Հարվածի գլխավոր ուղղությունը` ՀՀ ԱԺ ընտրություններ (Խմբագրական «Ուխտ Արարատի», թիվ 1 (12), մարտ – ապրիլ, 2007, էջ 1-5)

Տարօրինակ է այն, որ Հայաստանի Հանրապետության ոչ իշխանություններին, ոչ էլ ընդդիմադիր կուսակցություններին (գոնե այդպիսին է առաջին տպավորությունը) չի անհանգստացնում տարածաշրջանում ուրվագծվող այն սցենարը, որն ի հայտ է գալիս Իսրայել – Լիբանան պատերազմի, իրաքյան փորձառության, ԱՄՆ – Իրան առաջիկա պատերազմի, Ղրիմը Թուրքիային հանձնելու ուկրաինական այս նոր գունավոր հեղափոխական քաոսի բուն տրամաբանությամբ: Այն, որպես Իսրայել – ԱՄՆ – Անգլիա եռանկյան աշխարհաքաղաքական ագրեսիվ նկրտումներ, բաց տեքստով ներկայացրել է Ռալֆ Պիտերսը 2006-ի օգոստոսին, ամերիկյան «Զինված ուժերի հանդես»-ում տպագրված հոդվածում եւ կից քարտեզներում:

Հրապարակմանը հաջորդող ամիսների ռազմաքաղաքական զարգացումները գալիս են կրկին հաստատելու, որ Եվրոմիություն – Իսրայել – ԱՄՆ ալյանսը ավելի քան վճռական է (հիմա էլ Մերձավոր Արեւելքը, ամբողջ Հայկական Լեռնաշխարհն ու Հարավային Կովկասը համաշխարհային նոր պատերազմի սկզբնառու թատերաբեմ սարքելու ճանապարհով) համաշխարհային միաբեւեռ գերտերություն ստեղծելու այս վերջին հուսահատ քայլը նույնպես փորձարկելու խնդրում:

Մտահոգող է այն, որ մեր ազգային-պետական մտածողությունը առ այսօր, չգիտես ինչո՞ւ (ըստ մեկ ընդհանուր նպատակային տրամաբանության), համեմատական վերլուծություն չի արել, չի փորձել պարզել հայերի 1915-1923թթ. ցեղասպանության հրահրման, կազմակերպման եւ իրագործման ու 1921թ. մարտի 16-ի ՌՍՖՍՌ – քեմալական (ոչ օրինական) Թուրքիայի (Անկարայի) միջեւ կնքված Ռուս – թուրքական բարեկամության պայմանագրի ու այն Արեւմուտքի կողմից հաստատագրող Լոզանում (1922թ. նոյեմբերի 20-ից 1923թ-ի հուլիսի 24-ը) կայացած կոնֆերանսի արդյունքում կնքված հաշտության երկկողմ (մի կողմից Օսմանյան (օրինական) Թուրքիայի (Ստամբուլի) եւ մյուս կողմից Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Ռումինիայի, եւ Հարավսլավիայի միջեւ) պայմանագրի դրդապատճառները, դրանց մոտիվներն ու աշխարհաքաղաքական ակնկալիքները:

Այսօր ոչ պակաս մտահոգիչ է նաեւ այն, որ անհրաժեշտ էր Մոսկվայի ու Լոզանի պայմանագրերի համատեքստում, ըստ հայությանը, ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին 1991-ից առ այսօր եւ առաջիկայում սպառնացող վտանգների ու մարտահրավերների, քննության առնել նաեւ 1) 2-ը փետրվարի 1920թ. ՌՍՖՍՌ – էստոնիայի միջեւ խաղաղության պայմանագիրը, 2) 6-ը ապրիլի 1920թ. Հեռավոր Արեւելյան Հանրապետության հռչակման ճանապարհով Ռուսաստանը կիսելու իրողությունը, 3) 12-ը հուլիսի 1920թ. ՌՍՖՍՌ – Լիտվայի եւ 4) 11-ը օգոստոսի 1920թ. ՌՍՖՍՌ – Լատվիայի միջեւ կնքված Խաղաղության պայմանագրերը, 5) 30-ը սեպտեմբերի 1920թ. ՌՍՖՍՌ – Ադրբեջանական ՍՍՀ-ի միջեւ Միութենական պայմանագիրը, 6) 26-ը փետրվարի 1921թ. ՌՍՖՍՌ – Պարսկաստան եւ 7) 28-ը փետրվարի 1921թ. ՌՍՖՍՌ – Աֆղանստան պայմանագրերի, 8) 18-ը մարտի 1921թ. ՌՍՖՍՌ – Լեհաստանի միջեւ Ռիգայում կնքված հաշտության պայմանագիրը, ինչպես եւ 9) 12-ը մարտի 1922թ. Անդրկովկասյան Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության ստեղծման եւ 10) 3-ը ապրիլի 1922թ. Տրոցկու փոխարեն Ստալինին ՌԿ(բ)Կ Կենտկոմի Գլխավոր քարտուղար ընտրելու իրողությունները, ըստ այդմ՝ 11) 13-ը դեկտեմբերի 1922թ. Անդրկովկասյան Սովետական Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության ստեղծման ու 12) 30-ը դեկտեմբերի 1922թ. ՍՍՀՄ-ի ստեղծման իրողությունը, նաեւ 13) 1936թ. համաձայն ՍՍՀՄ նոր Սահմանադրության Անդրֆեդերացիայի լուծարման ու Վրացական ՍՍՀ-ի, Ադրբեջանական ՍՍՀ-ի ու Հայկական ՍՍՀ-ի ձեւավորման ժամանակ հայկական Նախիջեւանն ու Արցախը Ադրբեջանի, իսկ Ջավախքը Վրաստանի կազմում թողնելուն իր վճռական անհամաձայնությունը հայտնած Աղասի Խանջյանին Թբիլիսիում (Անդրֆեդերացիայի կենտրոնում) սպանելու փաստը, 14) Ղրիմը Հրեական ինքնավար մարզ դարձնելու Իսրայելի նորաստեղծ պետության 1948թ. պաշտոնական խնդրանքը ՍՍՀՄ արտաքին անվտանգության տեսանկյունից Ստալինի կողմից մերժելու փաստը (այն հիմնավորմամբ, որ այն կվերածվի ՍՍՀՄ-ի փորի տակ գտնվող ամերիկյան անխորտակելի ականակիր հածանավի) եւ 15) 1953թ. հուլիսի 26-ից նախապատրաստվող «Կարիբյան»՝ 1959-61թթ., ճգնաժամից (ասել է թե Համաշխարհային Երրորդ՝ ատոմային պատերազմից) տարիներ առաջ՝ 1954թ. փետրվարի 19-ին ռուսական Ղրիմը Ուկրաինային տալու աշխարհաքաղաքական հեռահար տրամաբանությունը:

Պատմաքաղաքական քննության արդյունքում պարզվում է, որ եթե 1880-ականներից մինչեւ 1917թ. Հայաստանն ու հայությունը աշխարհի մի շարք երկրների (այդ թվում, օրինակ, Իսպանիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Աֆղանստանի եւ այլնի) հետ «խանգարում էին» Մեծ Բրիտանիայի թագավորությանը համաշխարհային կայսրություն դառնալու հարցում, իսկ 1918-23թթ. ցեղասպանությունից փրկված հայությունն ու Արեւելյան Հայաստանը «խանգարել սկսեցին» համաշխարհային պրոլետարիատին՝ համաշխարհային հեղափոխության, դիկտատուրայի ստեղծման ու կոմունիզմին հասնելու հարցերում, ապա 1985-ից արդեն ՀՀ-ն, ԼՂՀ-ն եւ հայությունը «խանգարում են» համաշխարհային կապիտալիզմին՝ գլոբալիզմի ու համաշխարհային ինտեգրացիոն միաբեւեռ ժողովրդավարության ստեղծման «պատմական» գործընթացին: Խնդիր, որը ինչպես երեւում է ՀՀ-ի կողմից 1990թ. առ այսօր վարած արտաքին քաղաքականությունից, զանց է առնվել թե ՀՀ գործադիրի եւ թե օրենսդիրի կողմից:

