Նոր պատերազմի կամավորները. Հայաստանի տպավորիչ թիվը

Կորոնավիրուսի դեմ պայքարին կամավորական աջակցության առողջապահության նախարարության կոչին արձագանքել է 2000 մարդ, ինչից հետո գրանցումը դադարեցրել են՝ կամավորների մեծ թվի պատճառով:

Ֆրանսիան պատերազմի մեջ է, վտանգն աներեւույթ է, բայց մեզ հայտարարված է պատերազմ, կորոնավիրուսի վտանգը նախօրեին բնորոշել էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Վարակը համաշխարհային կյանքն իսկապես դրել է պատերազմական ռեժիմի մեջ, եւ դա բացառություն չէ նաեւ Հայաստանում:

Ըստ այդմ, առաջին իսկ կոչով մոտ 2000 գրանցվածները փաստացի նոր պատերազմի կամավորականներն են: Կասկած չկա, որ նրանց թիվը լինելու էր ավելի մեծ, գրանցումը շարունակելու դեպքում, եթե լինի անհրաժեշտություն: Ընդ որում, նոր պատերազմն այս դեպքում լոկ կորոնավիրուսը չէ: Կորոնավիրուսն ըստ էության կատարում է համաշխարհային կյանքի որոշակի «լյուստրացիա»՝ մարդկային հոգեբանության տեսանկյունից:

Վարակը ֆիզիկապես փակում է աշխարհը, սակայն բացում է այն հոգեբանորեն, «մերկացնում» 21-րդ դարի համաշխարհային մարդու հոգեբանությունն իր լույսով ու ստվերով, արատներով ու առաքինությամբ: Մեծ հաշվով, կորոնավիրուսի դեմ պայքարը լայն եւ խորքային իմաստով այդ երեւույթների «աներեւույթ» պայքարն է: Այստեղ է թերեւս նաեւ պատերազմը լայն իմաստով: Այդ պայքարը նոր չէ, որ ընթանում է կամ առկա է, եւ ինչպես նշեցի՝ վարակը պարզապես մերկացրեց այն ու դրեց գործնականում ամբողջ աշխարհի առաջ:

Այդ իմաստով, Հայաստանի 2000 կամավորականները այդ պայքարում Հայաստանի հաղթանակի գրավականն են, ինչպես հանրային կամավորական ջանքը ֆիզիկական հաղթանակ պարգեւեց արցախյան առաջին պատերազմում եւ պահեց հաղթանակը երկրորդ՝ քառօրյա պատերազմի ընթացքում: Հայաստանի ու Արցախի այդ ֆիզիկական հաղթանակը հոգեբանական իմաստով աղճատվեց արժեհամակարգային եւ մտածողական անհամարժեք մակարդակ ունեցող այսպես ասած վերնախավերի պատճառով:

Եվ այդ խնդիրը Հայաստանի համար եղավ շատ կոնկրետ արգելակ պետականության կայացման ու զարգացման ճանապարհին: Այստեղ եւս էական նշանակություն եւ իմաստ է ստանում արդեն համաշխարհային եւ ազգային մակարդակներում հոգեբանական տոտալ պատերազմի ռեժիմում 2000 կամավորականության հանգամանքը:

Նրանք արտացոլում են անհատական, հանրային այն առաքինությունները, որոնք առօրյա կյանքում սովորաբար լինում են պասիվ, անգամ աննկատելի, գտնվում են այլ հատկանիշների հետ աննպաստ հարաբերակցության մեջ, հաճախ անգամ ճնշված, փոքրացած, սակայն բավարար է առաջին իսկ ֆորս-մաժորը, որպեսզի բռնկվեն ու ցույց տան, թե ինչի վրա է այդուհանդերձ պահվում կյանքը: Այդ կամավորականներն ապահովելու են հաղթանակն արժեքների ճակատում, հաղթանակը մարդկային համակեցության եւ փոխհարաբերության ճակատում, նրանք բնորոշում, լրացնում եւ լրացնելու են այն հոգեբանական մեծ ներուժը, որ ապաշնորհ վերնախավերը աղճատել են ռազմական հաղթանակից հետո:

Ամբողջ հարցն այն է, որ նոր պատերազմի կամավորականությունը կապիտալիզացվի շատ ավելի ճիշտ, հիմնարար, խորը, չնմանվելով այն մեղմ ասած հակասական ճակատագրին եւ դերին, որ պետության հանդեպ ունեցավ ռազմական կամավորականությունը:

Այստեղ մեծագույն պատասխանատվություն է կրում նոր վերնախավը, կամ այն խմբերը, որոնք հավակնում են այդ դերին՝ թե կառավարման, թե որեւէ այլ հանրային, քաղաքական, տնտեսական կարգավիճակում:

 

17:56 17.03.2020 | Մեկնաբանություն

 

https://www.lragir.am/2020/03/17/527854/

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)