Մամլոյ հաղորդագրութիւն – Արեւմտեան Հայաստանի Հանրապետութունը (Հայաստան) դիմել է ՄԱԿ` Հայաստան պետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերեալ առաջարկով

Սեւրի խաղաղութեան պայմանագրի կնքման 99-րդ տարեդարձի նախօրեակին Արեւմտեան Հայաստանի Հանրապետութունը (Հայաստան) դիմում է յղել ՄԱԿ` Հայաստան պետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերեալ, առաջարկելով այս հարցում հաշուի առնել Փարիզի խաղաղութեան վեհաժողովի Հայաստան պետութեան սահմանները որոշող Յատուկ յանձնաժողովի 1920 թ. փետրուարի 24-ի զեկոյց-առաջարկը:

Սեւրի խաղաղութեան պայմանագրի Հայաստանին վերաբերող յօդուածների կեանքի կոչումն ու իրականացումը վճռական քայլ է հայ ժողովրդի իրաւունքների կայացման եւ Հայկական Հարցի վերջնական եւ արդարացի կարգաւորման գործում:

Սոյն դիմումնագիրը թուով չորրորդն է: Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) պետական կառոյցները 2018 թ․-ին որոշում են կայացրել եւ դիմել ՄԱԿ`

այ) ՄԱԿ-ին անդամակցութեան,

բ) ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրոյ Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրաւարար վճիռը կեանքի կոչելու, իրականացնելու Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) հաստատումը Իրաւարար վճռով սահմանազատուած տարածքի վրայ,

գ) Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետութեան բռնազաւթիչ ուժերը դուրս բերելու վերաբերեալ:

Նշեալ դիմումնագրերը 2018 թ. մայիս, նոյեմբեր եւ 2019 թ․ օգոստոս ամիսներին ուղարկուել են ՄԱԿ:

Հայ ժողովրդի իրաւունքների վերաբերեալ միջազգային իրաւասու ատեաններին դիմելու գործընթացը հնարաւոր է դարձել հետեւեալ քայլերի իրականացումից յետոյ:

Արեւմտեան Հայաստանի հայերի պետականաշինութեան ոլորտում ձեռնարկուած աշխատանքների շնորհիւ ձեւաւորուել են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) նախագահի ինստիտուտը, կառավարութիւնը, խորհրդարանը եւ դրանց իրաւաչափութեան ապահովման գործընթացներն աւարտուել են:

«Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան իրաւական-քաղաքական միասնական փաթեթ» ժողովածուն ներկայացուել է հանրութեանը հինգ լեզուներով` արեւելահայերեն — արեւմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, ֆրանսերեն, որոնք տեղադրուած են կառավարութեան եւ խորհրդարանի https://gov-wa.nt.am, http://parliament-wa.info/ պաշտօնական կայքերում, «Իրաւական փաթեթ» բաժիններում:

Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան ոլորտում կատարուած օրէնսդրական աշխատանքների արդիւնքում ձեւաւորուել է իրաւական – քաղաքական – օրէնսդրական դաշտ, որի եզրափակիչ մասն է լինելու Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) Սահմանադրութեան նախագծի համաժողովրդական քննարկումը, հանրաքուեն եւ դրա արդիւնքներով Սահմանադրութեան ընդունումը:

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը (Հայաստան) ճանաչել, միացել եւ վաւերացրել է առաւել կարեւոր Միջազգային պայմանագրերը, Հռչակագրերը, Կոնուենցիաները:

Հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ոլորտում վերջապէս եկել է նոր գործընթաց սկսելու ժամանակը, որն էլ իրականացւում է այսօր:

Դիմումնագրերը պատրաստելիս հաշուի են առնուել հայ պատմաբանների եւ իրաւագէտների ուսումնասիրութիւնները, հետազօտութիւնները, հրատարակութիւն-ները, այդ թւում` Ջոն Կիրակոսեանի, Ռուբեն Սահակեանի, Մկրտիչ Ներսիսեանի, Յուրի Բարսեղովի, Ալեքսանդր Մանասեանի, Արա Պապեանի, ինչպէս նաեւ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, կարգաւորման ուղիներ» փաստաթղթերի ժողովածուի նիւթերը:

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) Լրատուական Ծառայութիւն

08․08․2019 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)