նախարար Տոնոյանի նախորդ տեսլականն ըստ էության արձանագրում էր Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո երկրի ռազմա-քաղաքական վարքագծի, արդյունավետության, ինքնիշխանության, վարկի, վստահելիության եւ կանխատեսելիության սկզբունքների ամրագրումը: Սկզբունքներ, որոնք խոշոր հաշվով որոշակիորեն բարձրաձայնված կամ լռելյայն, բայց եղել են արցախյան շարժման, ազատագրական պատերազմի եւ անկախ հայկական պետականությունների ձեւավորման գործընթացի հիմքում: Դրանք հետագայում են հայտնվել թե ներքին, թե արտաքին կասկածի տակ՝ ձեւավորված անարդյունավետ եւ արատավոր կառավարման համակարգի հետեւանքով, ըստ այդմ իրենց ազդեցությունն ունենալով համակարգի ռազմա-քաղաքական վարքագծի կաշկանդվածության վրա եւ բերելով Հայաստանի ու Արցախի համար մարտահրավերներ, որոնք անկասկած չեզոքացված կլինեին՝ եթե Հայաստանում կառավարող համակարգը թե հայության, թե միջազգային հանրության համար փաստացի կասկածի տակ չդներ այդ սկզբունքները:

Թավշյա հեղափոխությունից հետո Երեւանը վերհաստատեց վերադարձը դրանց, հետագա ռազմա-քաղաքական վարքագծով պարբերաբար փորձելով ամրացնել եւ կայունացնել այդ ուղին:

Այդ իմաստով հատկանշական է, որ պաշտպանության նախարարի նոր տեսլականը, կամ սկզբունքների վերահաստատումը հրապարակվում է Հայաստանում ներքաղաքական բավականին աժիոտաժային եւ հակասական միջավայրում, որտեղ բավականին նկատելի եւ շոշափելի կարող է լինել ընդհանրապես աշխարհքաղաքական ճնշումը:

Այն զուգորդվում է Հայաստանում ներքաղաքական տարբեր սուբյեկտների աշխուժացմամբ, որոնց վարքագիծը էական աղերսներ կարող է ունենալ ավելի շատ կոլաբորացիոնիզմի, քան հայկական պետականության կատեգորիաների հետ: Դրան ի պատասխան եղավ վարչապետ Փաշինյանի բավականին կոշտ ու բազմիմաստ պատասխանը՝ ուժային բլոկում մի քանի կադրային փաթեթային լուծումով, ինչը թերեւս ազդակ է ոչ միայն, կամ ոչ այնքան Հայաստանի ներսում որեւէ մարտահրավերի, որքան արտաքին:

Իրական է այդ վտանգը, թե ոչ, կամ գիտակցվա՞ծ է այն առկա ներքաղաքական ընդդիմության տիրույթում դիրքավորվող սուբյեկտների վարքի համատեքստում, հարցի մի կողմն է, թեեւ ոչ պակաս կարեւոր:

Բայց այդ համատեքստում հատկանշական է, որ դուրս է գալիս Հայաստանի պաշտպանության նախարարը, երկու թերեւս էական արձանագրումով. «պաշտպանության ամբողջ համակարգը, առավել եւս բանակը զերծ պահել ներքաղաքական եւ ընտրական գործընթացների վրա ազդեցությունից՝ այդպիսով ամրապնդելով պաշտպանական կառույցի ապաքաղաքական, վերկուսակցական եւ համազգային կարգավիճակը: Սա բանակի, իշխանությունների, քաղաքական ուժերի ու ամբողջ հասարակության համատեղ ձեռքբերումն է, եւ մենք պետք է շարունակենք արմատավորել այդ մոտեցումը, մինչեւ այն չդառնա «տաբու» ոչ միայն այսօրվա, այլեւ ապագայի բոլոր իշխանությունների եւ քաղաքական ուժերի համար»:

Այլ կերպ ասած, պաշտպանության նախարարը գծում է հայկական պետականության ներքաղաքական պայքարի սահմանը: Միեւնույն ժամանակ, նախարարի շուրթերով հայկական պետական քաղաքականությունը ազդարարում է պետական հետաքրքրությունների սահմանի ընդլայնման հանգամանքը.

«Մեր անվտանգությունը փոխկապակցված է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հետ եւ անմիջականորեն կրում է դրա ինչպես բացասական, այնպես էլ դրական ազդեցությունը: Ուստի անվտանգության ապահովման գործում մեր հայացքը շատ ավելի ընդգրկուն է, քան մեր պետության սահմանները: Մեր արտաքին անվտանգային քաղաքականությունը կառուցելիս մենք «քաղաքական զգայարաններով» տեսնում ենք մեր բնական դաշնակիցներին եւ արհեստածին հակառակորդներին, մեր ռազմաքաղաքական հետաքրքրությունների շրջանակը կերտելիս մենք լավ ենք գիտակցում մեր աշխարհագրական դրությունը, ուստի մեր բոլոր քաղաքական քայլերն ուղղված են ոչ միայն մեր ռազմաքաղաքական աշխարհագրությունն ամրապնդելու, այլեւ այն ընդլայնելու գործին»:

Կարեւոր նշաձող, թե համաշխարհային՝ աշխարհակարգային վերափոխումների, թե այդ միջավայրով ազդված ներքաղաքական էական շրջափուլում սահմանում է Հայաստանը, միաժամանակ ցրելով այդ շրջափուլում Հայաստանի հաշվին որեւէ հարց լուծելու որեւէ արտաքին գայթակղություն:

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)