Հայկական արեալը. Վան, Երուսաղեմ

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը այսօր ցավակցել է Վանի երկրաշարժի զոհերի հարազատներին: «Թուրքիայի» հիշատակման բացակայությունը պատահական չէ: Հայաստանը չի ճանաչել Թուրքիայի սահմանները, եւ այդ երկրի ղեկավարությունն այդ փաստը մեծ մարտահրավեր է համարում իր ազգային անվտանգությանը: Վանը Թուրքիա չէ, ահա Հայաստանի ԱԳՆ ցավակցության ուղերձը:

Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայկական բնիկ ներկայության եւս մեկ կարեւոր կետ է նշել: Երեւանում Սլովակիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսում Մնացականյանը պատասխանել է Երուսաղեմի ապագա կարգավիճակի մասին հարցին:

«Հայաստանն առանձնահատուկ ուշադրությամբ հետևում է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ընթացող զարգացումներին, ինչը պայմանավորված է Սուրբ քաղաքում հայկական դարավոր ներկայությամբ, հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկն է: Հայաստանը գտնում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների արդյունքում»,- ասել է Մնացականյանը:

Հայկական թաղամասը Երուսաղեմի Հին քաղաքի չորս թաղամասերից մեկն է, զբաղեցնում է Հին քաղաքի տարածքի 14%-ը: Հայկական պատրիարքությունը հիմնվել է VII դարում: Երուսաղեմում Սուրբ Հարության տաճարը պատկանում է Երուսաղեմի հույն ուղղափառ պատրիարքությանը, Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքությանը եւ կաթոլիկների Ֆրանցիսկյան միաբանությանը:

Երուսաղեմի կարգավիճակը չի կարող որոշվել առանց հայկական գործոնը հաշվի առնելու՝ սա է Հայաստանի ԱԳ նախարարի այսօրվա պատասխանի ուղերձը: Այս ուղերձը խիստ արդիական է Մերձավոր Արեւելքում իրադարձությունների ֆոնին: Հայկական գործոնն առանցքային է դառնում տարածաշրջանում, հատկապես ԱՄՆ Կոնգրեսի եւ Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո:

Վանին ու Երուսաղեմին Զոհրաբ Մնացականյանին հղումները գծում են հայ էթնոսի ընդգրկումը, որի համար ֆորմալ սահմանները մեծ նշանակություն չունեն:

 

22:42 24.02.2020 | Մեկնաբանություն |

https://www.lragir.am/2020/02/24/520911/

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)