«

»

Ապր 02

ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարության գլխավոր ուղղությունը (Խմբագրական «Ուխտ Արարատի», թիվ 1 (19), մարտ-ապրիլ, 2010, էջ 1-4)

Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների, Մադրիդյան նորացված սկզբունքների ստեղծած մտահոգությունների եւ (Կոնգո, Կոսովո…) Կովկասին սպառնացող տարածաշրջանային քառակողմ պատերազմի (2) ու կանխավ ծրագրված քաոսի սպառնալիքների առիթով

Ինչպես վարպետ խմբավարն է նվագախմբի աղմուկի մեջ փնտրում-գտնում հարկավոր նոտան, այնպես էլ երկրի ղեկավարությունն է պարտավոր հասարակական-քաղաքական աղմուկի ու բազմաձայնության մեջ փնտրել-գտնել ժամանակի հրամայականով պայմանավորված-թելադրված երկրի զարգացման ճշմարիտ ուղին: Իրատեսական քաղաքականության իրականացման տեսանկյունից, որի մասին վերջին ժամանակներս այդքան շատ է խոսվում, Հայաստանի եւ հայության համար դա Մշտական Զինված Չեզոքության ճանապարհի ընտրությունն է:

Շատ փաստեր ու տեղեկություններ են կուտակվել հաստատելու, որ Հայաստանի եւ հայության (ՀՀ-ի, ԼՂՀ-ի եւ սփյուռքահայության (3) համար Մշտական Զինված Չեզոքության տարբերակի ընտրությունը ռազմավարական միակ ընտրությունն է, որը, ճշմարիտն ասած, առաջին հերթին «Ճանապարհային քարտեզի» (4), Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների եւ Մադրիդյան (նորացված եւ չնորացված) սկզբունքների ստեղծած սպառնալիքները հաղթահարելու պարտադրանքով է պայմանավորված (5):

Խնդիրը բոլորովին այն չէ, որ Արձանագրությունների վավերացմամբ Հայաստան պետությունը հրաժարվում է Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով հայությանը հատկացվող Հայաստանի դե յուրէ տարածքներից, այլ այն, որ այդ տարածքներն այդպիսով դառնում են իբր պատկանելիություն չունեցող, հետեւաբար եւ հակամարտության ու վեճի առարկա տարածքներ, որոնք նույն այդ Արձանագրությունները պարտադրող կողմը` ԵՄ-Իսրայել-ԱՄՆ ալյանսը, կարող է որպես նվիրատվություն խոստանալ որոշակի շահագրգիռ կողմերի` փոխարենը հատուկ «ծառայություններ» պահանջելով նրանցից:

Օրինակ, թուրքերից պահանջելով ՆԱՏՕ-ի բանակի կազմում կռվել ոչ միայն Իրաքում եւ Քրդական Բանվորական Կուսակցության (6), այլեւ Աֆղանստանում «Ալ Քաիդայի զինյալների դեմ» եւ կամ քրդերից պահանջելով կռվել տարածաշրջանում բոլոր ուղղություններով` ամենքի դեմ (7): Հասկանալի է, որ դա առաջին հերթին ծուղակ է քրդերի համար, բայց որը չհասկանալու դեպքում, հետեւանքները աղետալի կարող են լինել ոչ միայն քրդերի, այլեւ ասիական տարածաշրջանի բոլոր երկրների ու ժողովուրդների համար` Սիրիայից մինչեւ Աֆղանստան, Պակիստանից մինչեւ Հնդկաստան ու Չինաստան: Վկա` 2008-ի վրաց-օսական պատերազմի դառը փորձը: Ադրբեջանը, պարզապես, չհասցրեց իր բախտը փորձել, նախախնամությունը նրան եւս մեկ հնարավորություն տվեց:

Քննենք այլ փաստեր ու իրողություններ եւս.

