«Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դաս քաղելու պատմության այդ ողբերգական էջից»։

 
Հայաստան – Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և տիկին Բրիժիտ Մակրոնը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Երևան, 11-ը հոկտեմբերի, 2018թ.

Լուսինե Մուսայելյան / Ապրիլ 24, 2020 

Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշում է Կոստանդնուպոլիսի 600 հայ մտավորականների սպանդը, որը սկիզբ դրեց ցեղասպանությանը: Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դաս քաղելու պատմության այդ ողբերգական էջից», – Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին հղած նամակում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, անցյալ տարի էլ Ելիսեյան պալատի ղեկավարը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

«Խստորեն հարգելով ներկա առողջապահական վիճակի թելադրած հրահանգները՝ ես որոշել եմ, որ այս տարի նույնպես այդ օրը պետք է նշվի՝ Փարիզում, սեղմ արարողությամբ, Ֆրանսիայի կառավարության անդամների ներկայությամբ», – նաև ասվում է Մակրոնի նամակում:

Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր նախկինում արած հայտարարությունը՝ հայերը կարող են հույս դնել Ֆրանսիայի բարեկամության վրա: «Հավատարիմ իր հանձնառություններին՝ Ֆրանսիան հայերի կողքին է խաղաղության և բարգավաճման հասնելու նրանց իղձերի մեջ», – Էմանյուել Մակրոնը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը Ֆեյսբուքում գրառմամբ հայտնում է Արմեն Սարգսյանին Էմանյուել Մակրոնի, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի հղած նամակների մասին՝ հրապարակելով դրանց լուսապատճենները:

«Սույն թվականի ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշատակելու է 1915թ. Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ներկայումս մեզ պատուհասած համավարակի առողջապահական ճգնաժամն ի զորու չէր մեր կողմից մոռացության մատնել այդ կարևոր պայքարը՝ հանուն արդարության և պատմական ճշմարտության: Ընդհակառակը, այն մեզ կոչում է այն համերաշխությանը, որը միշտ եղել է մեր երկու երկրների հարաբերությունների հիմքում», – Փաշինյանին գրել է Ֆիլիպը:

«Մեկ անգամ ևս ցանկանում եմ Ֆրանսիայի ձայնը միավորել նրանց, ովքեր անխոնջ պահանջում են, որպեսզի բոլորի կողմից ճանաչվի մի ամբողջ ժողովրդի կոտորածը: Ինչպես Անատոլ Ֆրանսն է այս առիթով արտահայտվել. «Նահատակների հոսած արյունն ապարդյուն չէ, մի ուժ ձեզ հետ է՝ ցրված, սակայն հզոր», – շեշտում է Ֆրանսիայի վարչապետը:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)