«

»

Ապր 23

Թուրքիան առաջինն է պաշտոնապես ընդունել Հայոց Եղեռնը. Գեւորգ Դանիելյան

«Մարդու իրավունքները արհամարհելը` հասարակական դժբախտությունների և կառավարությունների այլասերման միակ պատճառն է»։ Այս միտքը իր արտացոլումն է գտել Հայոց Եղեռնից դեռ շատ վաղուց հրապարակված մի փաստաթղթում՝ Մարդու իրավունքների ու ազատությունների 1789 թ. Հռչակագրում։ Թվում էր, թե մարդկությունը պատրաստվում է թոթափել միջնադարյան բարքերը և որպես ուղենիշ որդեգրել քաղաքակրթությունն ու հումանիզմը։ Բայց Հայ ժողովրդի համար ճակատագիրը լոկ արհավիրք էր պատրաստել՝ թուրքի դերակատարմամբ։ Այս օրերին լրանում է Հայոց Եղեռնի 105-րդ տարելիցը, և այդ առնչությամբ իրավական բնույթի հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ։

— Պարոն Դանիելյան, նախ, այս օրերին հանրային հնչեղություն ձեռք բերված մի հարցի վերաբերյալ ակնկալում ենք ձեր դիրքորոշումը՝ «Հիշում եմ և պահանջում» խորհրդանշական կարգախոսում, իրո՞ք, ավելորդ է «պահանջում եմ» արտահայտությունը։

 -Այդ խորհրդանշական կարգախոսը արմատավորվեց Հայոց Եղեռնի 100֊րդ տարելիցին, և այն վերանայելու  իբր անհրաժեշտության կտրվածքով ինքս դեռ չեմ լսել որևէ ողջամիտ բացատրություն։ Պաշտոնապես ընդամենն ասվել է, որ այն քննարկման փուլում է, ընդ որում, այս փուլում, հաշվի առնելով ժամանակի սղությունը, դեռևս որոշում չի կայացվի։ Հիմա անդրադառնանք այդ կարգախոսի բուն էությանը։ 5 տարի առաջ Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ այդ կարգախոսի խորագրով տեղի ունեցավ շարադրությունների մրցույթ։ Աշակերտներից մեկը մի այսպիսի միտք էր հղացել. «Անձամբ ինքս որևէ մեկից պահանջ չունեմ, ես պարզապես պայքարելու եմ հանուն արդարության և վերադարձնելու եմ այն, ինչ կորցրել է իմ ժողովուրդը»։  Եթե այս իմաստով ու մեկնաբանությամբ է առաջարկվում այդ արտահայտությունը հանել՝ ավելի համարժեք կոչով փոխարինելու ակնկալիքով, դեռ կարելի է ըմբռնումով մոտենալ, այլապես որևէ բացատրություն, կարծում եմ, իրավաչափ ու տրամաբանական չէ։

— Մենք չենք կարող պահանջե՞լ, որ  Թուրքիան ընդունի Հայոց Եղեռնը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։

-Թուրքիան առաջինն է պաշտոնապես ընդունել Հայոց Եղեռնը, և ներկայիս թուրքական իշխանությունների դիրքորոշումը որևէ իրավական արժեք չունի, դա սոսկ քաղաքական մանիպուլյացիա է։ Խոսքը թուրքական ազգային դատարանների կողմից 1919-1920 թթ. կայացած այն դատավճիռների մասին է, որոնցով «Իթթիհատ»-ը` երիտթուրքերի ղեկավար կուսակցությունը, թուրք բարձրաստիճան զինվորականները, պետական ու կուսակցական գործիչներն ու այլ պաշտոնյաներ դատապարտվել են էթնիկ հատկանիշով պայմանավորված անձանց զանգվածային սպանդ կազմակերպելու ու իրականացնելու, ինչպես նաև նույն նպատակով բռնի տեղահանումների համար։

