Հայության մարտավարական չորս, եւ ավելի, ուղղություններն ու համարժեք խնդիրները (Խմբագրական «Ուխտ Արարատի», թիվ 2 (22), սեպտեմբեր-հոկտեմբեր, 2011, էջ 1-2)

Մեր ցանկությունից անկախ, մեր կամքից անկախ եւ, նույնիսկ, մեր պահվածքից անկախ, հայությանը ուղղված սպառնալիքներն անփոփոխ են: Բայց, նախ եւ առաջ, բավարար խոհեմություն ու քաջություն պետք է ունենալ ժամանակակից սպառնալիքների ու մարտահրավերների չորս, եւ ավելի, ուղղությունները նկատելու եւ ապա համարժեք ազատ միտք ու կամք դրանց նկատմամբ դիմակայության ծրագրեր ու մարտավարություն մշակելու:

Նշենք այդ ուղղությունները.

  1. ՀՀ-ի ուղղությունը:

Սպառնալիքները: ՀՀ-ի եւ տարածաշրջանի պետությունների միջեւ հարաբերությունների գերակշիռ մասը չի կարգավորվում միջպետական եւ միջազգայնորեն հանրահայտ քաղաքակիրթ օրենքներով, որի հետեւանքով տարածաշրջանում մշտապես առկա է բացասական երրորդ ուժը: Առկա է ՀՀ-ի նկատմամբ թշնամական վերաբերմունքը Ադրբեջանից, Թուրքիայից, Վրաստանից: ՀՀ-ի շրջափակումը, շրջափակման խստացումը այլ եւ այլ միջոցներով, այդ թվում` էներգետիկ եւ պարենային:

Կրիտիկական է ՀՀ-ի ժողովրդագրական ճգնաժամը եւ դրա խորացումը: ՀՀ-ում սոցիալ-տնտեսական, իրավական, բարոյա-հոգեբանական խնդիրները: ՀՀ-ում ժողովրդավարության խնդիրները:

ՀՀ-ի Կովկասյան ինտեգրման խնդիրն ու դրա պարտադրանքը, որովհետեւ Եվրոպական ինտեգրումը չի առաջարկվելու, դա շղարշ է պարզապես Կովկասյան կամ մեկ այլ ձեւաչափ մի օր հանկարծակի օրակարգ բերելու:

ՀՀ-ի նկատմամբ զինաթափման պահանջը եւ խաղաղապահ ուժերի տեղակայման պարտադրանքը ՀՀ-ի սահմաններում եւ այլն… Իրականում կարելի է անվերջ թվարկել, սակայն մնանք կարեւորի շրջանակներում:

Սպառնալիքները հաղթահարելու ուղիները:

Կարելի է եւ պետք է գնալ նոր` Չորրորդ Հանրապետության ձեւավորման ճանապարհով, մնալով Առաջին Հանրապետության իրավահաջորդը: Ի՞նչ է նշանակում սա: Նշանակում է վերաիմաստավորել`

ա) ինտեգրման խնդիրը: Հայությունը ժամանակակից աշխարհում ավելի քան ինտեգրված է, ինչը չենք կարող ասել ՀՀ պետության մասին եւ կարիք կա, որ ՀՀ-ն իր կարգին, որպես միջազգային իրավունքի սուբեկտ, կարողանա ինտեգրվել իր ուրույն եւ ինքնուրույն ծրագրերով:

Հարկավոր է տարանջատել միջազգային հասարակական եւ միջազգային քաղաքական ինտեգրման խնդիրները եւ հրաժարվել այդ երկու ձեւաչափերի սկզբունքային նույնացումից ու առաջ ընթանալ պահպանելով հայության համար ամենանշանակալից իրավական նվաճումը` անկախությունը,

բ) հրաժարվել ազատ – վայրի շուկայի պարտադրանքից, փոխարենը ընդունել եվրոպական շարժիչ երկրների սոցիալ-տնտեսական զարգացման մոդելը,

գ) մերժել ռազմական դաշինքների պարտադրանքը, ընտրել զինված չեզոքության ճանապարհը:

Զուգահեռ, մտածել փոփոխության ենթարկելու ՀՀ-ի պետական խորհրդանիշները, որովհետեւ խորհրդանիշները կարեւոր դերակատարություն ունեն պետության զարգացման գործում:

  1. Արցախի ուղղությունը:

Սպառնալիքները: Արցախյան հիմնախնդիր, որը վաղուց ի վեր վերածվել է պարտադրված եւ ուղղորդված մի հակամարտության, որտեղ հայության իրավունքները իջեցված են նվազագույնի: Իսկ Արցախի անկախության (կամ Հայաստանի հետ վերամիավորման) գործընթացը կարող է անվերջ շարունակվել իր բացասական բոլոր հետեւանքներով, առաջին հերթին արգելակելով Արցախի հայության զարգացման եւ առաջընթացի իրավունքը:

Սպառնալիքները հաղթահարելու համար պետք է ընդունել, որ սա ինչպես մեր հակառակորդների, այնպես էլ մեզ համար հատուկ մարտավարական ուղղություն է, որտեղ պետք է կարեւորել`

ա) Արցախ պետական միավորի իրավունքների եւ Արցախի բնակչության անվտանգության, ազատության, ինքնորոշման, զարգացման եւ առաջընթացի իրավունքների հիմնահարցերը,

բ) Ադրբեջանից բռնագաղթված ադրեջանական քաղաքացիություն ունեցող հայ քաղաքացիների իրավունքների վերականգնման հարցը` միջազգային օրենքների շրջանակներում, այդ թվում` ժամանակակից Ադրբեջանի պետական եւ հասարակական կյանքին մասնակցելու լիիրավ իրավունքը,

գ) Ադրբեջանի մեջ ապրող այլ ժողովուրդների իրավունքների ճանաչման եւ նրանց Ադրբեջանի պետության կառավարմանը լիարժեք մասնակցության իրավունքի, նաեւ` խորհրդարանական եւ դաշնային Ադրբեջանի հարցերը,

դ) Ատրպատական – Ադրբեջան պատմական կեղծ անցումների հարցը, իրականում Ադրբեջան – Ատրպատական – Աղվանք քաղաքակրթական անցումների հարցը:

  1. Արեւմտյան Հայաստանի ուղղությունը:

Սպառնալիքները: Արեւմտյան որոշ ծրագրերում նկատելի է Վիլսոնյան Իրավարար վճիռն ու Սեւրի դաշնագրի Հայաստանին վերաբերող դրույթները շրջանցելու ձեռագիրը, մասնավորապես Պենտագոնի ծրագիրը, որը 2006 թվականի օգօստոսին հնչեցրեց պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսը: Այդ ծրագրով նախատեսվում է Ազատագրված Քրդստան ստեղծել Կիլիկյան Հայաստանին, Արեւմտյան Հայաստանին, Արեւելյան Հայաստանին պատկանող տարածքների վրա: Այդ նպատակով հրապարակ բերվեցին Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները, որոնք շատ հաճախ սխալմամբ կոչում են հայ-թուրքական արձանագրություններ:

Սպառնալիքները հաղթահարելու իրական ճանապարհները.

ա) ՀՀ-ն, որպես առաջին Հանրապետության իրավահաջորդ, հանդես է գալիս Վիլսոնյան Իրավարար վճիռը կյանքի կոչելու պահանջով,

բ) ՀՀ-ն Ճանաչում է Արեւմտյան Հայաստանի Հայերի իրավունքները ներկայացնող մարմնի` Արեւմտյան Հայաստանի Կառավարության իրավունքը, մասնավորապես, որպես Վիլսոնյան Իրավարար վճռի իր մասով իրավահաջորդ:

  1. Կիլիկյան Հայաստանի ուղղությունը:

Արեւմտյան Հայաստանի յոթ վիլայեթներից երեքը դուրս է մնացել Վիլսոնի Իրավարար վճռից, ինչը բացասաբար է անդրադառնում նաեւ Փարիզի վեհաժողովին եւ Վիլսոնին ներկայացված Հայկական պահանջների վրա, այդ թվում` Կիլիկյան Հայաստանի նկատմամբ, որպես ամբողջական Հայաստանի մեկ անբաժանելի մաս: Պահանջների, բայց ոչ երբեք իրավունքների: 1920 թ. օգոստոսի 4-ին Կիլիկյան Հայաստանի հայությունը հռչակել է Կիլիկիայի անկախությունը, սա մնայուն որոշում է Գաղութային երկրներին (օկուպացված տարածքներին) ու ժողովուրդներին անհապաղ անկախություն տալու մասին ՄԱԿ-ի ընդունած 1960 թ. Կոնվենցիայի դրույթների համաձայն: Այստեղ եւս խնդիր կա պատշաճ մակարդակով ներկայացնելու եւ պաշտպանելու Կիլիկյան Հայաստանի հայերի իրավունքները:

Լրացուցիչ սպառնալիքներ եւ դրանց դիմակայելու լրացուցիչ ուղղություններ

  1. Միջին արեւելքում գտնվող Հայկական գաղթավայրերի բնակչության պաշտպանության եւ անվտանգության եւ այդ իրավունքը կիրառելու խնդիրները:

  2. Տարածաշրջանում ապրող հայության անվտանգության խնդիրները: Հայոց ցեղասպանության դատապարտման եւ ցեղասպանության հետեւանքով առաջացած վնասների հատուցման խնդիրները:

  3. Հայոց պատմության, մշակույթի, քաղաքակրթական արժեքների պաշտպանություն ուղղությունը` համաշխարհային չափերի հասնող ակադեմիական կեղծարարությունից, նենգափոխումից, կողոպուտից ու ավերներից փրկելու ու պաշտպանելու համար:

  4. Իսկ եթե ամփոփելու լինենք, ապա կասենք նաեւ` նոր հազարամյակում հայության հիմնական բնական եւ անօտարելի իրավունքների հաստատման ծրագիրն ու ուղղությունը, որը կարելի ձեւակերպել այսպես.

Նոր հազարամյակը, ընդունել եւ ընկալել, որպես նոր ժամանակաշրջանի սկիզբ, որպես վերափոխումների, իրավունքի եւ արդարության հաստատման մեծ ժամանակաշրջան, իրականացնելու համար համայն հայության ինքնաբուխ մեծ տենչանք – ծրագիրը` հայության բնական եւ մշտնջենական իրավունքի հաստատումը, այն է` հայության ազատ ստեղծագործ կենսագործունեության վերահաստատումն ու ապահովումը Ազատ, անկախ, ինքնիշխան ու միացյալ Հայաստանում: Որտեղ հայ մարդը կարող է ժառանգել ու պահպանել իր ազգային ինքնությունը, ապրել ու հարատեւել խաղաղ, անվտանգ, ստեղծագործ կյանքով:

Նույնը մաղթելու եւ, ի հարկին, օժանդակելու իրագործել աշխարհի բոլոր ազատասեր ժողովուրդներին:

Հ.Գ. – Անշուշտ, սա ազգային – պետական նշանակության ծրագիր է, որը նույնքան ներուժ եւ միջոցներ է ենթադրում, բավարար հավատամք ու կենտրոնացում, ինչը հայության հասարակական քաղաքական ուժերից պահանջում է նաեւ աշխատանքի բաժանում` ծրագիրն ամբողջությամբ եւ լիարժեք իրագործելու համար: Մտավախություն չունենք եւ հավատում ենք, որ խելամիտ եւ մշակված մարտավարություն ընտրելու դեպքում դա միանգամայն տեղավորվում է հայության ներուժի ու հնարավորությունների սահմաններում: Նոր մարտավարություն ընտրելու եւ դրան համապատասխան պարտականությունների եւ աշխատանքի խելամիտ բաժանում կատարելու խնդիրների մասին մենք առաջին անգամ խոսել ենք 2007 թվականին, երբ հրատարակում էինք «Ուխտ Արարատի» պարբերականի հերթական թիվը (Տես, «Ուխտ Արարատի», թիվ 3 (14), հոկտեմբեր – նոյեմբեր, 2007 թ., էջ 56: Տես, www.oukhtararati.com կայքում, amsagrer բաժնում):

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

28.10.2011 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)