Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մի քանի ուղիների մասին (04.08.2010)

«Հիմնախնդրի քաղաքականացման պատճառով ոչ Մինսկի խմբում, որտեղ շուրջ երկու տասնամյակ ընթանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, ոչ ՄԱԿ-ում և ոչ էլ միջազգային իրավասու մի այլ ատյանում մինչ օրս «Ղարաբաղյան հիմնախնդրի իրավական փաթեթ» չի ներկայացված». Ալեքսանդր Մանասյան, Ղարաբաղյան հակամարտություն (Իրավաքաղաքական փաստերի և փաստարկների նվազագույն փաթեթ), «Տիգրան Մեծ» հրտ., Երևան, 2008, էջ 6:

 

Հակամարտության խաղաղ կարգավորման նվազագույնը երեք ուղի գոյություն ունի

  1. Ղարաբաղյան հակամարտությունը իրականում հայությունը կարգավորել է, ԼՂՀ-ն ազատագրվել է բռնազավթումից և 70-ամյա գաղութային լծից:

Հիշեցնենք սակայն, որ 1960-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Գաղութային երկրներին ու ժողովուրդներին անհապաղ անկախություն տալու մասին» Հռչակագիր: «Գաղութատիրության փլուզումն սկսվեց Ասիայից: 1943-ից գաղութային լծից անկախություն ստացան Սիրան և Լիբանանը, 1945-ին գաղութատիրությունը տապալվեց Վիետնամում, հռչակվեց Ինդոնեզիայի անկախությունը… 1947-ին անկախություն նվաճեց Հնդկաստանը: Գաղութատիրությանն ուժեղ հարված հասցրեց չինական հեղափոխության հաղթանակը (1949): Ետպատերազմյան առաջին տասնամյակում սուվերեն պետություններ հռչակվեցին Հորդանանը (1946), Ֆիլիպինները (1946), Պակիստանը (1947), Բիրման (1948), Շրի Լանկան (1948), Լիբիան (1951), Կամբոջան (1953), Լաոսը (1953): 1952-ին Եգիպտոսն ազատագրվեց կիսագաղութային վիճակից: 1956-65-ին պետական անկախություն ստացավ Աֆրիկայի, Ասիայի, Օվկիանիայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 60 երկիր: 1959-ին հաղթանակեց հեղափոխությունը Կուբայում… 1974-ի ապրիլին դեմոկրատական հեղափոխությամբ տապալվեց ֆաշիստական վարչակարգը Պորտուգալիայում, սկիզբ դրվեց գաղութների (Գվինեա-Բիսաու, Մոզամբիկ, Անգոլա) անկախության հռչակմանը…»: Եվ դեռ ավելին` «Դեռևս գաղութային լծի տակ են 20 մլն մարդ` Բրիտանական կայսրության (ներառյալ Հարավային Ռոդեզիան), ֆրանսիայի և Իսպանիայի գաղութներում և կախյալ երկրներում»: (Հայկական Սովետական Հանրագիտարան, Հատոր 2, Երևան, 1976, էջ 670)

Ինչո՞ւ ենք այսքան մանրամասն ներկայացնում հանրագիտարանային այս տվյալները, որովհետև դրանք ավելի քան խոսուն են: Որովհետև ԼՂՀ-ն նույնպես ազատագրվել է գաղութային լծից, որ պարտադրվել էր իրեն Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ:

Ուստի, շատ բնական է, որ ԼՂՀ անկախության ճանաչման ուղիներից մեկը ՄԱԿ-ի Հոգաբարձուների խորհրդին դիմելն է, որը 1960-ական թթ. զբաղվում էր անկախություն ձեռք բերած ժողովուրդների խնդիրներով համաձայն` «Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն տալու մասին» ՄԱԿ-ի 1960-ին ընդունած Հռչակագրի, հաստատելու ԼՂՀ ազատագրումը գաղութային լծից և ճանաչելու ԼՂՀ անկախությունը, որը նա ձեռք է բերել Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիվ պատերազմում հաղթելու շնորհիվ: (Տես, «Декларация о предоставлении независимости колониальным странам и народам», Генеральная Ассамблея, 947-е пленарное заседание, 14 декабря 1960 года.)