Այդ դատական ակտերը հետագայում երբեք չեն բողոքարկվել, չեն բեկանվել, որևէ մեկը դատական կարգով չի արդարացվել, պարզապես 30-ականների սկզբներին հաշվեհարդար են տեսել դատավճիռներ կայացրած բոլոր դատավորների նկատմամբ և մահապատժի ենթարկել։

Ի դեպ, հայ վրիժառուների կողմից սպանդը կազմակերպած թուրք գործիչների սպանությունը սոսկ հաջորդել է այդ անձանց նկատմամբ մահապատժի դատավճիռներ արձակելուն։ Իրազեկվածության հիմնական աղբյուր հանդիսացող գեղարվեստական գործերում այս ամենն այնքան էլ ճշգրիտ ներկայացված չէ, ուստի հանրության իրավագիտակցության մեջ այն թյուր ընկալումն է, թե օրինակ՝ Սողոմոն Թեհլերյանին արդարացրել են սոսկ այն հիմքով, որ վերջինս գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, մինչդեռ՝ գերմանական դատարանը էական է համարել նաև այն փաստը, որ Թալեաթն արդեն իսկ դատապարտված է եղել մահապատժի։

— Եթե կան Հայոց Եղեռնի փաստը հաստատող դատական ակտեր, ապա ինչո՞ւ դրանք չեն դրվում գոնե այն երկրների օրենսդրական նախաձեռնությունների հիմքում, որոնք փորձել են քրեական պատասխանատվություն սահմանել Հայոց Եղեռնը ժխտելու համար։ Արդյունքում, օրինակ Ֆրանսիայի ահմանադրական խորհուրդը Սահմանադրությանը հակասող ճանաչեց սենատի ընդունված օրենքը։

-Իսկ ինչո՞ւ միայն Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը, գրեթե այդպես վարվեց նաև ՄԻԵԴ-ը՝ Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով։ Այս և մյուս դատական ատյանները, իհարկե, չեն ժխտում Հայոց Եղեռնի փաստը, սակայն հստակ արձանագրում են, որ քանի դեռ այդ փաստը չի հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, որևէ այլ պետական մարմին իրավասու չէ սահմանափակելու խոսքի, արտահայտվելու ազատությունը։

Թերևս, այս խիստ կարևոր հանգամանքը նկատի ունենալով, մշտապես ակնկալել եմ, որ Հայոց Եղեռնը ճանաչելու հարցում հարկ է շրջանառության մեջ դնել ոչ միայն արխիվային փաստաթղթերը, այլև առաջին հերթին՝ թուրքական դատական ակտերը։ Ի դեպ, Հայոց Եղեռնի փաստը աննուղակիորեն արձանագրվել է նաև միջազգային դատական ատյանների ակտերում։ Այսպես, Ռուանդայի ցեղասպանության գործով 2012 թ. դատավճռով (այս գործով դատարանը կայացրել է մի շարք դատավճիռներ), անդրադարձ է արվել Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության դեպքերի պատճառներին և արձանագրվել. «… միջազգային հանրությունը համարժեք հետևություններ չի արել Հայոց Եղեռնի փաստից, ինչն էլ նպաստել է այդպիսի երևույթների տարածվածությանը»։

Ավելի, քան համոզված եմ, որ եթե այս դատական ակտերը սահմանված կարգով ներկայացվեին իրավասու մարմիններին, ապա պատկերը բոլորովին այլ կլիներ։

— Մի ճշտում, ցեղասպանությունը միջազգային փաստաթղթերով որպես մարդկության դեմ հանցագործություն է ճանաչվել միայն 1948 թ., ինչպե՞ս կարող էին թուրքական դատարանները զանգվածային ջարդերը որակել, որպես ցեղասպանություն։  

