Հայաստանը պատրաստվում է բոլոր հնարավոր սցենարներին

Եթե Թուրքիային ու Ռուսաստանին հաջողվի նորից պայմանավորվել, ինչպես նշում է թյուրքագետ Հայկ Գաբրիելյանը, չկա երաշխիք, որ չեն փորձի նույնը չանել Հարավային Կովկասում Արցախում «համատեղ պարեկության» կամ էլ խաղաղապահների ներգրավման տեսքով:

Այսպես թե այնպես, տարածաշրջանում իրավիճակն այլեւս նախկինը չի լինելու, եւ Հայաստանը պետք է պատրաստվի ցանկացած սցենարի: Երեւանը փորձում է երաշխիքներ ստեղծել իրադարձությունների անկանխատեսելի զարգացման դեպքում: Այս համատեքստում կարելի է դիտարկել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Վրաստան:

Այցի շրջանակում Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են 2020 թվականին պաշտպանության ոլորտում համագործակցության ծրագիրը: Հայկական կողմը հայտարարել է, որ Հայաստանի Զինված ուժերի զինծառայողներն այս տարի կմասնակցեն ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվելիք Noble Partner 2020 վրաց-ամերիկյան բազմազգ զորավարժություններին: Վերջին տարիներին Հայաստանը չի մասնակցել այդ վարժանքներին:

Բացի այդ, փետրվարի 28-ին Աթենքում Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2020 թվականի համագործակցության ծրագրերը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հունաստանի խորհրդարանը թույլ է տվել երկրում ամերիկյան նոր ռազմաբազաների տեղակայումը: Ամերիկացիները կարող են նաեւ ազատորեն օգտագործել երկրի բոլոր ռազմական օբյեկտները: «Հունաստանը ՆԱՏՕ-ում առանցքային դաշնակից է, եւ շարունակելու ենք ամրացնել մեր ամուր գործընկերությունը եւ նպաստել տարածաշրջանում կայունությանը», – Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Մինչդեռ, Սիրիայում իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններում հնչում են կոչեր՝ «Պուտին, Ստամբուլը Կոնստանդնուպոլիս դարձրու», «Պուտինը մեր փոխարեն անում է սեւ գործը», – գրում են Արեւմուտքի օգտատերերը:

ԱՄՆ-ն, Հունաստանի հետ համաձայնագիր ստորագրելով, ուզում է «օգնել» Պուտինին «Ստամբուլը Կոնստանդնուպոլիս» դարձնել: Դա Էրդողանի սարսափ երազն է, որը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա Կոնստանդնուպոլսի վերստեղծումը, հատկապես այն բանից հետո, երբ նրա կուսակցությունն ընտրություններում «կորցրեց» Ստամբուլը:

Իր հերթին, Ռուսաստանը նույնպես փորձում է ցույց տալ Հայաստանին, որ պատրաստ է երաշխիքներ տալ: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասում է, որ «Հայաստանի ու Ռուսաստանի փոխգործակցության ծանրակշիռ դրսեւորում է զորքերի միասնական ստորաբաժանումը, որը Հայաստանի, Ռուսաստանի ու ՀԱՊԿ երկրների անվտանգության ապահովման կարեւոր խնդիրներ է լուծում»:

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասը Երեւանում հայտարարել է, որ Հայաստանը օգնության համար չի դիմել ՀԱՊԿ-ին, բայց եթե դիմի, դաշինքը պատրաստ է դիտարկել հայտը:

Հայաստանը պետք է պատրաստվի բոլոր հնարավոր սցենարներին:

 

09:47 01.03.2020 | Մեկնաբանություն |

https://www.lragir.am/2020/03/01/522740/

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)