«

»

Ապր 02

ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման իրավական գործընթացի մասին (Առաջարկ` Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովին) (Խմբագրական «Ուխտ Արարատի», թիվ 2 (20), նոյեմբեր-դեկտեմբեր, 2010, էջ 1-2)

1988-1991-ից ի վեր ԼՂՀ հիմնախնդիրը ԽՍՀՄ-ով դրվեց ու գտնվում է միմիայն քաղաքական դաշտում, որի պատճառով առ այսօր, այսպես կոչված, «մադրիդյան» եւ բոլոր այլ սկզբունքներով եւ առաջարկներով հանդերձ կարգավորումը չի իրագործվել:

Փաստ է, կատարված իրողություն, որ արդեն շուրջ 20 տարի է ինչ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական կայացած պետություն: Թերացումը արտաքին հարաբերությունների դաշտում է, ԼՂՀ-ն զրկված է արտաքին քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից: Եռանախագահների թողտվությամբ 18 տարի ձգձգվող բանակցային գործընթացը, թե հանրապետությանը, թե նրա ժողովրդին դուրս է թողել միջազգային կենսական նշանակության իրողությունններից, ասես ենթարկելով տնային կալանքի, որի հետեւանքում մի ամբողջ ժողովուրդ զրկված է մարդկային քաղաքակրթական զարգացման իր բոլոր միջազգային հիմնարար իրավունքներից ու ազատություններից:

Եթե այս իրավիճակը հանդուժելի էր պատերազմին հաջորդող մեկ-երկու տարիներին, երբ ԼՂՀ ժողովուրդը պատերազմի հասցրած վերքերն էր բուժում, ապա պատերազմից 16 տարի անց այլեւս անհանդուրժելի է հենց միայն միջազգային իրավական սկզբունքներից ու նորմերից մեկնած, այդ թվում` հետեւյալ կոնվենցիաներից ելնելով.

  • «Զարգացման իրավունքի մասի» ՄԱԿ-ի Հռչակագիր, 4 դեկտեմբերի 1986թ.:

  • «Միջազգային մշակութային համագործակցության սկզբունքների մասին» Յունեսկոյի Հռչակագիր, 4 նոյեմբերի 1966թ.:

  • «Սոցիալական առաջընթացի եւ զարգացման մասին» ՄԱԿ-ի Հռչակագիր, 11 դեկտեմբերի 1969թ.:

  • «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» Միջազգային Դաշնագիր, 16 դեկտեմբերի 1966թ.:

  • «Տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների փոխկապակցության եւ չտարանջատման մասին» ՄԱԿ-ի Հռչակագիր, 4 դեկտեմբերի 1986թ.:

  • «Աշխարհի խաղաղության եւ մարդկության բարօրրության համար գիտատեխնիկական առաջընթացի օգտագործման մասին» ՄԱԿի Հռչակագիր, 10 նոյեմբերի 1975թ.:

Այս իրավիճակում ԼՂՀ ժողովրդի իրավունքներն ու ազատությունները միջնորդված կերպով քիչ թե շատ պաշտպանելու ՀՀ-ի բոլոր փորձերը ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլեւ ԵՄ-ի կողմից դիտվել են որպես բանակցային գործընթացին իբր խանգարող միջամտություններ:

Ելնելով ստեղծված փակուղային իրավիճակից առաջարկում ենք սկսել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործընթաց:

ՀՀ-ն, առանց այլոց կողմից նույնի ակնկալիքի, ճանաչում է ԼՂՀ անկախությունը հենց միայն միջնորդելու եւ երաշխավորելու համար ԼՂՀ ժողովրդի եւ ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացու ազատություններն ու զարգացման հնարավորություններն արտաքին հարաբերություններում իրականացնելու իրավունքը, համաձայն` ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավական հայտնի սկզբունքների եւ նորմերի, ինչպես նաեւ, ելնելով` ԼՂՀ Անկախության հանարաքվեյի արդյունքների մասին 6 հունվարի 1992թ. Հռչակագրից, առաջնորդվելով` ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի մասին ՀՀ Գերագույն Խորհրդի 8 հուլիսի 1992թ. որոշումով: Խնդիրն իրագործելու համար որպես ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործընթացի սկիզբ.