-Եթե նկատեցիք, ես առ այս պահը չեմ օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը, թեև բովանդակային կտրվածքով Հայոց Եղեռնը հենց այդպիսի որակում ունի։ Ինչևէ, ձեր անչափ կարևոր հարցադրման առնչությամբ ներկայացնեմ մի քանի նկատառումներ՝ ա) թուրքական դատավճիռներում պարզապես չի օգտագործվել «ցեղասպանություն» եզրույթը, սակայն արարքները բովանդակային կտրվածքով հենց այդպես են որակվել՝ «էթնիկական շարժառիթներով զանգվածային սպանություններ կամ բնաջնջելու նպատակով՝ բռնի տեղահանումներ», բ) Հոլոքոստը ևս տեղի է ունեցել մինչև Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ֊ի կողմից 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունված կոնվենցիան, սակայն Նյուրենբերգյան դատավարությունում որևէ իրավական խոչընդոտ չտեսան Հոլոքստն արձանագրելու հարցում, գ) բացարձակապես պետք չէ, նույնիսկ անընդունելի է ակնկալել, որպեսզի «Հայոց Եղեռն» եզրույթը փոխարինվի «ցեղասպանություն» եզրույթով, դա անհարկի իրավական խութեր է ստեղծում, ինչին խելամտորեն չգնացին հրեաները։

Այն, որ էթնիկական շարժառիթներով սպանությունները, այն էլ աննախադեպ զանգվածային բնույթ կրող սպանությունները, արդեն իսկ համարվել են միջազգային հանցագործություններ, փաստ է, որի հիմքում ընկած են պատմական այդ փուլում գործող միջազգային իրավունքի աղբյուրները։ Ուստի հարկ չկա ներքաշվել նոր, խրթին իրավական թնջուկների մեջ և անպայման ակնկալել, որ արդեն իսկ միջազգային հանրության համար միանգամայն ընկալելի, հնչեղություն ունեցող «Հայոց Եղեռն» եզրույթը փոխարինվի «ցեղասպանություն» եզրույթով։ Մտահոգվելու կարիք չկա, յուրաքանչյուր բանական մարդ «Հայոց Եղեռն» եզրույթը հենց ընկալում է, որպես «ցեղասպանություն», որն իրականացվել է հայության նկատմամբ 1915 թ.։

— Այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ ատելության խոսքը հարկ է համարժեք ընկալել, և այդ համատեքստում չպետք է ծայրահեղությունների մեջ ընկնել և անտեսել, որ թուրքերի մեջ ևս լինում են և եղել են բարի մարդիկ, որոնք օգնության ձեռք են մեկնել հայերին։ Արդյո՞ք այդպիսի դատավճիռներ կայացրած և դրա համար կյանքով հատուցած թուրք դատավորները ևս եղել են  այդ բարի թուրքերի շարքից։

-Եթե կգտնեք գեթ մեկ միամիտ մարդու, որ համոզված կլինի, որ այդ դատավճիռները թելադրված են եղել բարի կամքով, ապա ինքս կհամաձայնվեմ լինել երկրորդը։ Թուրքական քաղաքականության էությունը մակերեսային ընկալելու երևույթը բնավ նոր չէ, ավելին՝ այդ սարդոստայնի մեջ են հայտնվել անհամեմատ ավելի կայացած, խելամիտ, տաղանդավոր ու մեծ կենսափորձ ունեցող հայորդիներ։ Գրիգոր Զոհրապի նման մտավորականը մինչև վերջ համոզում էր հայությանը, որ պետք չէ զինվել, պաշտպանվելու անհրաժեշտություն երբեք չի լինի, քանի որ թուրքը միայն հայ ազգի բարօրությունն է տենչում։

