Հայ փախստականների “ՉԵԼԵՆՋԸ” Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուներին

Մենք` աշխարհով մեկ սփռված Ադրբեջանական ԽՍՀ-ից շուրջ 700 000 հայ փախստականներս, միանում ենք Արցախի Հանրապետությունը բանակցային սեղան վերադառնալու պահանջին:

Ողջունում ենք ձեր մասնակցությունը այս մրցապայքարում և ակնկալում ենք ձեր արձագանքը և մոտեցումները ստորև բերված մեր փաստերին և այն պահանջներին, որոնց իրականացումը գնահատում ենք կենսական առաջնահերթություն:

Կրկին անգամ փաստում ենք, որ

  1. 1987-92 թվականներին Կասպից Արևմուտքում կամայականորեն տեղավորված ցեղասպան ռեժիմը կազմակերպեց և իրականացրեց պետականաստեղծ, տիտղոսային հայ ազգի ցեղասպանությունը: Հայաթափեց հայկական օջախները Չարդախլույում, Սումգայիթում, Գանձակում ու Գարդմանքում, Նախիջևանում, Բաքվում, Կասպից Արևմուտքի  հայաբնակ բոլոր վայրերում:

  2. 1987-1992 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ-ից շուրջ 700 հազարանոց հայությունը ցեղասպանության արդյունքում բռնի տեղահանվեց, ցրվեց աշխարհով մեկ, դարձավ փախստական: Խորհրդային տարիներին հայության դեմ ընթացող քողարկված ցեղասպանությունը շատ արագ սրվեց, ու հաշվեհարդար տեսան հայության հետ, ցեղասպանելով, կողոպտելով, բռնի տեղահանելով:

  3. Ցեղասպան ռեժիմը մինչ օրս էլ կոնֆլիկտի մեջ է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստական դարձած հայության և կամայականորեն իր վերահսկողության տակ հայտնված մյուս բնիկ ժողովուրդների հետ:

  4. Հայությունը 1992-ին կասեցրեց ցեղասպան մեքենայի առաջխաղացումը դեպի Արցախ, ու բռնկվեց արցախյան ինքնապաշտպանական պատերազմը, որը ցեղասպանությունից ռազմական ճանապարհով պաշտպանության միակ ելքն էր տարածաշրջանի ողջ հայության համար:

  5. Արցախի ինքնորոշման կամարտահայտությունը ցեղասպանությունից փրկության իրավաքաղաքական քայլ էր:

  6. Ինքնապաշտպանական այդ պատերազմի արդյունքում ազատագրվեցին տարածքներ, որոնց իրավատերը միջազգային իրավունքի դաշտում Ադրբեջանական ԽՍՀ-ից շուրջ 700 000 հայ փախստականներն են:

  7. Վերջին քսանութ տարիներին բանակցային ընթացքի ողջ բովանդակությունը եղել է կեղծ, ցեղասպանությունը հովանավորող, տարածաշրջանը թեժ ու պատերազմի մեջ պահող` ոտնահարելով Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների և Կասպից Արևմուտքի բնիկ, պետականազուրկ ժողովուրդների իրավունքները:

Այսօր արդեն կենսական պահանջ է, որ Արցախի Հանրապետությունը

  1. պետական մակարդակով քաղաքական քննարկման դաշտում դնի Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքների վերականգման խնդիրը` որպես տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման առանցքային գործոնի:

  2. ճանաչի 1987-1992 թվականներին Կասպից Արևմուտքում տեղավորված ցեղասպան ռեժիմի կողմից Ադրբեջանական ԽՍՀ-ի ազգությամբ հայ քաղաքացիների հանդեպ իրականացրած ոճրագործությունները ցեղասպանության շարունակություն, իրականացնի հետաքննություն՝ վեր հանելու այն ուժերին, որոնք կազմակերպել, իրականացրել ու արդեն 33 տարիներ շարունակական են պահում հայության դեմ ցեղասպանությունը:

  3. տարածքները ճանաչի ցեղասպանից ազատագրված տարածքներ, նպաստի այդ տարածքների իրավատիրոջ՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքների վերականգմանը և հնարավորություն տա նրանց շարունակելու այդ տարածքներում վերաբնակվել:

  4. կասեցնի կեղծ ու շինծու պատմության վրա հենված Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սկսված գործընթացը: Չի կարող հայությունը փոխհատուցել ցեղասպանությանը դիմակայելու արդյունքում ծագած հակամարտության ընթացքում փախստականների կրած վնասների համար, այդ վնասները հասցրեց Բաքվում տեղավորված ցեղասպան ռեժիմը` իր վերահսկողության տակ հայտնված քաղաքացիների հանդեպ հրահրած ցեղասպանական պատերազմի ընթացքում: 1987-1994 թվականների ողջ վնասի հատուցումը Բաքվի ցեղասպան ռեժիմի պարտքն է թե՛ “ադրբեջանցի” փախստականների, և թե՛ հայ փախստականների հանդեպ:

  5. նպաստի և աջակցի Կասպից Արևմուտքի ժողովուրդների հետ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների երկխոսության կայացմանը: Այդ երկխոսությունը կվերաբերի տարածաշրջանում ապագա անվտանգ ու ներդաշնակ կյանքի, ժողովուրդների և մարդու իրավունքների վերահաստատմանը, այդ ժողովուրդների ինքնությունը հարգող և զարգացնող համակեցության  կազմավորմանը:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար 

22:32 27.02.2020 | Արցախ |

https://www.lragir.am/2020/02/27/522165/

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)