ԱՄՆ-ն ու Եվրոպան կրկնում են Ռուսաստանի ճակատագրական սխալը Արցախի հարցում

Մյուս կողմից, անդրադարձը Արցախի ընտրություններին հասկանալի է այն տեսանկյունից, որ Արցախի խնդիրը, ինչպես ասել է Լավրովը Արցախի ճանաչման հարցին ի պատասխան, բարդ աշխարհքաղաքական խնդիր է: Եվ իսկապես, հետսառըպատերազմյան կոնֆլիկտները «կարգավորվեցին» բավական պարզ սխեմայով՝ Ռուսաստանն օրինակ ճանաչեց եւ փաստացի աբսորբացրեց Աբխազիան ու Հարավային Օսիան, Եվրամիությունը ճանաչեց Կոսովոն: Արցախը չի մտնում այս սխեմաների մեջ, միեւնույն ժամանակ խնդիրն իր նշանակությամբ գտնվում է նոր աշխարհակարգի կարգավորումների մակարդակում:

Մյուս կողմից, հենց այս հանգամանքները նկատի առնելով, Արեւմուտքի դիրորոշման մասով առաջանում են հարցեր: Համանախագահները պարբերաբար հանդիպում են «Արցախի դե ֆակտո ընտրված ներկայացուցիչների» հետ, եւ նշվում է, որ «կարգավորման ինչ որ փուլում» Արցախը պետք է միանա բանակցությանը: Այս դեպքում, որոշումների կայացման լեգիտիմությունը կարող է  ապահովվել «Արցախի դե ֆակտո ընտրված ներկայացուցիչների» դե յուրե ճանաչման դեպքում: Բայց դրա համար պետք է տեղի ունենան ընտրություններ, որոնց արդյունքում ձեւավորվում է Արցախը ընտրված իշխանությունը:

Այս իրավիճակն արդեն իսկ մատնում է խնդրի «կարգավորման» բարդություններից մեկը, ինչն օրինակ առկա չի եղել մյուս հակամարտությունների պարագայում: Միեւնույն ժամանակ, այստեղ գործ ունենք Արեւմտյան հիմնարար արժեհամակարգի հետ, որի բաղադրիչներից մեկն էլ ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորումն է: Արեւմուտքն ըստ էության մշտապես արդարացիորեն կասկածի տակ է դրել Ադրբեջանում տեղի ունեցած բոլոր ընտրություններն ընտրական գործընթացի եւ արդյունքների լեգիտիմության տեսակետից, սակայն չի ճանաչում Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքը:

Այսպիսով, ԱՄՆ-ն ու Եվրոպան, չճանաչելով Արցախի ընտրությունը, ինչ որ առումով դեմ են գնում իրենց իսկ արժեհամակարգին, մյուս կողմից՝ այդպիսով նաեւ ճանապարհ թողնելով Ադրբեջանի ագրեսիայի համար: Ապրիլյան պատերազմը դրա վկայություններից մեկն էր, եւ Ադրբեջանը հարձակման համար ֆոն ձեւավորեց այդ թվում ԵԱՀԿ-ում կոռուպցիոն սխեմաներով կորզված բանաձեւերի տեսքով:

Չճանաչելով Արցախի հիմնարար իրավունքները, վտանգի տակ է հայտնվում ոչ միայն Արցախի ժողովրդի անվտանգությունը, այլեւ այդ արժեհամակարգը եւ ընդհանրապես՝ քաղաքակրթության սահմանը, որը պաշտպանում է Արցախը: Ներկայիս բուռն ժամանակներում, երբ հարկ է վերանայել բազմաթիվ կարծրատիպեր, այս խնդիրն առավել քան կենսական է դառնում: Եվրոպան դրան արդեն բախվեց Հունաստանի սահմաններին, թուրքական շանտաժի ձեւով:

ԽՍՀՄ-Ռուսաստանը ժամանակին չճանաչեց Արցախի իրավունքը, պատասխանելով ռազմական պատժիչ արշավանքներով ու զինելով մերձկասպյան արեւմուտքի բարբարոսներին: ԽՍՀՄ-ը չկա, իսկ Ռուսաստանն այդ թվում հայկական ուղղությամբ իր 100-ամյա քաղաքականության արդյունքում հայտնվել է միջազգային ու ներքին աննախանձելի իրավիճակում: Ռուսաստանի հասունացրած Ապրիլյան պատերազմը դարձավ այդ երկրի քաղաքական «հետհաշվարկի» սկիզբը: Արեւմուտքը եւ Ռուսաստանը պետք է ճանաչեն Արցախը, խուսափելու համար բազմաթիվ խնդիրներից:

 

03.04.2020

https://www.lragir.am/2020/04/03/533928/

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)