Ինչ վերաբերում է 1919-20 թթ. դատավարություններին։ Իսկապես, ինչո՞ւ հանկարծ թուրքական դատական ատյաններն ընդամենը  մի քանի տարի անց որոշեցին իբր քաղաքակիրթ ու ազնիվ կեցվածք որդեգրել։ Հակիրճ թվարկենք պատճառները՝ ա) առնվազն չորս խոշոր տերություններ (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, Բրիտանիա) սպառնում էին ազգային դատավարություն չնախաձեռնելու դեպքում ստեղծել միջազգային դատավարություն, ինչն էլ ավելի կխայտառակեր Թուրքիային, բ) նոր իշխանության եկած քաղաքական ուժերը դատավարություններ էին նախաձեռնել նախկին իշխանության առաջնորդների նկատմամբ, և այդ համատեքստում նրանց նաև զանգվածային բնաջնջումների մեջ մեղադրելը ևս մտնում էր իրենց քաղաքական ծրագրերի մեջ, մանավանդ, որ Օսմանյան կայսրությունը կորցրել էր հսկայական տարածքների նկատմամբ իր իրական վերահսկողությունը, գ) ի սկզբանե հայտնի էր, որ այդ դատավորությունները միայն աչքակապության նպատակ ունեն և պատահական չէ, որ արդեն 1923 թ. հայտարարվեց համաներում և բոլորն ազատվեցին պատժի հետագա կրումից և այլն։

— Բայց համաներումը դեռ անձին արդարացման ցուցիչ չէ, այդ դեպքում ինչպես է, որ երիտթուրքերի առաջնորդները և Հայոց Եղեռնի համար դատավճիռներով անմիջական պատասխանատուներ ճանաչված անձինք հետագայում հերոսացվեցին, նրանց անուններով անվանակոչվել են քաղաքներ և այլն։

-Ինչը՞ խանգարեց Հեյդար Ալիևին, որպեսզի վեջինիս կողմից հերոսացվի քնած երիտասարդին նենգաբար կացնահարած Ռամիլ Սաֆարովը, որին հունգարական իշխանություններից կորզել էին բացառապես պատժի հետագա կրումը կազմակերպելու ակնհայտ կեղծ խոստումով։ Սա թուրքական քաղաքականության ոգին է, այն, իմ խորին համոզմամբ, չի փոխվել։ Ի դեպ, որևէ մեկի մտքով չանցավ Սաֆարովին դատական կարգով արդարացնել, դա անմիտ ձևականություն է իրենց պարագայում։ Ընդամենը ինքնաթիռից իջնելու պահին բարձրաձայն հրապարակեցին նախագահի ներման հրամանագիրը, զինվորական արտահերթ կոչում շնորհելու և բազում այլ այլ խրախուսանքների արժանացնելու հրամանները և՝ վերջ, նա արդեն կայացած «հերոս» էր։

— Ի՞նչ ապրումներ ունեք այս օրերին, երբ վերհիշում եք Հայոց Եղեռնի անմարդկային ծանր իրադարձությունները, կարո՞ղ եք ներել։

-Իսկ ո՞վ է ընդունել փաստը և ներողություն խնդրել։ Ինձ հաճախ են միջազգային տարբեր ատյանների բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Թուրքիայի ներկայիս վարչապետը (երբ ԵԽ վեհաժողովի նախագահն էր) ներկայացրել նկատառում, թե Ճապոնիան, օրինակ ներել է ԱՄՆ֊ին, հրեաները՝ գերմանացիներին և այլն, բայց հայությունը անհասկանալի համառություն է դրսևորում։ Ինձ համար ցավալի է, որ ճարահատյալ ամեն անգամ համբերատար պետք բացատրեմ պարզ ճշմարտություն առ այն, որ Թուրքիայի իշխանություններն անգամ չեն հարգում իրենց երկրի դատական ատյանների դատավճիռները, բայց վերացական խոսում են միայն պատմաբաններից կազմվելիք ինչ֊որ հաշտեցման հանձնաժողովներ ստեղծելու նկրտումների մասին։ Էլ ավելի ցավալի է, որ ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս գործիչներ, որոնք ոչ միայն «ըմբռնումով են» մոտենում այդ առաջարկություններին, այլև պատրաստակամություն են հայտնում լինել այդպիսի հանձնաժողովների ակտիվ անդամներ։

Միտքս ամփոփ կձևակերպեմ հայտնի կարգախոսով. «Հիշում եմ և պահանջում»։

Աղբյուր` Փաստինֆո

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)