  • ՀՀ-ն ճանաչում է ԼՂՀ-ի անկախությունն ու ինքիշխանությունը:

  • ՀՀ-ն հաստատում է դիվանագիտական հարաբերություններ ԼՂՀ-ի հետ:

  • ՀՀ-ն բացում է դեսպանատուն ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:

  • ՀՀ-ի բոլոր դեսպանատներում բացվում են ԼՂՀ ներկայացուցչյուններ, որպես միջնորդ նպաստելու համար ԼՂՀ մարդու իրավունքների եւ զարգացման խնդիրների գործնական իրագործմանը:

  • ՀՀ-ն որպես ՄԱԿ-ի անդամ պետություն` միջազգային իրավասուբյեկտ, երաշխավորում է ԼՂՀ ներկայացուցչությունների ողջ գործունեությունը եւ պատասխանատվություն է կրում ԼՂՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների հանդեպ:

Հակամարտության իրավական կարգավորումը Մինսկի խմբի շրջանակում

ԼՂՀ հակամարտության իրավական խաղաղ կարգավորումը ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունը Մինսկի խմբին (որի ստեղծումը համապատասխանում է “Միջազգային բախումների խաղաղ կարգավորման մասին” Հաագայի կոնվենցիայի (18 հոկտեմբերի 1907թ.) 2-րդ բաժնի 2-8 հոդվածներին) առաջարկում է հակամարտության խաղաղ կարգավորման ամբողջ գործընթացը այսուհետ կազմակերպել, կառուցել եւ համաձայնեցնել վերոնշյալ Կոնվենցիայի սկզբունքներին ու դրույթներին:

Ըստ այդմ հաշվի առնելով, որ հակամարտության խաղաղ կարգավորման առաջին քայլը` միջնորդական առաքելությունը, ձգձգվել է շուրջ 18 տարի, մինչդեռ պետք է տեւեր առնվազն մեկ-երկու տարի, համաձայն նույն Կոնվենցիայի 3-րդ բաժնի 9-36 հոդվածների պահանջի` կատարել երկրորդ քայլը, ստեղծել հակամարտության ուսումնասիրման Միջազգային հետաքննող հանձնաժողով, որը քննության կառնի հետեւյալ իրողությունները.

  • Ադրբեջանի հայ քաղաքացիների նկատմամբ 1988-1990 թթ. ադրբեջանցիների կողմից իրականացրած բռնությունները, կոտորածները, թալանը,

  • Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի ու ՀՀ-ի դեմ իրականացված ագրեսիան, պատերազմը եւ դրա հետեւանքով հասցված վնասները,

  • Ադրբեջանի կողմից, անցյալում եւ վերջին 20 տարիներին, հայկական մշակութային եւ քաղաքակրթական արժեքների ոչնչացման, մասնավորապես Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման խնդիրը,

  • Ադրբեջանից բռնագաղթված շուրջ կես միլիոն հայ փախստականների թալանված ու հափշտակված ունեցվածքի խնդիրը,

  • ԼՂՀ եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրները,

  • Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող ազգամիջյան ատելության սերմանման, պատերազմի հրահրման, ռասայական խտրականության քարոզչության խնդիրը:

  • Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայոց եւ տարածաշրջանի այլ ժողովուրդների պատմության, մշակույթի, քաղաքակրթական այլ արժեքների կեղծարարությունը:

Միջազգային քննիչ հանձնաժողովի գործունեության ավարտին, եթե կողմերից մեկը չի ընդունում ներկայացված իրողությունը` առաջարկվող իրավական լուծումը, ապա Մինսկի խումբը` ըստ նշյալ Կոնվենցիայի 4-րդ բաժնի 37-90 հոդվածների, ձեռնարկում է երրորդ քայլը, այն է` հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը տանում է Միջազգային միջնորդ դատարան:

«Ուխտ Արարատի», հայրենասիրական հասարակական նախաձեռնություն

21.10.2010 թ.

—————-

Կից տրվում է 7 փաստաթուղթ, հոդվածում հիշատակված Հռչակագրերի ռուսերեն տեքստերը:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)