Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի վերաբերյալ որոշումը կայացվել է դեռեւս 1920 թվականին

(Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման հարցով Փարիզի վեհաժողովի Հատուկ հանձնաժողովի որոշման 100-ամյակի կապակցությամբ)

Այսօր՝ փետրվարի 24-ին, լրանում է 100 տարին, երբ 1920 թվականին՝ Փարիզի խաղաղության վեհաժողովում Հայաստանի սահմանները որոշող Հատուկ հանձնաժողովը ներկայացրել է «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» փաստաթուղթը, որի տակ դրված են Ազգերի լիգայի Խորհրդի անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի, լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները:

Փաստորեն, սա երկրորդ կարևոր նշանակություն ունեցող փաստաթուղթն է, որն ընդունվել է միջազգային հանրության կողմից ընդամենը մեկ ամիս անց, երբ Դաշնակիցների Գերագույն Խորհուրդը 1920 թ. հունվարի 19-ին կայացրել է իր պատմական որոշումը եւ «դե ֆակտո» ճանաչել է Հայկական պետությունը:

«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մի քանի ուղիների մասին» 2017 թ․ գրված հոդվածում մանրամասն ներկայացրել ենք հակամարտության կարգավորման երեք տարբերակներ, որոնք հաշվի չեն առնվել ԵԱՀԿ-ի Մինսկի  խմբի կողմից։ Դրա պատճառը խնդրին անպայման քաղաքական լուծում տալու ձգտումն է, որի պատճառով հակամարտության բուն էությունը խեղաթյուրվել է, բնականաբար, խեղաթյուրվել է եւ նրա կարգավորումը։

Ինչպես իրավացիորեն նշում է քաղաքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը․ «Հիմնախնդրի քաղաքականացման պատճառով ոչ ԵԱՀԿ-ի Մինսկի  խմբում, որտեղ շուրջ երկու տասնամյակ ընթանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, ոչ ՄԱԿ-ում եւ ոչ էլ միջազգային իրավասու մեկ այլ ատյանում մինչ օրս «Ղարաբաղյան հիմնախնդրի իրավական փաթեթ» չի ներկայացված»: (Ալեքսանդր Մանասյան, «Ղարաբաղյան հակամարտություն. Իրավաքաղաքական փաստերի եւ փաստարկների նվազագույն փաթեթ», «Տիգրան Մեծ» հրտ., Երեւան, 2008, էջ 6)

Մինչդեռ, կանխատեսելով հակամարտության առաջացման հավանականությունը, 1920 թվականի փետրվարի 24-ին Փարիզի վեհաժողովի Հատուկ հանձնաժողովը ներկայացրել է զեկույց – առաջարկ Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման վերաբերյալ, որի 100-ամյակը լրանում է 2020 թ․ փետրվարի 24-ին։

Սույն զեկույցում հստակեցված են սահմանազատման սկզբունքները, որտեղ նշված է. «Ինչ վերաբերում է Հայաստան պետության եւ Վրաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ: Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որեւէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի Միջդաշնակցային Հանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշյալ սահմանները՝ հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները»:

Այդ մասին «Հայ-ադրբեջանական սահմանը» հոդվածում քաղաքագետ Արա Պապյանը գրում է. «Հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920-ի փետրվարի 24-ի զեկույց – առաջարկն է, որով Ազգերի լիգային էր վերապահված հայ-ադրբեջանական սահմանազատումը: Ուստի, ՄԱԿ-ը՝ որպես Ազգերի լիգայի իրավահաջորդ, եւ մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես Գլխավոր դաշնակից ուժերի տեղապահ, պարտավորություն ունեն կենսագործել այդ սահմանազատումը՝ հիմք ընդունելով 1920թ. նոյեմբեր-դեկտեմբերի ազգային տեղաբաշխման տվյալները: Ներկա ազգային տեղաբաշխումը չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման համար, քանզի այն առաջացել է Ադրբեջանի հանցավոր հայաթափման՝ էթնիկ զտման, քաղաքականության հետեւանքով, իսկ հանցագործության հետեւանքները չեն կարող առաջացնել իրավունքներ՝ Ex injuria non oritur jus»: (Տես, Արա Պապյան, Հայ-ադրբեջանական սահմանը (փորձաքննություն ըստ միջազգային իրավունքի, «Ուխտ Արարատի», թիվ 2 (16), նոյեմբեր – դեկտեմբեր, 2008, էջ 11):

