«

»

Փտր 04

Արեւմտյան Հայաստանի կառավարության ձեւավորումը ինքնանպատակ գործողություն չէ

Արեւմտյան Հայաստանի կառավարության 9-րդ տարեդարձի կապակցությամբ

Արեւմտյան Հայաստանի կառավարության ձեւավորումը (եւ ոչ միայն կառավարության, այլեւ պետական ողջ համակարգի, նաեւ խորհրդարանի ու նախագահի համակարգի) ի սկզբանե նպատակ ունի պաշտպանելու 1918, 1919-20 թթ․ միջազգային ընկերակցության կողմից հայ ժողովրդին տրված իրավունքները։

Կառավարության ստեղծման գործընթացի մեկնարկը տրվել է 2001 թ․ փետրվարի 4-ին։ Խորհրդարանի եւ նախագահի համակարգի մեկնարկը՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 2014 թ․ հունվարի 18-20-ը անցկացված 1-ին գումարման 1-ին նստաշրջանում։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ձեւավորման իրավական — քաղաքական հիմքերի մաս են կազմել «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի սկզբունքներն ու դրույթները (13.09.2007 թ.), որոնց հիման վրա ստեղծվել է Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային ինքնության եւ քաղաքացիության համակարգը, ձեւավորվել՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) իրավական – քաղաքական եւ պետական կառույցը: Համաձայն Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի 21-րդ հոդվածի, ձեւավորվել են Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) իշխանության օղակները՝ Ազգային ժողովը (Խորհրդարան), Կառավարությունը եւ Նախագահական համակարգը:

2013 թ․ նոյեմբերին, առաջին անգամ, համացանցում՝ էլեկտրոնային ուղղակի քվեարկության միջոցով, անցկացվել են Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորների ընտրություններ: Ընտրություններին մասնակցել են շուրջ 18 հազար ընտրող՝ 41 երկրներից, ընտրվել են 64 պատգամավոր:

2018 թ. սեպտեմբերի 1-5-ը կայացել են Խորհրդարանի 2-րդ գումարման ընտրություններ, որին մասնակցել են 51 հազար 500 ընտրող՝ 47 երկրից, միասնական ցուցակով ընտրել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 101 պատգամավոր:

Ներկայիս Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը Ռադիկ Խամոյանն է, վարչապետը՝ Տիգրան Փաշաբեզյանը, Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահը՝ Արմեն Տեր-Սարգսյանը:

2014 թվականից Արեւմտյան Հայաստանի պետական համակարգի ամբողջական անվանումն է Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)։

Հիշատակենք այն որոշումներն ու վճիռները, որոնք կյանքի կոչելու եւ իրականացնելու նպատակին է միտված Արեւմտյան Հայաստանի պետական համակարգի ողջ գործունեությունը։ Դրանք են․

  1. Ռուսաստանի Կառավարության Դեկրետը (Ռուսաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդ) «Թուրքահայաստանի մասին» (Արեւմտյան Հայաստանի մասին), 11 հունվար 1918 թ.,

  2. Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչումը, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, 19 հունվար 1920 թ.,

  3. Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե (de jure) Հայաստան պետության անկախության ճանաչումը, Փարիզ, 11 մայիս 1920 թ.,

  4. ԱՄՆ Սենատում կայացած 1920թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը Հայաստանի մանդատի քննարկումները, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն դե ֆակտո (de facto) ճանաչել է Հայաստան պետության իրավունքն ու տիտղոսը հայկական տարածքների նկատմամբ եւ դրանով չեղյալ է համարել այդ տարածքների նկատմամբ Օսմանյան կայսրության իրավունքն ու տիտղոսը,

  5. Կիլիկիայի հայերի ընդունած «Կիլիկիայի անկախության մասին» Հռչակագիրը, 4 օգոստոս 1920 թ.,

  6. Սեւրի խաղաղության պայմանագիրը, 10 օգոստոս 1920 թ.,

  7. ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ, 22 նոյեմբեր 1920 թ.:

Այս նկատառումներից մեկնած Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) 2018 եւ 2019 թթ․ ՄԱԿ-ին ուղղեց հետեւյալ դիմումնագրերը.

  1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) դիմումը՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ, 25 մայիս 2018 թ.:

  2. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) դիմումը՝ կյանքի կոչելու եւ իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա, 29 մայիս 2018 թ.:

  3. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) դիմումը՝ Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ, 20 նոյեմբեր 2018 թ.։

  4. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) դիմումը՝ Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ, 7 օգոստոս 2019 թ․։

Իրականում սա հնարավորություն եւ միջոց է լավագույն ձեւով պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, Մերձավոր Արեւելքի հայ համայնքները գոյություն ունեցող սպառնալիքներից ու մարտահավերներից։

Բնականաբար, սա հնարավորություն եւ միջոց է ջանքեր ներդնելու կյանքի կոչելու եւ իրականացնելու համար հայ ժողովրդին տրված բոլոր իրավունքները։ Հնարավորություն եւ միջոց է, վերջապես, հասնելու 100 տարուց ավելի առկախված Հայկական Հարցի արդարացի եւ վերջնական կարգավորմանը։

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

04.02.2020 թ.

—————-

Շնորհավորում ենք Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներին, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պաշտոնյաներին, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորներին՝ Արեւմտյան Հայաստանի կառավարության ձեւավորման 9-րդ տարեդարձի կապակցությամբ։ Միասին ենք։ Միասին էլ հասնելու ենք հաջողության ու հաղթանակի։

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)