Թրամփը համաձայն է Պուտինի մտքին. Երեւանը պետք է պատրաստվի

ԱՄՆ նախագահ Թրամփը համաձայնել է ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների Վեհաժողովի գաղափարին, որ առաջարկել է ՌԴ նախագահ Պուտինը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Պուտինը այդ մասին խոսել էր շաբաթներ առաջ Պետդումային հղած ուղերձում:

Հետո Պուտինն իր այդ գաղափարը կրկնել էր Իսրայելում, որտեղ մասնակցել էր Հոլոքոսթի 75-րդ տարելիցի միջոցառումներին: Պուտինի գաղափարն այն է, որ պետք է սկսել նոր աշխարհակարգի շուրջ քննարկումներ, եւ դրանցում առաջնահերթությունը պետք է լինի ՄԱԿ ԱԽ մշտական անդամներինը:

Լավրովը հայտարարել է, որ հնգյակի Վեհաժողովի գաղափարը հավանության են արժանացրել նաեւ Ֆրանսիայի եւ Չինաստանի նախագահները, իսկ ժամկետն ու տեղը կորոշվի առաջիկայում: Հինգ մշտական անդամներից մյուսը Մեծ Բրիտանիան է: Համաձա՞յն է այդ երկրի վարչապետ Ջոնսոնը, դեռ պարզ չէ:Պարզ չէ նաեւ, թե Լավրովի հայտարարությունը որքանով է ամբողջապես արտահայտում Թրամփի, Մակրոնի կամ Սի Ծինպինի մոտեցումը:

Հնգյակի Վեհաժողովի Պուտինի գաղափարն անկասկած արտացոլում է համաշխարհային որոշումների կայացման առաջնային շրջանակ վերադառնալու նրա ցանկությամբ, որից ՌԴ նախագահին «դուրս հրավիրեցին» ուկրաինական ճգնաժամից, Ղրիմից հետո:

Կհաջողվի՞ Պուտինին իրականացնել իր գաղափարը: Հնարավոր է դա կախված է այն բանից, թե նա որքանով դիմադրունակ կլինի Թուրքիայի հետ դիմակայությունում: Պետք չէ բացառել, որ դրանով է պայմանավորված նաեւ Թրամփի հավանությունը՝ քանի դեռ Ռուսաստանը դիմադրում է, միաժամանակ ակնառու է դառնում, որ Թուրքիան ոչինչ է առանց ԱՄՆ-ի:

Մեծ Հնգյակի ձեւաչափին պետք է պատրաստվի նաեւ Հայաստանը: Խոսքն իհարկե դրանում ներգրավվելու, վեցերորդը լինելու մասին չէ: Հայաստանը պետք է պատրաստվի հնգյակի օրակարգ հայկական հարցը տեղավորելուն: Կամ, ավելի շուտ այդ թղթապանակի իրավատիրոջ կարգավիճակին, քանի որ հայկական թղթապանակը արդեն մեծ օրակարգում է, ինչի մասին վկայում են օրինակ ԱՄՆ Կոնգրեսի որոշումներն ու նախորդ տարի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Չինաստանի նախագահի հայտարարությունները:

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

23:36 03.03.2020 | Մեկնաբանություն

https://www.lragir.am/2020/03/03/523656/

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)