Սարդարապատը շարունակվում է նաև այսօր՝ նոր ձեւաչափով եւ շեշտադրումներով 

27 Մայիս, 2020

Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը հաջորդեց մայիսյան հերոսամարտերին, սակայն պետականության վերականգնման համար հիմք դարձան մի շարք պատմական գործընթացներ եւս։ Առաջին հանրապետության կայացման եւ դրա նախադրյալների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահան Մելիքյանի հետ։

Անդրկովկասի անկախ հանրապետությունների, այդ թվում՝ Հայաստանի առաջին Հանրապետության առաջացումը հիմնականում կապված է Ռուսական կայսրության անկման հետ։ 1917 թ. փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությամբ Ռուսաստանում տապալվեց ցարիզմը, եւ ժամանակավոր կառավարությունը ձեռնամուխ եղավ լուրջ ժողովրդավարական վերափոխումների, որոնցից մեկն էլ ազգերի ինքնորոշման գաղափարի իրականացումն էր։ «Դժվար է ասել, որ եթե այդ հեղափոխությունն, ի վերջո, իր տրամաբանական ավարտին հասներ, կստանա՞ր, արդյոք, հայ ժողովուրդը անկախություն, թե ոչ։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ, բայց ներքին ինքնավարություն անպայման կունենար ապագա Ռուսաստանի դաշնային դեմոկրատական հանրապետության կազմում, ինչի մասին փաստում է ժամանակավոր կառավարության ընդունած որոշումը»,–ասաց զրուցակիցս։

Այդ փուլում երկու գլխավոր ձեռքբերում կան, որոնք ընկած էին անկախության ճանապարհին. առաջինը՝ ազգային զորամասերի ձեւավորումն էր եւ երկրորդը՝ հայկական ազգային երկու՝ Արեւմտահայ եւ Արեւելահայ խորհուրդների ստեղծումը։ Դրանք 1917 թ մարտ—հոկտեմբերին մեծագույն դերակատարություն ունեցան ազգային հասարակական—քաղաքական կյանքը կազմակերպելու գործում։ «Վստահաբար կարող ենք ասել, որ ապագայում դրանք հիմք դարձան Հայաստանի Հանրապետության ե՛ւ բանակի, ե՛ւ խորհրդարանի ու կառավարության կայացման համար»,–նշեց պատմաբանը։ Ի դեպ, առաջիկայում պատրաստ կլինի նրա «Իշխանության հիմնահարցը Անդրկովկասում. 1917—1918 թթ. Հայաստանի Հանրապետության առաջացումը» աշխատությունը։

Անկախության ճանապարհի երկրորդ փուլն սկսվում է Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, երբ Ռուսաստանում իշխանության եկան բոլշեւիկները։ Այս անգամ Անդրկովկասում ստեղծվեց նոր կառավարություն՝ Անդրկովկասյան կոմիսարիատը, որն ի տարբերություն նախորդի՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտեի (Օզակոմ), չճանաչեց բոլշեւիկյան իշխանությունը։ Դրանով աստիճանաբար սկսվեց երկրամասը խորհրդային Ռուսաստանից անջատելու գործընթացը։ Այդ ընթացքում ավելի էր սերտանում վրաց մենշեւիկների եւ թաթար մուսավաթականների համագործակցությունը, որոնք օբյեկտիվորեն տանում էին Անդրկովկասում հայ բնակչության եւ հասարակական—քաղաքական ուժերի, մասնավորապես Դաշնակցության մեկուսացմանը։ «Կան բազմաթիվ փաստեր, երբ այս երկու ուժերը բացահայտ հայկական, ինչպես նաեւ ռուսական պետականամետ, դեռեւս պահպանված ուժերի դեմ գործունեություն էին ծավալում։ Ասվածի լավագույն ապացույցներից են Անդրկովկասյան երկաթուղու երկայնքով Ռուսաստան նահանջող Կովկասյան բանակի ռուս զինվորների կոտորածները, մասնավորապես Շամխորում 1918—ի հունվարին իրականացրած սպանդը»,–ասաց նա։