  1. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներից մեկ ուրիշը նշում է Արա Պապյանը. «Հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920-ի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկն է, որով Ազգերի լիգայի

ն էր վերապահված հայ-ադրբեջանական սահմանազատումը: Ուստի, ՄԱԿ-ը՝ որպես Ազգերի լիգայի իրավահաջորդ, և մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես Գլխավոր դաշնակից ուժերի տեղապահ, պարտավորություն ունեն կենսագործել այդ սահմանազատումը՝ հիմք ընդունելով 1920թ. նոյեմբեր-դեկտեմբերի ազգային տեղաբաշխման տվյալները:

Ներկա ազգային տեղաբաշխումը չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման համար, քանզի այն առաջացել է Ադրբեջանի հանցավոր հայաթափման՝ էթնիկ զտման, քաղաքականության հետևանքով, իսկ հանցագործության հետևանքները չեն կարող առաջացնել իրավունքներ՝ Ex injuria non oritur jus»: (Տես, Արա Պապյան, Հայ-ադրբեջանական սահմանը (փորձաքննություն ըստ միջազգային իրավունքի,

 «Ուխտ Արարատի», թիվ 2 (16), նոյեմբեր – դեկտեմբեր, 2008, էջ 11):

Իսկ դա նշանակում է, որ երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որպես Ազգերի լիգայի Գլխավոր դաշնակից ուժերի տեղապահի իրավահաջորդ, ՀՀ համապատասխան հայցի դեպքում, իրականացնում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը` ըստ 1920 թ. նոյեմբեր-դեկտեմբերի ազգային տեղաբաշխման տվյալների, ապա ԼՂՀ-ն (ի դեպ, տարածքային ամբողջականությամբ հանդերձ) ընդգրկվում է ՀՀ-ի կազմ և, ըստ այդմ, անիմաստ է դառնում ԼՂՀ հակամարտության քաղաքական քննարկումները միջազգային ատյաններում: (Տես, «Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն տալու մասին» ՄԱԿ-ի 1960-ին ընդունած Հռչակագրի 4-ից 7-րդ հոդվածները)

Հնարավոր է, այս տարբերակը լավագույնն է, որովհետև այս դեպքում քննության առարկա է դառնում նաև բռնազավթված ու հայաթափված Նախիջևանի խնդիրը:

  1. Նախորդ հրապարակումներում արդեն նշել ենք, որ աշխարհում չկա մի հակամարտություն, որի կարգավորման իրավական տարբերակը գոյություն չունենա: Դրանցից մեկն էլ հակամարտությունների խաղաղ կարգավորման միջազգային ընդունված կարգն ու համաձայնությունն է, որ կոչվում է` «Միջազգային բախումների խաղաղ լուծման մասին» Կոնվենցիա, Հաագա, 18 հոկտեմբերի 1907 թ.: (Տես, «Конвенция о мирном рещении международных столкновений», Гаага, 18 октября 1907 года.)

Կոնվենցիան հակամարտության խաղաղ կարգավորման համար նախատեսում է գործողությունների երեք հաջորդական քայլեր և փուլեր.

ա) Առաջին փուլում, համաձայն Կոնվենցիայի 2-րդ բաժնի 2-րդ հոդվածի պահանջի, հակամարտող կողմերը պետք է օգտվեն մեկ կամ մեկից ավելի բարեկամ երկրների միջնորդական առաքելության ծառայություններից: Համաձայն Կոնվենցիայի 2-րդ բաժնի 5-րդ հոդվածի պահանջի` միջնորդական առաքելությունը համարվում է ավարտված այն պահից, երբ հակամարտող կողմերից մեկը կամ միջնորդը համոզվում է, որ հաշտության առաջարկները չեն ընդունվում հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից:

բ) Երկրորդ փուլում, համաձայն Կոնվենցիայի 3-րդ բաժնի 9-րդ հոդվածի, ստեղծվում է հակամարտության պատճառները հետաքննող հանձնաժողով, որն անցկացնում է հակամարտության պատճառների անաչառ ու բարեխիղճ հետաքննություն և իր առաջարկություններն է ներկայացնում հակամարտող կողմերին: Եթե հետաքննող հանձնաժողովի առաջարկները նույնպես չեն ընդունվում հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից, ապա հարցը տեղափոխվում է հաջորդ փուլ:

գ) Երրորդ փուլում, համաձայն Կոնվենցիայի 4-րդ բաժնի 2-րդ գլխի 41-րդ հոդվածի, հարցը ներկայացվում է հատուկ այդ խնդրի համար ստեղծվող միջնորդական դատարան, որի որոշումներն արդեն պարտադիր են հակամարտող կողմերի համար:

Ակնհայտ է, որ Մինսկի խմբի միջնորդական առաքելության ձևաչափը, համաձայն այս Կոնվենցիայի, դրույթների սպառել է իրեն, որովհետև շուրջ 18 տարի է ինչ նրա առաջարկները չեն ընդունվում հակամարտության կողմերից մեկի, հիմնականում` Ադրբեջանի կողմից, որը չի հաշտվում այն իրողության հետ, թե ԼՂՀ-ն գաղութային լծից այլևս ազատագրված է: Ուստի, Մինսկի խումբը պետք է լուծարվի և որպես Կոնվենցիայի համապատասխան դրույթի ու պահանջի երկրորդ քայլ` ստեղծվի հակամարտության պատճառների անկողմնակալ և անաչառ հետաքննություն անցկացնող Միջազգային քննիչ հանձնաժողով:

Վերոհիշյալ բոլոր երեք տարբերակները գործողության մեջ դրվելու իրավունք ունեն և արդյունավետ կարող են, մանավանդ երբ հաշվի առնենք երկու կարևոր հանգամանք.

ա) Ինչպես նշում է Արա Պապյանը. «Կարիք չկա հարցը լուսաբանել հանգամանալից, քանի որ հանրահայտ իրողություն է, որ Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ենթակայության ներքո Արցախը հայտնվել է կուսակցական մարմնի` այն է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ: Ակնհայտ է, որ և՛ ներպետական, և՛ միջազգային իրավունքի տեսանկյունից այս որոշումն անօրինական է և անվավեր, քանի որ ցանկացած մարմին կարող է որոշումներ կայացնել միմիայն այն հարցերի վերաբերյալ, որոնց համար կառույցն ունի համապատասխան լիազորություններ»: (Տես, Արա Պապյան, Հայ-ադրբեջանական սահմանը (փորձաքննություն ըստ միջազգային իրավունքի, «Ուխտ Արարատ», թիվ 2 (16), նոյեմբեր – դեկտեմբեր, 2008, էջ 7)

բ) Ալեքսանդր Մանասյանը շեշտելով, որ ԼՂՀ-ն երբեք մաս չի կազմել Ադրբեջանի անկախ Հանրապետության` հաստատում է. «Գոյություն չունի որևէ իրավական փաստարկ, որևէ իրավական փաստաթուղթ, որով մերօրյա Ադրբեջանական Հանրապետությունը կարող էր հիմնավորել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր հավակնությունները: Չկա միջազգային իրավունքի որևէ նորմ, ԼՂ վերաբերյալ որևէ պայմանագիր կամ ԽՍՀՄ օրենք, որը կասկածի տակ դներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման լեգիտիմությունը: Միջազգային իրավունքի տեսակետից ԼՂՀ կայացումը անբասիր է»: (Տես, Ալեքսանդր Մանասյան, Ղարաբաղյան հակամարտություն (Իրավաքաղաքական փաստերի և փաստարկների նվազագույն փաթեթ), «Տիգրան Մեծ» հրտ., Երևան, 2008, էջ 3)

Ինչը նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն` միանգամայն իրագործելի խնդիր է: Եվ բոլոր նրանք, ովքեր կամ չեն ցանկանում խաղաղ միջոցներով կարգավորել հակամարտությունը, կամ շրջանցում են դրա իրավական կարգավորման միջոցները` իրականում հրահրում են նոր պատերազմ և ցեղասպանություն…

Եզրակացություն: Ավելորդ չէ նշել, որ Ղարաբաղյան հակամարտության քննարկումները այլ ձևաչափերում, այդ թվում և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, անօրինական գործողություններ են, որովհետև ինչպես արդեն նշվեց, միջազգային իրավահարաբերություններում գոյություն ունեն հակամարտության խաղաղ կարգավորման, նվազագույնը, ներկայացված այս երեք ձևաչափերն ու տարբերակները, որոնցով տվյալ դեպքում կարող են և պարտավոր են առաջնորդվել և՛ հակամարտող կողմերը, և՛ միջնորդները…

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն 

 

04.08.2010

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)