Պատգամավորի գնահատմամբ` Ադրբեջանը ծանր է տանում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ մոտեցումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի գնահատմամբ, Ադրբեջանը ծանր է տանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի Հանրապետության իշխանությունների մոտեցումը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին Հայրապետյանը նշեց փետրվարի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

«Մենք առաջարկում ենք մթնոլորտի առողջացում, դրան ուղղված հումանիտար միջոցառումներ, Արցախի վերադարձ բանակցային սեղան եւ լիարժեք ձեւաչափի վերականգնում, դրանից հետո արդեն՝ խոսակցություն հնարավոր լուծումների մասին, որը պետք է ընդունելի լինի տարածաշրջանում այդ լուծման կրողը հանդիսացող ժողովուրդների համար: Այս մոտեցումն ադրբեջանական կողմը ծանր է տանում»,- ասաց Հայրապետյանը:

Պատգամավորը նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից նախկինում քննարկված տարբերակները նրանց իշխանությունը չի դիտարկում, որովհետեւ դրանք տարիների ընթացքում հաջողություն չեն ունեցել:

«Նախորդիվ տարբեր լուծումներ են քննարկվել, դրանցից որոշները հանրային են եղել, որոշները՝ ոչ հանրային: Անգամ այն պահերին, երբ լուծումը շատ մոտ է թվացել, վստահ եմ, հայկական կողմը ոչ թե ցանկացել է գնալ տարածքային զիջման` հասկանալով դրա կործանարար բնույթը, այլ, հաշվի առնելով Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցումը, գլխավոր հույսը դրել է Ադրբեջանի «ոչ»-ի վրա: Մենք այդ տակտիկայով առաջ չենք գնում, կարծում ենք, որ հեղափոխությունը, ձեւավորված լեգիտիմ իշխանությունը նշաձողերը փոփոխելու հիմք են տալիս, մենք առաջ ենք քաշում մեր օրակարգը»,- նշեց Տաթեւիկ Հայրապետյանը:

 

Նոյեմբերի 4-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի

Ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար:

«Ղարաբաղի հարցն իմ հարցը չէ, խմբի հարց չէ, Ղարաբաղի հարցը համազգային հարց է:Ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Իմ հիմնական խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել եւ գտնել Հայաստանի ժողովրդի համար, հայ ժողովրդի համար ընդունելի լուծումը, եւ, երբ բանակցային գործընթացում կձեւակերպվի մի այնպիսի լուծում, որը ես կարող եմ համարել, որ ընդունելի կլինի հայ ժողովրդի համար, ես այդ լուծման առաջարկը կներկայացնեմ մեր ժողովրդին, դրա շուրջ համազգային քննարկում մենք կունենանք, եւ որոշումները կկայացվեն համազգային ձեւաչափով»,- նշել է Փաշինյանը:

 

https://armenpress.am/arm/news/1005610.html

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)