Երրորդ փուլի սկիզբ կարող ենք համարել 1918 թ. փետրվարի 10—ը, երբ սկսվեց թուրքական արշավանքը դեպի Անդրկովկաս եւ արդեն Արեւելյան Հայաստան։ Արդյունքում շատ կարճ ժամանակում թուրքերը գրավեցին ամբողջ Արեւմտյան Հայաստանը, իսկ ապրիլին արդեն Կարսի մատույցներում էին։ «Արդեն պարզ էր դարձել, որ Անդրկովկասյան սեյմը որդեգրել էր գերմանաթուրքական կողմնորոշում։ Սեյմի Դաշնակցություն խմբակցությունը եւս ինչ—որ տեղ ճարահատյալ, բայց գնում էր այդ քաղաքականության ետեւից։ Բազմիցս հարց է բարձրացվում, թե կա՞ր, արդյոք, այլընտրանք հայ ժողովրդի եւ նրա քաղաքական ուժերի համար։ Այլընտրանք կար, այն է՝ Անդրկովկասի արագ խորհրդայնացումը»,–շարունակեց Վահան Մելիքյանը։ Անցած տարի լույս է տեսել պատմաբանի «Պայքար Բաքվի համար. 1917 նոյեմբեր–1918 ապրիլ» աշխատությունը հայերեն եւ ռուսերեն, որն անդրադառնում է Բաքու քաղաքի եւ հայ ազգաբնակչության պաշտպանությանը մուսաֆաթական խռովության դեմ։ Հայոց քաղաքական պատմության մեջ սա, թերեւս, բացառիկ համագործակցության դրսեւորում է մի կողմից՝ Ստեփան Շահումյանի եւ Բաքվի խորհրդի, մյուս կողմից՝ հայ ազգային—քաղաքական ուժերի, մասնավորապես Դաշնակցության անվանի գործիչների՝ Ռոստոմի, Արամ Մանուկյանի, Համազասպ Սրվանձտյանի, Եղիշե Պահլավունու, ցարական գեներալ Հակոբ Բագրատունու եւ այլոց միջեւ, որի նպատակն էր Անդրկովկասում հայկական տարրի պահպանումն ու հզորացումը։

Մեզ անհայտ Ստեփան Շահումյանը

Պատմաբանը պատմական այս փուլում Ստեփան Շահումյանին համարում է ազգային գործիչ։ Որպես նվիրյալ մարքսիստ, բոլշեւիկ, Բաքվի խորհրդի նախագահ, նա համագործակցում էր հայ ազգային—քաղաքական ու զինվորական գործիչների հետ, հասկանալի է՝ հեռանկարում ունենալով Անդրկովկասի խորհրդայնացումը։ Կարեւոր է այն, որ նրան էլ աջակցում էին քաղաքական, կուսակցական հակադիր խրամատում գտնվող ազգային ուժերը, որոնք այդ թեկուզեւ ժամանակավոր համագործակցությամբ փորձում էին լուծել համազգային խնդիրներ։ «Շահումյանի նպատակն էր Բաքվում հասնել լիակատար իշխանության եւ այդպես ջախջախել մուսավաթական խռովությունը, որը փորձում էր իրականացնել պանթուրքիզմի ծրագիրը եւ Բաքուն վերածել ապագա «Ադրբեջանի» մայրաքաղաքի»,–պարզաբանեց Մելիքյանը։ Ի դեպ, Բաքվում կուտակվել էր 20—25 հազար հայ զինյալ ուժ հիմնականում Արեւմտյան ռազմաճակատից։ Վերջիններիս օգնությամբ Շահումյանը մտադիր էր ոչ միայն Բաքու քաղաքի եւ Բաքվի նահանգի հայ բնակչության պաշտպանության խնդիրը լուծել, այլեւ մոտ ապագայում այդ ուժերն ուղղել դեպի Գանձակ (Ելիզավետպոլ)՝ Անդրկովկասում պանթուրքիզմի գլխավոր օջախ, այնուհետեւ Արցախ, հետո էլ՝ Երեւանի նահանգ՝ ճնշելու այնտեղ թուրք—քրդական խռովությունները, որոնք նախապատրաստում էին թուրքական արշավանքը, եւ այնուհետեւ այդ զորքերը մտցնել Արեւմտյան Հայաստան, պահել մինչեւ Էրզրում—Երզնկա ռազմաճակատի գիծը՝ դրանով լուծելով Հայկական հարցը։ Շահումյանը համոզված էր, որ այդ փուլում Հայկական հարցի լուծումը կապվում է Անդրկովկասի խորհրդայնացման հետ։ Մելիքյանի խոսքով՝ քաղաքական գործիչը նախապատրաստվում էր Սարիղամիշի բոլշեւիկյան զորամասերով գրավել Թիֆլիսը եւ վերջ դնել անդրկովկասյան հակախորհրդային եւ միաժամանակ հակահայկական իշխանությանը։ «1917—18 թթ. հայ գործիչների գերակշիռ մասը չէր կարող ենթադրել, որ այդ նույն բանը լինելու էր 1920—ին՝ արդեն քեմալ—բոլշեւիկյան ագրեսիայի հետեւանքով, երբ Հայաստանը խորհրդայնացավ բռնի կերպով, կործանվեց Հայաստանի Հանրապետությունը, եւ մենք զրկվեցինք մեր պատմական հայրենիքի մեծ մասից»,–ընդգծեց Վահան Մելիքյանը։

