«

»

Հնվ 09

Թեհրանը հանձնեց ծանր քննությունը, իսկ «հնգյակը» խաղից դուրս մնաց

«Մեր բոլոր գործողությունները համազոր էին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Դրանք ավարտվել են: Եթե ԱՄՆ-ն այլևս ռազմական գործողություններ չնախաձեռնի Իրանի նկատմամբ, մեր կողմից նման գործողություններ նույնպես չեն լինի», հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին:

Դրանից առաջ ուղերձ էր հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների իրանյան հրթիռակոծումից հետո, որի հետեւանքով մարդկային կորուստ չի եղել: Թրամփը հայտարարել է, որ Իրանը նահանջում է ու դա լավ է: Միաժամանակ, նա դիմել է Իրանի ղեկավարությանն ու ժողովրդին. «Մենք ցանկանում ենք, որ դուք մեծ ապագա ունենաք, այնպիսի ապագա, որին արժանի եք՝ ներդաշնակ լինելով աշխարհի ազգերի հետ։ ԱՄՆ-ն պատրաստ է գրկաբաց ընդունել խաղաղությունը բոլոր նրանց հետ, ովքեր փնտրում են այն»:

Թրամփը հայտարարել է նաեւ, որ քանի դեռ ինքը նախագահ է, Իրանը չի ունենա միջուկային զենք: Նա կոչ է արել նաեւ ԵՄ երկրներին ու Ռուսաստանին չեղարկել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, որից ԱՄՆ դուրս եկավ Թրամփի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, հայտարարելով, որ այն չի բխում ԱՄՆ շահից:

Նախագահ Թրամփի կոչը հատկանշական է, քանի որ գեներալ Քասիմ Սուլեյմանիի սպանությունից հետո Իրանը ինքն էր հայտարարել միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին: Այսինքն, Իրանն առաջ էր անցել «հնգյակից»՝ ում դիմում է Թրամփը: Մեծ հաշվով, «հնգյակը» դուրս է մնացել խաղից, եւ Թրամփի կոչը այդ իրողության «ճանաչում» է, «իրողությունների ճանաչման» թրամփյան մոտեցման համատեքստում:

ԱՄՆ նախագահի ուղերձը իրական քաղաքականության տողատակային իմաստով այլ բան չէ, քան ազդարարում ամերիկա-իրանյան ռազմավարական նոր խաղի մասին՝ առանց «հնգյակի»: Իրանի արձագանքը գործնականում Իրանի արձագանքն է Թրամփի ուղերձին: Թեհրանն ընդունում է ամերիկա-իրանյան նոր խաղի Թրամփի առաջարկը: Թեեւ ԱՄՆ նախագահը բացառում է իր նախագահության ընթացքում Իրանի միջուկային զենք ստանալը, այդուհանդերձ մեծ հավանականությամբ ամերիկա-իրանյան նոր խաղի օրակարգում լինելու է Իրանի միջուկային զենք ունենալու իրավունքի հարցը:

Մերձավորարեւելյան թեժ օրերը այդ հարցում գործնականում Իրանի քննությունն էին, որը Թեհրանը հանձնեց: Իրանը, չնայած վարչակազմին վերագրվող այսպես ասած ֆանատիկ անկանխատեսելիությանը, ցույց տվեց, որ լիովին ի զորու է լինել աշխարհքաղաքական խաղի լուրջ եւ պատասխանատու խաղացող, որն ի վիճակի է ամենաբարդ ու զգայական իրավիճակներում անգամ առաջնորդվել ռազմավարական պատասխանատվությամբ:

Փոքր ինչ կոպիտ բնորոշմամբ՝ սպանված գեներալի հիշատակի հանդեպ հարգանքով հանդերձ, Քասիմ Սոլեյմանին Թեհրանի համար գործնականում կարող է լինել միջուկային զենք ունենալու գինը: Մերձավորարեւելյան ռեգիոնում հավասարակշռության ռազմավարական խնդիրը կարծես թե անխուսափելի է դարձնում Իրանի այդ կարողության անհրաժեշտությունը, քանի որ ռեգիոնում որոշակի իրողություններ ճանաչող Միացյալ Նահանգները թերեւս այդ միջոցով պետք է նաեւ մի շարք իրողությունների հետ հաշվի նստեցնի այլ խաղացողների, այդ թվում դաշնակից Իսրայելին:

Թեհրանը հանձնեց ծանր քննությունը, իսկ «հնգյակը» խաղից դուրս մնաց

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)