— Ժամանակին Հայությունը (կամա, թե ակամա) մասնակցեց Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերին: Օտար երկրների բանակների եւ ռազմական դաշինքների կազմում հայոց մասնակցությունը այդ երկու պատերազմներին փաստում է, որ անցյալում դրանք հեռանկարային եւ արդյունավետ չեն եղել` ազգային-պետական շահերն հետապնդելու տեսակետից: Նույն այդ պատճառով ներկայի նմանատիպ ծրագրերն ու (կամա, թե ակամա) մասնակցությունը կրկին հեռանկարային եւ արդյունավետ չեն կարող լինել Հայաստանի ու սփյուռքահայության համար: Ուստի, Հայաստանն ու հայությունը, գլոբալ, թե լոկալ նոր առճակատումների, հակամարտությունների եւ պատերազմների դեպքում, պարտադրված է որդեգրել Զինված (8) չեզոքության մարտավարություն:

— 1918-1921 թթ. ռազմաքաղաքական փորձն արդեն իսկ բավարար է հասկանալու ներկայիս ռազմաքաղաքական եւ քաղաքակրթական վտանգները եւ դրանց մեջ Ռուսաստանի նեոտրոցկիստական քաղաքական դիրքորոշման կրկնությունը (9): Դրանք լուրջ պատճառներ են առանձին հույսեր չկապելու համար ՀԱՊԿ անվտանգության համակարգի հուսալիության հետ: ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը կամ նրանցում ներգրավված ռուսական զինված ուժերը, պարզապես, կարող են մի քանի ժամով ուշանալ, չասելու համար` կարող են մի քանի օրով ուշանալ, եւ դրանով հայերին չեն զարմացնի. վերջին 120 տարիների ռազմաքաղաքական իրադարձությունների Հայոց պատմությունը հենց միայն այդպիսի փաստերով ու դրվագներով է գերբեռնված: Վերջին անգամ ուշացան Սումգայիթում մի քանի ժամով, Բաքվում` մի քանի օրով: Եվ միգուցե, իրատեսական քաղաքականության կողմնակիցները, ժողովրդին անտեղի ու վտանգավոր զիջումներ առաջարկելու փոխարեն, ստեղծված իրավիճակից դուրս գալու իրապես հուսալի ելք որոնեն ու գտնեն, որն այս դեպքում կարող է լինել Մշտական Զինված Չեզոքության այլընտրանքը: «Ցամաքային պատերազմի դեպքում չեզոք երկրների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին» Կոնվենցիայի առաջին հոդվածում ասված է. «Չեզոք երկրների տարածքն անձեռնմխելի է»: (Միջազգային իրավական դաշտում պետության եւ համայնքի չեզոքությունը կարգավորվում է «Ցամաքային պատերազմի դեպքում չեզոք երկրների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին» Կոնվենցիայով, Հաագա, 18 հոկտեմբերի 1907թ.)

— Սթափեցնող նշանակություն ունի վարչապետ Էրդողանի Թուրքիայի հայերին հալածելու եւ վտարելու հայտարարությունը: Երիտթուրքերն էլ այդպես սկսեցին մարդկության դեմ հանցագործությունների շարքը` սկզբում իրականացնելով 1909-ի Ադանայի հայերի կոտորածը: Նույն ձեռագրով Ադրբեջանի ղեկավարները 1988-1990 թթ. ձեռնարկեցին Ադրբեջանի 500 հազար հայ քաղաքացիների հալածանքները, կոտորածն ու բռնագաղթը` հետագայում լայնածավալ ռազմական ագրեսիա ձեռնարկելով ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի դեմ… Պետք է հիշել նաեւ առ այսօր գործող գորբաչովյան թելադրանքը, ըստ որի, հաղթողներ ու պարտվողներ իբր չպետք է լինեն, չասելով, որ պետք է հաղթի երրորդ` պատերազմը ծրագրող եւ հրահրող կողմը:

— Եվրոմիության մահմեդականացմանը զուգահեռ ընթանում է ՆԱՏՕ-ի շարքային զորակազմի մահմեդականացումը, որը նույնպես լավատեսություն չի ներշնչում:

Ըստ այդմ`

Առաջին՝ Կոսովոն վերածվում է ՆԱՏՕ-ի եվրոպական ռազմաբազայի, որի բնակչությունը մի կողմից համալրելու է ՆԱՏՕ-ի զորակազմը, քանի որ աշխատանք եւ ապրուստի միջոցներ չունի, մյուս կողմից` ապահովելու է ռազմակայան-պետության ենթակառուցվածքների կենսագործունեությունը:

Երկրորդ՝ վերջերս Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Կոնգոյում էր, իր հետ էին նաեւ թուրք գործարարներ: ՆԱՏՕ-ի աֆրիկյան ռազմաբազան տեղակայվելու է Կոնգոյում, որի զորակազմը համալրելու են ալբանցիները, թուրքերը, քրդերը, իսկ թուրք գործարարները ապահովելու են Աֆրիկա մայրցամաքի ռազմական պետության ենթակառուցվածքների անխափան աշխատանքը: Կոսովոյում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի խնդիրները, իրենց կարծիքով, իբր կարգավորել են: Կոնգոյում ավարտական փուլն է: Առջեւում Կովկասն է, դեռեւս` նախապատրաստման վիճակում:

Ռալֆ Պիտերսի «Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների» հոդվածում, մասնավորապես, ասված է. «Իսկ բոլոր նրանց, ովքեր մերժում են «պատկերացնել աներեւակայելին»` հայտարարելով, թե սահմանները վերջնական են եւ անփոփոխ, արժե հիշեցնել, որ սահմանները երբեք էլ ստատիկ, կայուն չեն եղել: Դարերի ընթացքում փոխվել են եւ հիմա էլ են փոխվում (Կոնգոյից մինչեւ Կոսովո եւ Կովկաս)»: Մեկ այլ տեղում հոդվածագիրը շարունակում է զարգացնել այդ միտքը. «Մինչ այդ մեր համազգեստ հագած տղամարդիկ եւ կանայք շարունակելու են պայքարն ընդդեմ ահաբեկչության եւ հանուն անվտանգության ու ժողովրդավարության: Ներկա պարտադրված միությունների (Անկարա եւ Կարաչի) առկայությունն անգամ բերրի հող է կրոնական ծայրահեղությունների եւ ահաբեկչական խմբավորումների կազմավորման համար»: (Տես, «Ազգ», 25.08.2006: Տես, «Ուխտ Արարատի», թիվ 3 (14), 2007 թ., էջ 29-33)

— Հետաքրքրական են արեւմուտքի քաղաքական գործիչների, եվրոկոմիսարների եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ իրենք պաշտպանում են Ադրբեջանի, Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Դրանք մի կողմից ցույց են տալիս իրերի դրությունը նշյալ ուղղություններով, մյուս կողմից` հաստատում, որ Թուրքիան, այնուհանդերձ, մասնատվելու է: Բայց մեծ, թե փոքր կայսրությունների փլուզումը ցավագին գործընթաց է, ոչ միայն կայսրության, այլեւ շատ այլ երկրների ու ժողովուրդների համար, ինչպես ցավագին էր Օսմանյան կայսրության փլուզումը, ԽՍՀՄ-ի ինքնափլուզումը:

— Մեկ այլ մտահոգության առիթ է տարածքներ ու պետություններ բռնազավթելու Պենտագոնի զինվորական մասնագետների առաջարկած նոր ծրագիրը, ըստ որի` կազմավորվելու են նոր, դյուրաշարժ զորաբանակներ եւ քաղաքական ղեկավարություն` ժողովրդավարություն հաստատելու համար ոչ ժողովրդավարական երկրներում: Դա նշանակում է, որ կանոնավոր բանակները կռվելու են անզեն բնակչության դեմ, որովհետեւ թիրախ ընտրված երկրների Զինուժն ու բանակները նախապես զինաթափվելու ու զորացրվելու են, եւ այդ երկրները չեն ունենալու քաղաքական ղեկավարություն:

Երկրների բանակները զինաթափելու իմաստով հետաքրքրական է նայել ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագիրը, որի II գլխի, 9-րդ հոդվածի 4-րդ կետը պարունակում է զինաթափման մասին վավերագրերի կիրառման պարտադրանք, իսկ 11-րդ կետում ասված է. «Համատեղ գործողություններ իրականացնել դադարեցնելու համար փոքր զինատեսակների եւ թեթեւ զենքերի անօրինական փոխադրումները, հատկապես առավել թափանցիկ դարձնելով զենքերի փոխադրումները եւ օժանդակելով տարածաշրջանային զինաթափման միջոցառումներին…»:

Այսինքն, տարածաշրջանային նոր տիպի պետություններում, որպիսին արդեն Եվրոմիությունն է, ինչպիսին պետք է լինի Աֆրիկան, իսկ ներկայիս` հրատապ իրականացման դրված Կովկասյան պետությունը, մասնակից բոլոր երկրները, կամավոր կերպով եւ օտարերկրյա բանակների միջոցով, պետք է զինաթափեն սեփական բանակները: Դրան համապատասխանող դրույթը կանխավ ներառված է Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետում (22.02.2007 թ.), ինչը ժողովրդին զրկելու է պաշտպանության եւ ինքնապաշտպանության իրավունքից: Ակնհայտ է, որ սպառնալից իրավիճակներում հայությունը (ինչպես 1988-1990 թթ. կանխավ զինաթափված ՀՀ-ի ու ԼՂՀ-ի հայությունը) ստիպված է լինելու աշխարհազորային ուժերով պաշտպանել իրեն ու իր երկիրը: Ահա դեպքերի հենց այդ տեսակի զարգացում թույլ չտալու նկատառումով է, որ Հայաստան-Թուրքիա Արձանագրություններում նույնպես ներառված է սույն հռչակագրի 9-րդ հոդվածի 11-րդ կետի պահանջը. «վերահաստատելով իրենց պատրաստակամությունը` ակտիվորեն սատարել միջազգային հանրության գործողություններին` ընդդեմ տարածաշրջանում եւ աշխարհում անվտանգության եւ կայունության դեմ առկա սպառնալիքների, ինչպիսիք են` ահաբեկչությունը, անդրազգային կազմակերպված հանցագործությունները, թմրանյութերի եւ զենքի ապօրինի շրջանառությունը»` որպես Հայաստան-Թուրքիա երկկողմ հանձնառություն:

— Ողջ թափով գործողության մեջ է Հայոց ցեղասպանության դատապարտման (10) (ոչ թե ճանաչման) գործընթացի սկզբնավորումը խափանելու, Հայկական հարցում ՄԱԿ-ի ցեղասպանության հանցագործության պատժի մասին Կոնվենցիան շրջանցելու, ասիական տարածաշրջանում կուտակված խնդիրներին իրավական լուծումներ տալու փոխարեն քաղաքական կամային լուծումներ առաջարկելու գերտերությունների քաղաքական ձեռագիրը:

ՄԱԿ-ի ցեղասպանության հանցագործության պատժի եւ պատերազմի հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին Կոնվենցիաների գործողությունները դադարեցնելու, հին եւ նոր ցեղասպանություններն անպատիժ թողնելու, նորերին ճանապարհ հարթելու հարցերին է միտված Միջազգային քրեական դատարանի Հռոմի Ստատուտի կանոնադրական գործողությունը: ճիշտ է, Ստատուտի գենոցիդին վերաբերող 5-րդ եւ 6-րդ հոդվածներում ներառվել են ՄԱԿ-ի 1948 թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի բոլոր դրույթները, սակայն, Ստատուտի արդեն 11-րդ հոդվածում գրված է. «Դատարանը իրավասու է միայն սույն Ստատուտի ընդունման թվականի ուժի մեջ մտնելուց հետո իրականացված հանցագործությունների նկատմամբ»: Այսինքն` մինչ Ստատուտի ընդունման թվականը կատարված հանցագործությունները դատարանը չի քննում, հակառակ այն բանի, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամետ չի կիրառվում:

Ստացվում է, որ Ստատուտի միջոցով փորձ է արվելու աննկատ շրջանցել 1948 թ. եւ 1968 թ. Կոնվենցիաները եւ անպատիժ թողնել Ստատուտի ընդունման թվականից առաջ կատարված հանցագործությունները, իսկ այն երկրները, որոնք կմիանան Ստատուտին շատ ավելի ուշ, նրանք կարող են իրականացնել ինչպես ցեղասպանություն, այնպես էլ պատերազմական հանցագործություններ, քանի որ պատժի ենթակա կլինեն միայն Ստատուտին միանալուց հետո կատարված հանցագործությունների համար: Այսինքն, վերջիններիս համար վաղեմության ժամկետը չի գործի:

Միջազգային քրեական դատարանի Հռոմի Ստատուտն ընդունվել է 1998-ի հուլիսի 17-ին եւ դրանով, փաստորեն, ստեղծվել է համաշխարհային պետության դատական ամբողջական համակարգ, որին 2004-ի դրությամբ մասնակից են դարձել 60 պետություն (ըստ երեւույթին, դրանք Կոսովոյի անկախությունը ճանաչած 60 պետություններն են), ինչը նշանակում է, որ դա արդեն գործող փաստաթուղթ է` համաձայն հռչակագրի 126-րդ հոդվածի.

Статья 126. Вступление в силу.

  1. Настоящий Статут вступает в силу в первый день месяца, следующего после 60-го дня после сдачи на хранение Генеральному секретарю Организации Объединенных Наций 60-й ратификационной грамоты или документа о принятии, утверждении или присоединении.

  2. Для каждого государства, которое ратифицирует, принимает, утверждает Статут или присоединяется к нему после сдачи на хранение 60-й ратификационной грамоты или документа о принятии, утверждении или присоединении. Статут вступает в силу в первый день месяца, следующего после 60-го дня после сдачи таким государством своей ратификационной грамоты или документа о принятии, утверждении или присоединении.

Փաստերը շրջանցելու կամ նենգափոխելու արեւմտյան քաղաքական շրջանակների ներկայացուցիչների գործելակերպի վերջին օրինակը Շվեդիայի խորհրդարանի Քրիստոնեադեմոկրատական սոցիալիստական կուսակցության պատգամավոր Պիտեր Վեյդրուդի հայտարարությունն է այն մասին, թե իբր ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին Կոնվենցիան հետադարձ ուժ չունի եւ հեռանկարային չէ Հայոց ցեղասպանությունը դատապարտելու հարցով ընթանալ իրավական ճանապարհով: Իբր պետք է շարունակել ընթանալ քաղաքական ճանաչումների ճանապարհով: Սա առաջին հերթին թելադրանք եւ հորդոր է ՀՀ իշխանություններին, թե ի՞նչ անել եւ ինչպե՞ս անել: Երկրորդ` ԵՄ-Իսրայել-ԱՄՆ ալյանսի համար ժամանակ շահելու քայլ է, որպեսզի վերջինս, ի վերջո, հասնի Թուրքիայի եւ Հայաստանի կողմից Արձանագրությունների վավերացմանը, ինչի միջոցով մի նոր ծանր հարված հասցնի Միջին Արեւելքում գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծման 120-ամյա ջանքերին` շարունակելով հակամարտությունների պատանդի կարգավիճակում պահել տարածաշրջանի բոլոր պետություններին ու ժողովուրդներին: Եվ երրորդ` դա հարված է Հայկական հարցի արդարացի լուծման, ավելի քան 100-ամյա ջանքերին: Մինչեւ հիմա` 95 տարում, Հայոց ցեղասպանությունը ճանաչել են 20 պետություն, ինչը նշանակում է, որ ՄԱԿ-ի անդամ մնացած երկրներից Հայոց ցեղասպանության ճանաչմանն հասնելու համար հայությունից կամ այդ հարցում մասնագիտացած կազմակերպություններից կպահանջվի եւս…, բայց եկեք չհաշվենք: Նկատենք միայն, որ դրանից հետո էլ խնդիրը չի լուծվում, որովհետեւ դեռ հայտնի չէ` Թուրքիան ճանաչելո՞ւ է այն եւ կամ առաջիկա տարիներին Թուրքիա պետություն լինելո՞ւ է, թե՞ ոչ…:

Շվեդ պատգամավորի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ եթե ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին Կոնվենցիայում 1948 թվականին վաղեմության ժամկետի մասին հատուկ չի նշված, ապա հետագայում, այդ հարցով շահարկումների բոլոր ճանապարհները փակելու նպատակով, 1968 թվականից գործում է ՄԱԿ-ի Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին Կոնվենցիան, որի առաջին հոդվածում ասված է. «Ոչ մի տեսակի վաղեմության ժամկետ չի կիրառվում հետեւյալ հանցագործությունների նկատմամբ… պատերազմական հանցագործությունների…, ինչպես նաեւ ցեղասպանության հանցագործության…»: Ստորեւ մեջբերում ենք նաեւ Կոնվենցիայի ռուսերեն բնօրինակի այդ հատվածը:

Конвенция «О неприменимости срока давности к военным преступлениям и преступлениям против человечества», 26 ноября 1968г.