Ավելին, Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման այդ սկզբունքը, որոշումը, ներառվել է նաեւ Սերի խաղաղության պայմանագիր, որպես 92-րդ հոդված, որտեղ նշված է․ «Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով: Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչեւ 89-րդ հոդվածում հիշատակված որոշման օրը չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի Գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաեւ սահմանանշումը»:

Նշյալ փաստաթուղթն ընդգրկվել է նաեւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի (22 նոյեմբերի, 1920 թ.) Ամբողջական զեկույցի մեջ, որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ։

Շատ հատկանշական է, որ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը 22 նոյեմբերի 1920 թ.-ին Դաշնակից տերությունների Գերագույն խորհրդի նախագահին ուղղված նամակում տեղեկացնելով իր կողմից կայացված Իրավարար վճռի մասին, միաժամանակ հավելում էր, որ «անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանի նորաստեղծ պետությունը, անշուշտ, ներառելու է նաեւ նախկին Ռուսաստանի անդրկովկասյան հայկական մարզերի մի մեծ բաժինը»։

Ըստ էության, հայ ժողովրդին տրված իրավունքների մասով 1920 թ. ընթացքում՝ Փարիզի Խաղաղության վեհաժողովում եւ Սան Ռեմոյի Կոնֆերանսում (Հաղթող տերությունների Գերագույն խորհրդի նիստը 1920 թ. ապրիլի 19-26-ը) ընդունվել են որոշումներ, որոնք հետագայում տեղ են գտել ինչպես Սեւրի Խաղաղության պայմանագրում, այնպես էլ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռում եւ այլ որոշումներում, որպես Հայաստան պետության վերաբերյալ կայացված որոշումներ, այդ թվում՝ Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920-ի փետրվարի 24-ի զեկույց – առաջարկը «Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման մասին»։

Մնում է հարցնել, այս բոլոր որոշումներին տեղյակ չէ՞ ԵԱՀԿ-ի Մինսկի  խումբը, թե՞ նա շարունակում է միջազգային ընկերակցության որոշ դերակատարների կողմից 1920-ական թթ․ շրջանառության մեջ դրված ամեն գնով Հայկական Հարցի լուծումն անտեսելու ու արգելափակելու գործելակերպը։

Այլապես ինչպես բացատրել, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների փաթեթում ներառված չէ Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920-ի փետրվարի 24-ի զեկույց – առաջարկը «Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման մասին»։ Փոխարենը, սակայն, ներառված են, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները, որոնք, ի սկզբանե, խեղաթյուրում են թե հակամարտության բուն էությունը, թե նրա արդարացի ու վերջնական կարգավորման հնարավորությունը։

Ստիպված ենք ընդգծել, որ բոլոր նրանք, ովքեր կամ չեն ցանկանում հակամարտության խաղաղ կարգավորումը, կամ շրջանցում են կարգավորման իրավական մեխանիզմները, իրականում հրահրում են նոր պատերազմ եւ ցեղասպանություն…

Դա վերաբերում է ինչպես Մերձավոր Արեւելքում Հայկական Հարցի վերջնական ու արդարացի կարգավորմանը, այնպես էլ Հայաստան պետության ու Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման հարցին, համաձայն Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920-ի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկի «Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման մասին», ըստ 1920 թվականի նոյեմբեր – դեկտեմբեր ամիսների ազգային տեղաբաշխման տվյալների։

Վերոնշյալ փաստերից ու մտահոգություններից մեկնած, Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) 2019 թ․ օգոստոսի 7-ին ՄԱԿ-ին ուղղել է՝ «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) դիմումը՝ Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ», որը ՄԱԿ-ին ուղղված թվով չորրորդ դիմումնագիրն է։

Դիմումի տեքստին կարող եք ծանոթանալ հետեւյալ հասցեում – http://parliament-wa.info/hy/archives/10840

Արմեն ՏերՍարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 24-ը փետրվարի 2020 թ.

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)