Հայերին պատկանող կալվածքներն իրենց տեղում են մինչ օրս և վայելում են թուրքական իշխանությունները, ուստի մենք պայքարելու ենք այդ բոլորը իր տոկոսներով միասին ետ վերցնենք հանցագործից. Վահե Մահշիկյան (07.05.2020)

Հայ ժողովրդի պահանջատիրության, Թուրքիայից հայերին պատկանող գույքն ու հողերը վերադարձնելու հնարավորության, Արցախի հիմնախնդրի և սիրիահայության ներկայիս վիճակի մասին ArmDaily.am-ը զրուցել է Հայ-արաբական իրավական խորհուրդի գլխավոր քարտուղար, քեսաբահայ Վահե Մահշիկյանի հետ:

-Պարոն Մահշիկյան, հայ-արաբական իրավական խորհրդի առանցքային նպատակն է վերականգնել հայ ժողովրդի իրավունքները և պահանջել Թուրքիայից՝ փոխհատուցել հայ ժողովրդի որդիներին իրենց պատճառած վնասը և վերադարձնել հայերին պատկանող սեփականության շահագործման շահույթների տոկոսներն ամբողջությամբ և հասնել հայ ժողովրդի իր հայրենիք անվտանգ և խաղաղ վերադառնալու երաշխավորմանը։ Որքանո՞վ է իրատեսական և իրագործելի։

-«ԻՄ ՀԱՅ» իրավական միջազգային Հայ Արաբական հանձնաժողովի (խորհուրդ) գլխավոր նպատակն է վերականգնել հայ ժողովրդի կորցրած ամբողջական ու արդար իրավունքները, որոնք ներկայումս գտնվում են Թուրքիա անվամբ արհեստածին պետության սահմանների մեջ ստեղծված կառավարության հովանավորության տակ։ Այս նպատակն իրագործելու համար ԻՄ ՀԱՅ-ը որդեգրել է մի շարք ճանապարհներ և մեխանիզմներ այնպես, որ անկարելի ոչինչ չլինի։ Այս առաքելությունն իրականացնելու համար մենք ցուցաբերում ենք իրատեսական մոտեցումներ, ձգտում տարբեր մեխանիզմներ կիրառել՝ բացառապես իրավական գործընթացով։ Նշեմ մի քանի օրինակներ, թե ինչպես է դա արվելու այսօր, դե ֆակտո, հայ ազգի որդիները ցեղասպանության հետևանքով ապրում են տասնյակ երկրներում և որպես քաղաքացիներ վայելում տվյալ երկրի քաղաքացու լիիրավ իրավունքները, ուստի՝ ուր որ էլ գտնվեն նրանք, իրենց իրավունքները պաշտպանված են, իսկ այդ պաշտպանությունն ապահովում են տվյալ երկրի իշխանությունները՝ գործող սահմանադրության և օրենքների հիման վրա։ Այս հարցը լուսաբանվել է արտաքին գործերի և արդարադատության մի շարք նախարարների կողմից։ Սիրիայում, օրինակ, պատրաստակամություն են հայտնել իրավական գործընթաց սկսել այլ երկրներում գտնվող Սիրիայի հպատակ հայ և այլ ազգության քաղաքացիների իրավունքները վերականգնելու համար։ Հայերի իրավունքների պարագայում մենք նկատի ունենք Թուրքիա կոչվող պետության սահմանների ներսում գտնվող իրավունքները։ Սկսելով այս գործընթացը, մենք միջազգային հարթակում կստեղծենք նախադեպ, ինչն էլ կնպաստի, որ հաջորդաբար այլ երկրների հայ քաղաքացիներն իրենց իրավունքների վերականգնման կապակցությամբ դիմեն այդ երկրների իշխանություններին։ Հիմա ուզում եմ անդրադառնալ իրականությանը, նրան, որ Օսմանյան պետության, ներկայիս Թուրքիայի սահմաններից ներս ապրում էր տաս միլիոն բնակիչ՝ մեծամասամբ հայ բնիկներ, որոնք սկսած սուլթան Աբդ ալ Ազիզի, Մահմուդի ժամանակներից, մինչև սուլթան Աբդուլ Համիդը, կազմում էինՕսմանյան պետության տնտեսության երակը՝ շուրջ 95տոկոս։ Ասեմ մեկ այլ իսկություն ևս․ Ստամբուլի նահանգում ապրող մեկ միլիոն բնակչից 400․000-ը հայեր էին, 200․000-ը հրեաներ, իսկ մնացած 400․000-ը ամենևին էլ թուրքեր չէին այլ բաղկացած էին հետևյալ ժողովուրդներից՝ չեչեններ, չերքեզներ, քզլպաշներ, հույներ, ալավիններ, քիըրտներ, արաբներ, բաքստանցիներ, ույղուրներ, պուլկարներ, օգրանացիներ, ռուսներ, վրացիներ, թալիշներ, պարսիկներ, եգիպտացիներ, այսինք Գազի Օսման ընտանիքի իշխանության ներքո ապրող մեծամասամբ խառնուրդ բնակիչներ։ Ասել է թե Օսմանյան պետության, իսկ այժմ Թուրքիայի մեջ ապրող բնակչության մեծամասնությունը հայ հատվածն էր, առավել ևս, որ մենք այս հողի բնիկ ժողովուրդն էինք մարդկության պատմության 5000 տարվա ընթացքն ի վեր։ 1890 թվականին իրավիճակն այսպիսին էր. հայերն ունեին տներ, այգիներ, դպրոցներ, եկեղեցիներ և տնտեսական շատ այլ արժեքներ: Այդ կալվածքներն իրենց տեղում են մինչ օրս, դրանք չգոլորշիացան, այլ վայելում են թուրքական իշխանությունները, ուստի մենք բռնելով իրավական ճանապարհը՝ պայքարելու ենք այդ բոլորը իր տոկոսներով միասին սկսած այն օրերից, երբ գործեցին հայոց ցեղասպանությունը ևգողացան զոհերի ու բռնագաղթածների հարստությունները։ Աստված մեզ երկար կյանք պարգևի, որ մեր արդար ու ամբողջական իրավունքները ետ վերցնենք հանցագործից, վերադառնանք մեր թողած օջախներն ու կալվածքները, հատուցում ստանանք կորուստների համար։ Հանցագործը պարտավոր է այս ամենն արդար ձևով կարգավորելու, իսկ թե ոչ, միացյալ ազգերը պարտավոր են այդ պետությունը հռչակել անօրինական, առնել այն միջազգային իշխանության տակ, և վերակազմավորել նոր իրավական պետություն՝ իրավատերերին արդար ձևով տալով իրավունքներ:

– Հայաստանի մաս հանդիսացող Արցախը ևս վտանգված է և այսօր փորձ է արվում այն պոկել Հայաստանից։ Ո՞րն է ձեր դիրքորոշումն Արցախի հիմնախնդրի շուրջ։

-Արցախի հարցը մենք լուծված չենք համարի տակավին այնքան ժամանակ, քանի դեռ հողային և հատուցման հարցեր ունենք արհեստածին Ադրբեջան կոչված ցեղասպան պետության հետ։ Անշուշտ մենք կառույցի համախմբված ուժով միջազգային հանրային կարծիք ենք ձևավորում, անհրաժեշտ լուսաբանումներ տալիս մեր արդար ու ամբողջական իրավունքները վերականգնելու համար։ Ծրագրել ենք Արցախում անցկացնել ԻՄ ՀԱՅ խորհրդի առաջին միջազգային համագումարը, աշխարհի տարբեր երկրների քաղաքացիների մասնակցությամբ:

-Սիրիայում հայ համայնքն ամենամեծ և հայապահպան համայնքներից է: Ինչպիսի՞ն է կապը Հայաստանի հետ և ինչպե՞ս է սնուցվում համայնքը մայր Հայաստանին կապող «պորտալարը»։

-Շատ ճիշտ տվեցիք հարցը։ Հայ վերապրողները սկզբից գաղթականններ էին, բայց տարիների ընթացքում վերակազմավորվեցին։ 1928 թվականին այդ ժամանակվա գաղութատեր Ֆրանսիայի՝ Սիրիայում անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում էր 1․200000 մարդ, որոնցից 327000-ը հայեր, ընդհանուր թվի մոտ մեկ քառորդը։ Դեռ այդ ժամանակներից հայերը արարում էին, կառուցում ազգային արժեքներ հանդիսացող մշակութային կառույցներ՝ դպրոցներ, ակումբներ, եկեղեցիներ ու միություններ, մինչ օրս էլ նրանք մնում են օժտված ազգային մեծ ոգով։ Ինչ վերաբերում է Հայաստանի հետ կապին, ապա կարող եմ փաստել հետևյալը․ ներկայումս Հայաստան են վերադարձել տասնյակ հազարավոր սիրիահայեր՝ հնարավորություն ստանալով ունենալ Հայաստանի քաղաքացիություն, ուստի հավաստիացնում եմ, որ արյան, հողի ու հացի կապը մնում է կայուն:

-Շուրջ մեկ տասնամյակ Սիրիայում ընթացող պատերազմից հետո այսօր արդեն ինչ վիճակում է հայ համայնքը որպես կառույց և Հայաստանի իշխանությունները որևէ կերպ միջամտու՞մ են սիրիահայության կյանքին։

-Սիրիահայերն իսկական մղձավանջ ապրեցին վերջին տասը տարիների ընթացքում, բայց կամքը մնաց անկոտրում։ Նրանք շարունակեցին ապրել, ավելին՝ ստեղծված իրադրությունում արագ կողմնորոշվեցին և ձեռք մեկնեցին ու քաջաբար պաշտպանեցին իրենց ապաստան ու խաղաղ կյանք տված ժողովրդին։ Այսօր էլ, տեսնելով մեր անկախ հայրենիքի՝ Հայաստանի մարդասիրական բժշկական ու բարեգործական օգնությունը, առավել հպարտ ենք զգում մեզ, և հայ ժողովրդի ցուցաբերած խնամքն ու հոգածությունը ձգտում փոխադարձել ըստ արժանվույն։

Իզաբելա Սուլթանյան

7/Մայիսի/2020

——————————————-

Հայերին պատկանող կալվածքներն իրենց տեղում են մինչ օրս և վայելում են թուրքական իշխանությունները, ուստի մենք պայքարելու ենք այդ բոլորը իր տոկոսներով միասին ետ վերցնենք հանցագործից. Վահե Մահշիկյան – http://armdaily.am/?p=91182&l=am%2F&fbclid=IwAR20myNxmWfcsjLJ3RpIegNWVa7KVwW8SlAd2AmE9f66n4NiSo7W85Ocmyo

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)