Статья 1.

Никакие сроки давности не применяются к следующим преступлениям, независимо от времени их совершения:

  1. a) военные преступления, как они определяются в Уставе Нюренбергского международного военного трибунала от 8 августа 1945 года и подтверждаются резолюциями 3 (I) от 13 февраля 1946 года и 95 (I) от 11 декабря 1946 года Генеральной Ассамблеи Организации Объединеонных Наций, а таже, в частности, «серезные нарушения», перечисленные в Женевских конвенциях о защите жертв войны от 12 августа 1949 года,

  2. b) преступления против человечества, независимо от того, были ли они совершены во время войны или в мирное время, как они определяются в Уставе Нюренбергского международного военного трибунала от 8 августа 1945 года и подтверждаются в резолюциях 3 (I) от 13 февраля 1946 года и 95 (I) от 11 декабря 1946 года Генеральной Ассамблеи Организации Объединенных Наций, изгнание в результате вооруженного нападения или оккупации и бесчеловечные деиствия, являюшиеся следствием политики апартеида, а также преступление геноцида, определяемое в Конвенции 1948 года о предупреждении преступления геноцида и наказании за него, даже если эти действия не представляют собой нарушения внутреннего законодательства той страны, в которой они были совершены.

Կոսովոն ամեն գնով Սերբիայից անջատելու եւ անկախացնելու Մարտի Ահտիսաարիի ծրագիրն (11) իրականացվեց որպես մարդկության դեմ ուղղված միջազգային մի նոր հանցագործություն` ընդդեմ ՄԱԿ-ի հնարավոր ու անհնար բոլոր նորմերի ու սկզբունքների, Կոնվենցիաների ու Հռչակագրերի, այդ թվում, Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի եւ Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին Հռչակագրի պահանջների: Կոսովոն, պատմական, մշակութային եւ հոգեւոր, բարոյական եւ իրավական բոլոր նորմերին ու սկզբունքներին հակառակ, արեւմուտքը անջատեց Սերբիայից, այնտեղ եվրոպական եւ նատօական զինուժի նոր ռազմակայան պետություն ստեղծելու համար: Կոսովոյի անկախությունը ճանաչել են արեւմտյան-նատօական ազդեցության եւ ենթակայության տակ գտնվող 60 պետություններ: Կոսովոյի հարցով Սերբիայի բողոքը Հաագայի միջազգային դատարանում է: Դատարանը դժվարին կացության մեջ է: Եթե արդարացնի Կոսովոյի անկախության փաստը, ապա աշխարհում նոր թափ կհաղորդի սպանելու, հափշտակելու, կողոպտելու եւ էթնիկ էքսպանսիա իրականացնելու միջոցով այլոց հայրենիքներն ու քաղաքակրթական տարածքները զավթելու եւ գողունը վայելելու մարդկության դեմ ուղղված հանցագործություններին: Ի՞նչ է պատասխանելու Սերբիայի ներկայացրած բողոքի հայցին Հաագայի միջազգային դատարանը, ասելո՞ւ է, որ Կոսովոյի անկախությունը ճանաչած 60 պետություններ խախտել են միջազգային իրավունքի ու բարոյականության բոլոր նորմերն ու սկզբունքները…: Համբերենք եւ կտեսնենք:

Միգրացիան, փախստականները եւ զբոսաշրջությունը որպես երկրների ազգագրական պատկերը փոխելու եւ ներդրված անջատողական տարրի միջոցով տվյալ երկիրը մասնատելու միջազգային հանցագործ քաղաքականություն: Դրա զոհերն են` Սերբիան` հանձին Կոսովոյի, առաջիկայում լինելու են Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Նիդերլանդները…, նաեւ ՀՀ-ն` համաձայն Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների, եթե իհարկե դրանք վավերացվեն: Ուշադրություն դարձնենք նաեւ արտադրություն չունեցող մեր երկրի էկոնոմիկայի նախարարության անվանմանը. այն կոչվում է ՀՀ էկոնոմիկայի եւ տուրիզմի նախարարություն: Ամեն ինչ հենց այդպես էլ սկսվում է: Գերմանիայում թուրքերը, որպես էժան աշխատուժ, հայտնվեցին 1960-ական թվականներին, այժմ այնտեղ նրանց թիվը 5 միլիոն է: Վերջերս վարչապետ Էրդողանը վարչապետ Մերկելին առաջարկել է Գերմանիայում թուրքերենի ուսուցմամբ դպրոցներ եւ գիմնազիաներ բացել: Անգելա Մերկելը կարծես մերժել է առաջարկը: Բայց դա առաջին փորձն է: Հետագայում, անշուշտ, կլինեն այլ փորձեր եւ միջազգային ճնշումներ նույնպես, իսկ ավելի ուշ` նաեւ մշակութային ինքնավարության առաջարկներ…, մինչեւ, որ կգա նոր Կոսովոյի նախադեպի ի հայտ գալու ժամանակը Գերմանիայում:

Այսպես, զգոնության կոչող փաստերն ու տվյալները ավելի քան շատ են:

Այն ամենը, ինչի մասին խոսում ենք, շատ հաճախ եւ ավելի շուտ` հետեւանքներ են, քան պարտադրող իրողություններ: Հարկավոր է մտածել դրանք ծնող պատճառները վերացնելու մասին: Եթե մենք, որ ցեղասպանություն վերապրած եւ նոր ցեղասպանական գործողությունների վտանգին ենթակա ժողովուրդ ենք, չձեռնարկենք այդ հետեւանքները ծնող պատճառների չեզոքացման գործը, ուրիշը մեր փոխարեն դա չի անելու: Եթե մենք չպաշտպանենք մեզ եւ մեր անժամանցելի իրավունքները, ուրիշը դա չի անելու: Եվ եթե մենք մեր վճռական մի նախաձեռնությամբ չվերածենք մեր հայրենի տարածքները այլեւս մշտական անձեռնմխելի տարածքների, ուրիշը դա չի անելու: Հենց այդպես է, որ կա, ամեն բան մեր ձեռքում է, ավելի ճիշտ, հենց հիմա, մեր քաղաքական վերնախավի ձեռքում, բայց եթե նա թերանա իր պարտքը կատարել, կգա ժողովրդի գործի անցնելու ժամանակը:

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

2 ապրիլի 2010 թ.

—————————

Ծանոթագրություն

  1. Միջազգային իրավական դաշտում պետության եւ համայնքի չեզոքությունը կարգավորվում է «Ցամաքային պատերազմի դեպքում չեզոք երկրների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին» Կոնվենցիայով, Հաագա, 18 հոկտեմբերի 1907թ.:

  2. Տես, Аrmar.am կայք, Ս. Կամսարական, «Ի՞նչ են Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները»: Տես, «Ուխտ Արարատի», թիվ 2 (18), հոկտեմբեր-դեկտեմբեր, 2009 թ.: Պարբերականի այս թիվն ամբողջովին նվիրված է Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների հարցերին:

  3. Տես, Ն. Հովհաննիսյան, «Լիբանանյան ճգնաժամը եւ Լիբանանի հայ համայնքի դիրքորոշումը» (1975-1982 թթ.), Հայաստան, 1982:

  4. «Ճանապարհային քարտեզի» բովանդակությունը տես, «Ուխտ Արարատի», թիվ 2 (18), 2009 թ., էջ 7:

  5. Հիրավի, զարմանահրաշ երեւույթ է դիմակայության էֆեկտը. եթե չլինեին Սիդնեյի համալսարանի դասախոս Արմեն Կաքավյանի ՀԱՀԳԲ-ին վերաբերող արտահայտությունները, դժվար թե այդքան խորն ուսումնասիրեինք հայության աշխարհազորային պաշտպանության միջազգային իրավունքի հարցերը եւ եթե չլինեին Արձանագրությունների ու Մադրիդյան նորացված սկզբունքների ստեղծած սպառնալիքները, դժվար թե միջազգային իրավունքի էջերում հասնեինք Մշտական Զինված Չեզոքության սկզբունքին եւ փակուղուց դուրս գալու նրա ընձեռած իրատեսական հնարավորություններին Հայաստանի ու հայության համար…

  6. 2009-ի ապրիլի 7-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ այսուհետ թուրքերը պայքարելու են ոչ միայն Քրդական Բանվորական Կուսակցության, այլեւ Ալ Քաիդայի զինյալների դեմ: Թուրքերը Ալ Քաիդայի զինյալների դեմ կռվելու համար առաջարկ կստանան համալրելու ՆԱՏՕ-ի զորաբանակները, որը եւ կնշանակի, թե Եվրոպայի մահմեդականացմանը զուգահեռ կսկսվի ՆԱՏՕ-ի բանակի շարքային զորակազմի մահմեդականացումը` Կոսովոյի ալբանացի, Եվրոպայի եւ Թուրքիայի ու այլ վայրերի թուրք եւ քուրդ զինյալներով:

  7. Այս տարբերակը կառաջարկվի քրդերին` պայքարի մեջ մտնելու մի քանի ճակատներով` սիրիական, իրաք-իրանյան, թուրքական եւ կովկասյան ճակատներում` վաստակելու համար քրդական անկախ պետություն ունենալու իրավունքը: Արձանագրությունների վավերացումից հետո նրանց եւս կխոստանան Արեւմտյան Հայաստանը եւ հայկական բռնազավթված այլ տարածքներ, իսկ թե իրականում ինչ կանեն` անշնորհակալ աշխատանք է գուշակելը, մանավանդ, որ մեր իրավունքներից ոչինչ չենք զիջելու: Ում ասես կխոստանան, բայց կարծում ենք նաեւ, որ բոլորը գիտեն եվրոպական խոստումների արժեքը: Ով դեռ չգիտի, կարող է Ֆրիտյոֆ Նանսեն կարդալ:

  8. Տես, «Հայ ժողովրդի ինքնապաշտպանության բնական, նաեւ միջազգային իրավունքի մասին» հոդվածը, «Ուխտ Արարատի» պարբերական, թիվ 1 (17), մարտ-ապրիլ, 2009 թ., էջ 22: Նկատենք, որ այսօր պատերազմելու ձեւերը փոխված են, բանակները պատերազմում են անզեն բնակչության դեմ, այդպես է Իրաքում, այդպես է Աֆղանստանում: ՀՀ-ն ծրագրում են զինաթափել, ինչը հաստատում է, թե հայության պաշտպանությունը աշխարհազորային պաշտպանության ձեւն է:

  9. Տես, Լեւ Տրոցկի, «Հայաստանը եւ Թուրքիան առաջիկա կոնֆերանսում»: Հոդվածը լույս է տեսել Ազգային գործերի ժողովրդական կոմիսարիատի «Ժիզն նացիոնալնոստեյ» թերթում, 4-ը մարտի 1921 թ., Մոսկվայում, Ա. Սկաչկո ստորագրությամբ: Տրոցկին 1918-1924 թթ. Ռազմական եւ ծովային ժողովրդական կոմիսար էր: Ա. Սկաչկոն այդ գերատեսչության կադրերից էր, ում անունով էլ Տրոցկին ստորագրել է հոդվածը: Տես, «Ուխտ Արարատի» պարբերական, թիվ 3 (14), հոկտեմբեր-նոյեմբեր, 2007 թ., էջ 18-22:

  10. Տես, «Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը եւ Հայոց ցեղասպանության դատապարտման ժամանակը» հոդվածը, 10 մարտի 2010 թ., www.oukhtararati.com կայքում:

  11. Տես, Խմբագրական «Ուխտ Արարատի», թիվ 2 (16), նոյեմբեր-դեկտեմբեր, 2008 թ., էջ 5:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)