Այդ են վկայում, օրինակ, ՀՀ-ի կողմից առանց նախապայմանների Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանները բացելու, դիվանագիտական, առեւտրական եւ այլ հարաբերություններ հաստատելու մշտառկա պատրաստակամության մասին արվող հավաստումները. այն էլ, իբրեւ թե հանուն ՀՀ շրջափակման վերացման, նաեւ տարածաշրջանում խաղաղության ու տրանսպորտային հաղորդակցության վերակագնման ու առեւտրային համագործակցության հաստատման: Կարելի է կարծել, թե 1) ՀՀ տնտեսության սույն ցավալի իրողության բուն պատճառը հենց միայն Ադրբեջանի հետ առեւտուր չանելն է, կամ էլ՝ 2) սահմանների փակ լինելն էր պատճառը, որ Ադրբեջանը Սումգայիթով պատասխանեց ԼՂԻՄ մարզխորհրդի 1988-ի որոշմանը, 1991-ից լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց ԼՂՀ-ի ու ՀՀ-ի դեմ, իսկ պարտությունից տարիներ անց՝ առ այսօր, պետական մակարդակով շարունակում է սպառնալ նոր պատերազմով, կամ էլ՝ 3) 1918-21թթ. առ այսօր հայ-թուրքական սահմանի փակ լինելն է 1991-ից առկա ՀՀ շրջափակման բուն պատճառը (Վրաստանի կողմից ՀՀ-ի երկաթուղային շրջափակման), որից իբրեւ թե ուզում են փրկել մեզ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու միջոցով, անտեսելով, անշուշտ, հենց միայն Հայաստանի համար Աբխազիայով անցնող երկաթուղին փակ պահող Վրաստանի կողմից իրականացվող շրջափակման իրողությունը. խնդիր, որը ԱՄՆ եւ ԵՄ քաղաքականության հետ միասին առ այսօր լռության է մատնում նաեւ ՀՀ արտաքին քաղաքականությունը: Հարց է ծագում, ինչո՞ւ …

Այն դեպքում, երբ ինքնախաբեությունից զուրկ եզրահանգումները գալիս են հաստատելու, որ 1985թ. (վերակառուցման անվան տակ) Արեւմուտքի կողմից իրագործման է դրվել 1918-23թթ. Ռուսաստանի, Կովկասի, Հայկական Լեռնաշխարհի, Միջին Ասիայի ու Մերձավոր Արեւելքի տարածքներում բոլոր կիսատ թողած «գործերը» նորովի ու նոր ռազմաքաղաքական եւ այլ տեխնոլոգիաներով ծրագրային ավարտին բերելու հրեշավոր խնդիրը:

Արեւմուտքի կողմից ծրագրված այս նոր Մեծ Խառնակությունը, որն իրագործվելու է Արեւելքի երկրների մասնատումների, հակամարտ լարվածությունների նոր օջախների ստեղծման ճանապարհով, թելադրված է «վաղվա աշխարհը» մեկ կենտրոնից կառավարելու ցանկությամբ: Ռուսաստանի Դաշնությունը վերստին փորձելու են պարզապես մասնատել: ՀՀ-ին ու ԼՂՀ-ին, ըստ արեւմտյան՝ դեռեւս 1902թ. եկող ծրագրի, սպառնում է չգոյությունը: Ասել է թե՝ առկա է, նորովի (միջազգային տեռորիզմի տակ անցկացվող նոր մեթոդներով ու տեխնոլոգիաներով) Հայության նկատմամբ անցյալում կիսատ թողած ցեղասպանությունը առաջիկայում ավարտին հասցնելու հեռանկարը: Միաբեւեռության ձգտող Արեւմուտքը փորձում է իրագործել այն, ինչը նրան չհաջողվեց 1918-23թթ., ինչպես նաեւ հայտնի պատճառներով արգելափակվեց 1923-ից մինչեւ 1985-ը:

Ամեն մի հանցագործություն կրկնվում է, քանի դեռ չի դատապարտվել ոչ միայն հանցագործություն կատարողը, այլեւ հանցագործությունը ծրագրողը, այն քարոզողն ու հրահրողը: Անցյալ դարասկզբի առաջին ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ պետականորեն կազմակերպված ու 1915-23թթ. իրագործված հանցագործություն, չէր լինի, եթե հենց 1902թ. Գերմանիայի դատարաններից որեւէ մեկում պատասխանատվության կանչվեր գերմանահպատակ Պաուլ Ռորբախը. Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող այլ տարածքներում պետության կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրագործելու գաղափարը (նաեւ այն իրագործելու կազմակերպչական ամբողջ ընթացքը վերլուծական հաշվարկներով մանրամասնող տվյալներով) հրապարակավ ներկայացնելու, ինչպես եւ քարոզչություն անելու համար: Չէին լինի նաեւ ցեղասպանության ենթակված ժողովրդի Երկիրն ու Ազգային Հարստությունը հանցագործի կողմից զավթելն ու սեփականացնելը միջազգայնորեն «դե ֆակտո» արդարացնել եւ «դե յուրե» օրինականացնել փորձող 1921թ. մարտի 16-ի Ռուս-թուրքական եւ 1923թ. Լոզանի պայմանագրերը, եթե ժամանակին, հենց 1919թ. Անգլիայում եւ 1921թ. ՌՍՀՍՌ-ում, հայերին բնաջնջելու՝ ցեղասպանությունը Արեւելյան Հայաստանում ավարտին հասցնելու հրապարակային, բացահայտ քարոզչության ու հրահրման մեղադրանքով, մեղադրյալի աթոռին նստեին ու պատասխանատվության ենթարկվեին Լոուրենա Արաբացին եւ Լեւ Տրոցկին: Հայտնի է` պատասխանատվություն չկրած յուրաքանչյուր հանցագործ ծնում է իր հետնորդին: Ուստի, ամենեւին էլ անսպասելի չէր, որ Ռորբախին, Արաբացուն, Տրոցկուն, ինչպես եւ Հիտլերի ու Պոլպոտի գաղափարախոսներին հիմա էլ ԱՄՆ-ում փոխարինելու է եկել ոմն Ռալֆ Պիտերս:

Մեզ համար, արեւմտյան անթաքույց լկտիության դրսեւորումներով ընթացան 2003-2006թթ., որպես հենց այդ ծրագրի իրագործումը նախապատրաստող (առաջիկա դեպքերի եւ գործընթացների նկատմամբ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն միջազգային եւ ներպետական իրավական առումներով անպաշտպանվածության բերելու) շրջան: Դրա վերջին «վառ» դրսեւորումներից են, օրինակ, 2005թ., ընդդեմ համաժողովրդական կամքի (2003թ. ու 2005թ. համաժողովրդական հանրաքվեով մերժված) Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ՀՀ-ում արգելող, ՀՀ ամբողջ իշխանությունը ժողովրդից խլող եւ պետապարատի յուրացմանը տվող, ՀՀ-ն կոռուպցիայի ու հանցագործ աշխարհի երկիր դառնալուն ծառայող, ՀՀ նոր Սահմանադրության նախագիծն ու Երկքաղաքացիության մասին ՀՀ Օրենքը:

Իսկ նախապատրաստական փուլը ընթացել է ոչ միայն օրենսդրական-սահմանադրական ներխուժումների, այլեւ, այսպես կոչված, միջազգային ահաբեկչության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ազգային-պետական անվտանգության հարցում պետական կառույցների ոչ գործուն վիճակի բերելու միջոցով:

 ՀՀ իշխանություններին այսօր չի անհանգստացնում անգամ այն, որ 1. ԱՄՆ-ը, չգիտես ինչո՞ւ եւ հանուն ինչի՞, պատրաստ է կետային միջուկային հարվածներ հասցնել Իրանին, որի ողբերգական հետեւանքները իրենց վրա անպայմանորեն զգալու են տարածաշրջանի բոլոր երկրները անխտիր: 2. Վրաստանում արագորեն կառուցվում են շուրջ 150 հիվանդանոցներ, ո՞ւմ համար, ո՞ր դեպքերի համար: 3. Արցախն ու Նախիջեւանը, գոնե քարտեզում, տեղադրվում են ուռճածված, նորաստեղծ նոր ադրբեջանական պետության կազմում: 4. Քուրդիստան պետություն ստեղծելու առաջին քայլը փորձում են կատարել Արեւմտյան Հայաստանի տարածքում:

