Պարույր Սեւակ, «Ձյունը»

Սիրում եմ ես ձյունը:

 

Սիրում եմ ես ձյունը,
Երբ որ նա իջնում է
Անտես երկինքներից այս մայթերին,
Եվ մեծաքա՜յլ , դանդա՜ղ դու շրջում ես,
Ինքդ էլ չիմանալով անրջում ես
Այն, ինչ կյանքում վեհ է եւ անթերի:

 

Սիրում եմ ես ձյունը:

Երբ որ նա իջնում է,
Դու հիշում ես հանկարծ
Անցած տարիներիդ խայտանքը մանկական,
Եվ քաղցրորեն սիրտըդ քեզ տանջում է:
Դու հիշում ես հանկարծ
Երբե՜ք չմոռացված այն աղջըկան,
Որի թարթիչներին իջած ձյունը
Լսելի է դարձրել սրտիդ բաբախյունը…

 

Սիրում եմ ես ձյունը:

Երբ որ նա իջնում է,
Ինքդ էլ չիմանալով՝ անրջում ես,
Որ գալիքը, վաղը, որ ապագան
Քեզ չտեսած անգամ՝
Ճանաչում է:
Եվ հաճույքից սիրտըդ խենթորեն ուռչում է.
Քաղցր է թվում, որ դու
Այս կյանքում չես ծնվել օրապակաս,
Որ ապրո՛ւմ ես, որ կա՛ս,
Որ շնչո՜ւմ ես…

 

Սիրում եմ ես ձյունը:

Սիրում եմ ես ձյունը,
Երբ որ նա իջել է,
Երբ իջել է նաեւ լռությունը,
Եվ մեծաքա՜յլ, դանդա՜ղ, լո՛ւռ շրջելով,
Դու զգում ես նրա
Փխրունության վրա
Քո մարդկայի՜ն մարմնի ծանրությունը…

 

1955 թ, Մոսկվա

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)