Հաղթանակների ամիսը

Եվ, իհարկե, հանրապետության առաջացման կարեւորագույն վճռորոշ փուլը մայիսյան հերոսամարտերն էին։ Այս հանգամանքը կարեւոր է այնքանով, որ թուրքական ժամանակակից պատմագրությունն ու քաղաքական միտքը առաջ են քաշում այն թեզը, թե իբր Թուրքիան է հայ ժողովրդին նվիրել պետականություն։ «Դա կատարյալ անհեթեթություն է, որովհետեւ Բաթումի վերսկսված բանակցություններում 1918—ի ապրիլին՝ արդեն Կարսի անկումից հետո, թուրքական պատվիրակությունը Հայաստանի Հանրապետություն ստեղծելու մասին ամենեւին չէր խոսում, խոսքը ապագայում միայն Ադրբեջան եւ Վրաստան ստեղծելու մասին է։ Մայիսյան գոյապայքարը, հատկապես Ղարաքիլիսայի ճակատամարտը, կանխեց այդ պլանը, եւ թուրքերը հաշտվեցին հայկական պետության ստեղծման փաստի հետ։ Այնպես որ, Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է ոչ թե Թուրքիայի թողտվությամբ, այլ հայկական բոլոր քաղաքական ուժերի, հիմնականում ռազմական գործիչների, Արեւմտյան Հայաստանից նահանջած կամավորական խմբերի, կադրային զինվորականների կազմակերպված գործողությունների արդյունքում»,–շեշտեց պատմաբանը՝ հավելելով, որ եթե մայիսի 28—ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհրուրդն իր վրա չվերցներ «հայկական գավառների իշխանությունը», ապա թուրքերի հետ կնքված Բաթումի պայմանագրով Հայաստան պետություն չէր ստեղծվի։ Արդյունքում, չունենալով պետականության ինստիտուտներ, մենք կհայտնվեինք անորոշ իրավիճակում, ինչի արդյունքում կարող էինք կորցնել Արեւելյան Հայաստանից մնացած տարածքները եւս։ Այս իմաստով, Հայաստանի անկախությունն ինչ—որ առումով պարտադրված էր եւ որին հայ քաղաքական, պետական գործիչներն այնքան էլ պատրաստ չէին։

Ամփոփելով խոսքը՝ զրուցակիցս փաստեց, որ այսօր էլ շարունակվում է մերօրյա Սարդարապատը՝ նոր ձեւաչափով եւ շեշտադրումներով։ «Իհարկե, մենք այն բախտորոշ եւ ճակատագրական անցումային վիճակում չենք, ինչ հարյուր երկու տարի առաջ ապրիլ—մայիս ամիսներին, բայց դարձյալ շրջապատված ենք թշնամական պետություններով՝ Թուրքիայով եւ Ադրբեջանով։ Այսօր էլ հայ ժողովուրդը թե՛ Հայաստանում եւ թե՛ ամբողջ աշխարհում միշտ պետք է պատրաստ լինի նոր գոյամարտի, քանի որ այդ երկրների կողմից բացահայտ դրվում է Հայաստան պետության կործանման եւ հայ ժողովրդի վերացման հարցը։ Այդ առումով նոր որակի գոյապայքարի, հերոսամարտերի անհրաժեշտությունն արդիական է նաեւ մեր օրերում»,–ասաց պատմագիտության դոկտորը։

 

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
[email protected]

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)