ՀՀ իշխանությունները հիմա էլ հույսները դրել են թուրքերի վրա ու երեւի կարծում են, թե Թուրքիան թույլ չի տա քրդական պետության ստեղծում, ըստ այդմ, ի դեպ, անուշադրության մատնելով Ուկրաինայում ընթացող դեպքերը: Քանզի, ըստ աշխահաքաղաքական իրենց նախագծումների նոր տրամաբանության՝ Արեւմուտքը, Թուրքիային ընձեռում է Հյուսիսով` պանթուրքիզմի ճանապարհով, ընթանալու հնարավորություն, Հարավը թողնելով քրդերին, ադրբեջանցիներին: Վաղը մենք չենք զարմանա, եթե նախագահ Յուշչենկոն Ղրիմը փորձի հանձնել թուրքերին՝ ի կատարումն Ղրիմի թաթարների պահանջի եւ համաձայն Ուկրաինայի սահմանադրության տեղական կառավարման օրենքի կետի:

Իրականում շաբաթների, գուցե ամիսների հարց է համաշխարհային ռազմաքաղաքական այս նոր` մեծ աղետի սկզբնավորումը, որի ընթացքում, ի շարս այլ երկրների ու ժողովուրդների, կրկին Մեծ վտանգի տակ է հայտվելու հայությունն իր երկու պետությունների եւ Ջավախքի հատվածով: Չգիտակցել այս ամենը ու ընթանալ դեպքերի հետեւից ուղղակի աններելի ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլեւ յուրաքանչյուր հայի ու ՀՀ յուրաքանչյուր հասարակական ու քաղաքական կառույցի համար:

Իսկ Արեւմուտքին, ինչպես Եվրո-ամերիկյան միսիոներներն են պահանջում, անհրաժեշտ է մի բան` ընտրությունները լինեն լեգիտիմ: Ուշադրություն դարձրեք, ոչ թե ժողովրդավարական այլ «լեգիտիմ». այն դեպքում, երբ լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ կարող են լինել միայն իշխանությունները, տվյալ դեպքում Ազգային Ժողովը եւ ոչ երբեք այն ձեւավորող ընտրությունները: Եվրո «հեղինակավոր» բարձրաստիճան պաշտոնյաների սույն «անգրագիտությունը» խորքային հարցադրում եւ լուրջ սպառնալիք է պարունակում: Իրողություն, որն ինքնին պետք է զգոնացներ ինքնամոռաց ընտրաշոուի մեջ նետված կուսակցությունների գոնե վերնախավին:

Քանզի Արեւմուտքը, առաջնահերթորեն ԵՄ-ն, ժողովրդի կողմից կրկնակի (2003թ. եւ 2005թ.) մերժված ՀՀ սահմանադրության իրողությունում անհանգստանալու լուրջ հիմքեր ունի, ուստի, իր այս դիտորդական եվրոդեսանտի աննախադեպ ներխուժումով վերջին ճիգերն է գործադրում ՀՀ սահմանադրության ոչ լեգիտիմությունը ինչ-որ կերպ ծածկելու, ասել է թե՝ «լեգիտիմ ընտրությունների» միջոցով առաջիկայում ՀՀ ԱԺ-ին պարտադրվող հակապետական օրենքները օրինականացնելու ակնկալիքով: Մոռանալով, անուշտ, ՀՀ Մայր Օրենքի՝ Հայաստանի Անկախության Հռչակագրի մասին, նաեւ այն մասին, որ 2005թ. սահմանադրության ոչ լեգիտիմությունից (միջազգային իրավական կարգով անգամ) հետեւում է, որ գործող է մնում 1995թ. ՀՀ սահմանադրությունը:

Փաստ է` Արեւմուտքը մեծ ջանք է դնում, որպեսզի իր սցենարով ու կազմով ձեւավորելիք ՀՀ նորընտիր Աժ-ը, հենց միայն Արեւմուտքի համար ու նրա պահանջով, շարունակի գնալ իր նախորդի կողմից հարթված ազգային-պետական խոտոր ճանապարհով: Հարց է. կկարողանա՞, կհաջողի՞ արդյոք Արեւմուտքը: Կհաջողի, եթե թույլ տանք…

