Հայ ժողովրդի իրավունքների եւ Հայկական Հարցի արդարացի լուծման վերաբերյալ կայացված որոշումների 100-ամյակին ընդառաջ

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան)` Կառավարության եւ Ազգային Ժողովի (Խորհրդարանի) համատեղ որոշումը

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո պատերազմում հաղթած պետությունները՝ պարտված պետությունների հետ խաղաղության պայմանագիր մշակելու եւ կնքելու նպատակով հրավիրեցին Փարիզի Խաղաղության վեհաժողովը, որն ընդհատումներով տեղի ունեցավ 1919 թ. հունվարի 18-ից մինչեւ 1920 թ. հունվարի 21-ը:

Հայ ժողովրդի պահանջների եւ իրավունքների մասով 1920 թ. ընթացքում՝ Փարիզի Խաղաղության վեհաժողովում եւ Սան Ռեմոյի Կոնֆերանսում (Հաղթող տերությունների Գերագույն խորհրդի նիստը 1920 թ. ապրիլի 19-26-ը) ընդունվեցին որոշումներ, որոնք հետագայում տեղ գտան ինչպես Սեւրի Խաղաղության պայմանագրում, այնպես էլ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռում եւ այլ որոշումներում, որպես Հայաստան պետության վերաբերյալ կայացված որոշումներ:

Հայկական Հարցի սկզբնավորումից (1878 թ.) հետո ընկած ժամանակահատվածում Հայկական Հարցի վերջնական կարգավորման նոր օրակարգ (համազգային ծրագիր) չի ձեւավորվել, բացառությամբ 1973–1985 թթ. Նորագույն զինյալ–ազատագրական պայքարի գործունեության ու ծրագրի: Այդ թվում նաեւ Հայերի ցեղասպությունից հետո ընկած ժամանակահատվածում. 1894–1923 թթ. Թուրքիայի իշխանությունների կողմից՝ սուլթանական, երիտթուրքական, քեմալական, իրականացված Օսմանյան Կայսրությունում, Արեւմտյան Հայաստանում, Հայկական Կիլիկիայում, Արեւելյան Հայաստանում, 1918-1920 թթ. Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Բաքվում, Շուշիում, 1988-1992 թթ. Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Մարաղայում…, եւ որը շարունակվում է մինչեւ այսօր:

Հայկական Հարցի արդարացի լուծման եւ Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղություն հաստատելու պայմաններից են, ինչպես Սեւրի Խաղաղության պայմանագրի եւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի պահանջների իրագործումը, այնպես էլ Հայաստան պետության վերաբերյալ 1920 թ. կայացված բոլոր այլ որոշումների իրականացումը կյանքում:

Նշենք, որ ինչպես 1980–ականների վերջերին եւ 1990–ականների սկզբներին հայ հասարակական–քաղաքական միտքը, մեծ հաշվով, պատրաստ չէր Հայաստանի Հանրապետության անկախության վերահաս իրողությանը, այնպես էլ այսօր նա պատրաստ չէ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) (այդ թվում՝ Կիլիկիայի) անկախության անկասելի վերահաս իրողությանը:

Հայկական Հարցի վերջնական կարգավորման նոր օրակարգ (ազգային–պետական ծրագիր) ձեւավորվում է 2004–2014 թթ. ընթացքում, երբ 2004 թ. դեկտեմբերի 17–ին՝ Շուշիում, հիմնադրվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը: Նույն օրը ընդունվում է հռչակագիր Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: 2011 թ. փետրվարի 4–ին հայտարարվում է Արեւմտյան Հայաստանի Կառավարության կազմավորման գործընթացի սկիզբը:

2013 թ. նոյեմբերին կայացած համաժողովրդական ընտրությունների միջոցով ձեւավորվում է Արեւմտյան Հայաստանի 1-ին գումարման Ազգային Ժողովը (Խորհրդարանը): Ընտրություններին մասնակցեցին 17.897 քաղաքացի, աշխարհի 41 երկրներից, որոնք ընտրեցին 64 պատգամավոր:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններին 2018 թ. սեպտեմբերի 1-5-ը արդեն մասնակցեցին 51.505 ընտրող, 47 երկրից, միասնական ցուցակով ընտրեցին 101 պատգամավոր, որոնք էլ իրենց հերթին ընտրեցին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) նախագահ եւ հաստատեցին վարչապետի թեկնածությունը:

Այս ամենը նշանակում է, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) կարեւոր քայլեր է կատարել Հայոց իրավունքների եւ պահանջատիրության հիմնադրույթները միջազգային քաղաքականության հիմնական դերակատարներին հասցնելու եւ դրանց իրականացումը իրավաչափության ամուր դիրքերից հետապնդելու առումով:

Այս ամենը նշանակում է, որ Հայկական Հարցի վերջնական ու արդարացի լուծման խնդիրը կրկին վերադառնում է միջազգային իրավական – քաղաքական օրակարգ:

Ուստի միանգամայն օրինաչափ է, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) 2018 թվականի մայիս եւ նոյեմբեր ամիսներին երեք դիմումնագիր ուղարկեց ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին եւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Մշտական անդամ պետություններին՝

  1. ՄԱԿ-ին անդամակցելու,
  2. ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու, իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) հաստատումը Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա,
  3. Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ:

ՄԱԿ-ին ուղղված դիմումնագրերը հիմնված են հայ ժողովրդի իրավունքների վերաբերյալ կայացված հետեւյալ որոշումների եւ միջազգային պայմանագրերի վրա, որոնց 100-ամյակը նշվում է 2020 թվականին.

  1. 11 հունվար 1918 թ․ – Ռուսաստանի Կառավարության Դեկրետը «Թուքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»),
  2. 19 հունվար 1920 թ. – Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչումը, Փարիզի Վեհաժողովի ժամանակ,
  3. 11 մայիս 1920 թ. – Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե(de jure) Հայաստան պետության անկախության ճանաչումը,
  4. 29 մայիս – 1 հունիս 1920 թ. – ԱՄՆ Սենատում Հայաստանի մանդատի քննարկումները, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն դե ֆակոտ (de facto) ճանաչել է Հայաստանի (Հայաստան պետության) տիտղոսը հայկական տարածքների նկատմամբ:
  5. 4 օգոստոս 1920 թ. – Կիլիկիայի հայերի ընդունած «Կիլիկիայի անկախության մասին» Հռչակագիրը,
  6. 10 օգոստոս 1920 թ. – Սեւրի խաղաղության պայմանագիրը,
  7. 22 նոյեմբեր 1920 թ. – ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»:

Ելնելով վերոնշյալից՝  Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան), Կառավարության ու Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 19 հունվար 2019 թ. համատեղ որոշմամբ, 2020 թ. հայտարարում է Հայ ժողովրդի իրավունքների եւ Հայկական Հարցի արդարացի լուծման վերաբերյալ կայացված որոշումների տարի:

Ըստ այդմ, առաջարկում ենք.

  1. ՄԱԿ-ին ուղղված դիմումնագրերին համապատասխան գործունեություն ծավալել կյանքի կոչելու եւ իրականացնելու համար Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով սահմանազատված տարածքի եւ Հայկական Կիլիկիայի վրա:
  2. Միջազգային կառույցներին առաջարկել իրավական – քաղաքական գործընթաց սկսել Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու նպատակով:
  3. Աշխատանքներ ծավալել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի եւ Հայկական Հարցին առնչվող պետությունների հետ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) վերջնական ճանաչումն ապահովելու համար:
  4. Համապատասխան աշխատանքներ իրականացնել միջազգային համաժողովներում եւ ֆորումներում, մշտական աշխատանքներ իրականացնել խորհրդարանականների, քաղաքական ու հասարակական գործիչների, դիվանագետների, ինչպես նաեւ հոգեւոր կենտրոնների ու կառույցների հետ:
  5. 2019 թ. հունվարի 19-ից սկսած կազմակերպել բազմաբնույթ գործունեություն՝ ուղղված կյանքի կոչելու եւ իրականացնելու հայ ժողովրդին տրված բոլոր իրավունքները, հանգելու Հայկական Հարցի վերջնական ու արդարացի լուծման:

 

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

 

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

 

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

19 հունվար 2019 թ.

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)