«

»

Օգս 02

Օգոստոսի 7-ը Հայկական նորագույն զինյալ ազգային ազատագրական պայքարի նահատակների հիշատակի օրն է

37 տարի առաջ, 1982 թ. օգոստոսի 7-ին, ազատագրական պայքարի ռահվիա կազմակերպության՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) «Խրիմյան Հայրիկ» մահապարտների ջոկատը Զոհրապ Սարգիսյանի գլխավորությամբ իրականացրեց «Կարին» գործողությունը՝ գրավելով Անկարայի «Էսենբողա» միջազգային օդակայանը:
Պատմական այդ գործողության ընթացքում սպանվեցին ու վիրավորվեցին թուրքական բանակի ու անվտանգության ծառայության տասնյակ անդամներ: Գործողության ընթացքում հերոսի մահով անմահացավ ջոկատի ղեկավար Զոհրապ Սարգիսյանը, իսկ ծանր վիրավորված գերի ընկավ հերոս Լևոն Էքմեքճյանը, ով 1983 թ. հունվարի 29-ի վաղ առավոտյան Անկարայի Մամակ բանտում կախաղան հանվեց, ու եղավ այդ երկրում առ այսօր կախաղան բարձրացված վերջին «հանցագործը»:
Ի հիշատակ պատմական «Կարին» գործողության զույգ նահատակների, 1983 թ.ից սկսած՝ օգոստոսի 7-ը նշվում է իբրև հայկական զինյալ ազատագրական պայքարի նահատակների հիշատակի օր:
Խնկարկելի այդ օրվա առիթով, չորեքշաբթի, 2019 թ. օգոստոսի 7-ին, ժամը 18։30-ին, նահատակների հարազատների, մարտական ընկերների ու Մայր Աթոռի միաբանների ներկայությամբ, ի մի ենք գալու ՀՀ ՊՆ Եռաբլուր պանթեոնի ՀԱՀԳԲ-ի հուշահամալիրի տարածքում, որտեղ միասնաբար գլուխ ենք խոնարհելու Հայոց Հայրենիքի ազատագրության գաղափարի մարտիրոսների և ընդհանրապես մեր հին ու նոր նահատակների հիշատակի առջև:
Միասնասբար մասնակցելով այս արարողությանը, մեր հարգանքի տուրքը մատուցենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մեր Հայրենիքի գրավյալ տարածքների ազատագրության և մեր ազգի ոտնահարված իրավունքների վերականգնման:
Հավե՛րժ հիշատակ հայ ժողովրդի հին ու նոր բոլոր նահատակներին:
Փա՛ռք հերոսներ ծնող հայ ժողովրդին:

Հայկական ժողովրդային շարժում
Երևանի գրասենյակ
1 օգոստոսի 2019թ.

—————-

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)