Երրորդը չի տրված

Ինչ ունենք այսօր: 1988-1991թթ. ազգային զարթոնքի օրերից որպես անօտարելի ձեռքբերում ունենք՝

Ա. 1988թ. նոյեմբերի 22-ին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից ընդունված ՕԵՆՔԸ Օսմանյան Թուրքիայում 1915թ. հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:

Բ. 1989թ. դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի եւ Լեռնայի Ղարաբաղի Ազգային Խորհրդի համատեղ ընդունված պատմական ՈՐՈՇՈՒՄԸ, որը հիմնվելով ազգերի ինքորոշման համամարդկային սկզբունքների վրա եւ արձագանքելով բռնի ուժով բաժանված հայ ժողովրդի երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը ՀՌՉԱԿԵՑ Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնայի Ղարաբաղի վերամիավորումը:

Գ. 1990թ. մայիսի 21-ը. վերամիավորված (ԼՂ-ն ներառած) Հայկ. ԽՍՀ Գեր. Խորհրդի ընտրությունները: Որտեղ, համաձայն միացյալ Հայկ. ԽՍՀ Գեր. Խորհրդի ընտրական օրենքի, ԼՂ ընտրական օկրուգներում ընտրված 14 դեպուտատները՝ Քոչարյան Ռոբերտը, Աղաջանյան Ռոլեսը, Պետրոսյան Ռազմիկը, Մանուչարով Արկադին, Սարգսյան Սերժիկը, Պետրոսյան Գեորգին, Գրիգորյան Համլետը, Ղուկասյան Էդիկը, Շիրինյան Վիգենը, Իշխանյան Զավենը, Աթանեսյան Վահրամը, Առուշանյան Սլավիկը, Բախշյան Մանֆրեդը եւ Բաղյան Գրիշան ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համահավաք կամքը:

Դ. 1990թ. օգոստոսի 23-ը. երբ Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդը ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՎ Հայաստանի (վերամիավորված Հայկ. ԽՍՀ եւ ԼՂ) ժողովրդի միասնական կամքը, ԳԻՏԱԿՑԵԼՈՎ իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ՀԻՄՆՎԵԼՈՎ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի <<Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին>> Հայկական ԽՍՀ Գեր. Խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի համատեղ որոշման վրա, Հռչակելով Անկախ Պետականության հաստատման գործընթացի սկիզբը, ընդունեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ:

Ե. 1991թ. հունվար – 1994թ. մայիսի 11. Արդբեջանի կողմից սանձազերված զավթողական պատերազմ: Սկսեցինք Արցախի ու արցախահայության լինել չլինելու վճռական գոյապայքարով, Հայրենիքի ու Հող Հայրենյացի հերոսական պաշտպանությունով, ավարտեցինք Հայկական Արցախի մասնակի՝ ոչ ամբողջական ազատագրումով:

Զ. 1991թ. սեպտեմբերի 2-ը. Լեռնայի Ղարաբաղի Անկախության գործընթացի ավարտի ճշգրտումը, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղը բնական եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան համարելով Հայ ժողովրդի վերամիավորման ձգտումը, հաշվի առնելով իրավիճակի բարդությունն ու հակասականությունը, վստահելով փոխզիջումների մասին միջազգային հորդորներին, որպես առաջին զիջում Հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. որպես Ազատ, Անկախ եւ Ինքնիշխան պետություն:

Է. 1991թ. սեպտեմբերի 21-ը. Հայաստանի Հանրապետության Անկախության գործընթացի ավարտը, երբ համաժողովրդական հանրաքվեն ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ հաստագրեց` որպես Հայաստանի Հանրապետության ՄԱՅՐ ՕՐԵՆՔ:

Ը. 1991թ. դեկտեմբերի 10-ը. ԼՂՀ Անկախության Հանրաքվեն, ուր ԼՂՀ ժողովրդը իր համահավաք կամքի դրսեւորումով, վավերացրեց 23 օգոստոսի 1990թ. ՀՀ Գեր. Խորհրդի կողմից ընդունված Հայաստանի Անկախության Հռչակագիրը, նաեւ համաձայն 2 սեպտեմբերի 1991թ. որոշման, ԼՂՀ Անկախության գործընթացը ավարտեց, որպես ԼՂՀ Մայր Օրենք հաստատագրելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պետական Անկախության մասին Հռչակագիրը. դա, համաձայն հանրաքվեի արդյունքների, ԼՂՀ Գեր. Խորհրդի կողմից հաստատվեց 1992թ. հունվարի 6-ին:

Թ. 1994թ. մայիսի 11-ը. ՀԱՂԹԱՆԱԿ, եւ անժամկետ հրադադարով պահպանվող ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, որպես ի կատարում հանուն խաղաղության արվող «փոխզիջումների» հորդորների հաղթողի՝ ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի կողմից երկրորդ (կրկին միակողմանի) զիջման արդյունք: Ասել է թե` վստահելով միջազգային կառույցներին, անխոհեմաբար խախտեցինք պատերազմը ավարտին հասցնելու եւ հաղթանակը ամրագրելու դասական (միջազգային հանրության կողմից ճանաչվող) միակ օրենքը, ըստ որի, մեր առաջարկով կամ սեփական նախաձեռնությամբ Ադրբեջանի կողմից իր պարտությունը ճանաչելուց եւ հանձնվելուց հետո է, միայն որ պետք է համաձայնեինք հրադադարին, որից հետո, միջազգային կարգով ամրագրելով մեր հաղթանակը, պետք է նախաձեռնեինք պատերազմի ավարտն ու ետպատերազմյա խաղաղությունը միջազգային նորմերով կարգավորելու գործընթացը: Հայոց մեծահոգության ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԽԱԼ, որից այսօր օգտվում են Հայոց Հայրենիքի պատկանելիությունը վիճարկել փորձող Ադրբեջանն ու Թուրքիան, երբեմն էլ կասկածելի հեղինակության միջազգային որոշ կառույցներ:

Ժամանակին եվրոամերիկյան քաղաքականությունը չուզեց հաշտվել ԼՂՀ-ն ՀՀ-ի հետ փաստացի եւ իրավականորեն միացյալ լինելու 1989–91թթ. 2-ամյա իրողության հետ: Հիմա էլ (իր համար պատերազմի անսպասելի ելքից հետո) չի ուզում հաշտվել ԼՂՀ-ի 16-ամյա փաստացի եւ իրավական անկախության հետ: Սա արդեն սեփական ցանկությունը բացահայտ չասելու պարզունակ կամակորություն չէ, այլ հենց միայն ՀՀ եւ ԼՂՀ ժողովրդի դեմ ուղղված ծարագույն հանցագործության միջազգային-դիվանագիտական հրահրում:

Համբերությունն էլ սահման ունի. առավել եւս երբ այն ընթանում է մի աբողջ ժողովրդի կյանքի ու կենսագործունեության բնականոն ռիթմի խաթարման հաշվին: Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման փոխզիջումային տարբերակը, որպես ՀՀ եւ ԼՂՀ միակողմանի արված փաստացի զիջումների գործընթաց, հայոց համար ավարտված է:

Երրորդը չի տրված: Արեւմուտքը, եթե նա իրոք ժողովրդավար է ու իրապես ձգտում է աշխարհի խաղաղ համակեցության, կամ պետք է ճանաչի (նաեւ միջազգային հանրության հետ միասին երաշխավորի) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1991-2007թթ. «դե ֆակտո» եւ «դե յուրե» անկախությունը, կամ էլ ճանաչելով ԼՂ եւ ՀՀ 1989-91թթ. «դե ֆակտո» եւ «դե յուրե» միացյալ լինելը, առաջարկի ԼՂՀ-ին ու ՀՀ-ին համատեղ քննարկել կրկին վերամիավորվելու առկա հնարավորությունը (կանխավ երաշխավորելով այն միջազգային հանրության կողմից ճանաչելու եւ տարածաշրջանում առկա խաղաղությունը պահպանելու իր վճռականությունը):

Միակ զիջումը կարող է լինել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ԼՂՀ-ին եւ ՀՀ-ին պատճառած նյութական եւ ոչ նյութական վնասների հատուցումից հրաժարվելը. այն էլ՝ միջազգայնորեն միակողմանի, քանզի պատերազմ սանձազերծողը չի կարող ակնկալել վնասի հատուցում:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)