Բարեկամության եւ եղբայրության պայմանագիր Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջեւ, 16 մարտի, 1921 թ., Մոսկվա

Բարեկամության եւ եղբայրության պայմանագիր Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջեւ, 16 մարտի, 1921 թ., Մոսկվա

Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը, բաժանելով ազգերի եղբայրության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները (1), նշելով իրենց միջեւ գոյություն ունեցող համերաշխությունը իմպերիալիզմի դեմ մղվող պայքարում, ինչպես նաեւ այն իրողությունը, որ երկու ժողովուրդներից մեկի համար ստեղծված ամեն տեսակ դժվարությունները վատթարացնում են մյուսի դրությունը, եւ ամբողջովին խանդավառված միմյանց միջեւ մշտական սրտագին փոխհարաբերություններ եւ երկու կողմերի փոխադարձ շահերի վրա հիմնված անխզելի բարեկամություն հաստատելու ցանկությամբ, որոշեցին կնքել բարեկամության եւ եղբայրության պայմանագիր եւ դրա համար որպես իրենց լիազորներ նշանակեցին՝
Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության Կառավարությունը –
Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար եւ Համառուսաստանյան Կենտրոնական Գործադիր Կոմիտեի անդամ Գեորգի Չիչերինին եւ Համառուսաստանյան Կենտրոնական Գործադիր Կոմիտեի անդամ Ջելալ-Էդդին Կորկմասովին, եւ
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը՝
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ժողովրդական կոմիսար, նույն Ժողովում Կաստամոնիից դեպուտատ Յուսուֆ Քեմալ բեյին, թուրքական Ազգային մեծ ժողովի՝ Լուսավորության Ժողովրդական Կոմիսար, նույն Ժողովում Սինոպից դեպուտատ դոկտոր Ռիզա Նուր բեյին եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի լիազոր դեսպան, Անգորայի կողմից Ազգային մեծ ժողովի անդամ Ալի Ֆուադ փաշային,
որոնք իրենց լիազորագրերը փոխանակելով, դրանք գտան պատշաճ եւ օրինական ձեւի եւ համաձայնվեցին ներքոհիշյալի շուրջը՝

Հոդված 1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն սկզբունքորեն համաձայնվում է չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որեւէ այլ ակտեր, եթե Պայմանավորվող կողմերից մյուսին ուժով են հարկադրում ընդունել այդպիսիք (2): Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը համաձայնվում է չճանաչել Թուրքիային վերաբերվող եւ այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող նրա ազգային կառավարության կողմից չճանաչված որեւէ միջազգային ակտ:
Թուրքիա հասկացության տակ սույն պայմանագրում հասկացվում են այն տերիտորիաները, որոնք մտցված են 1920 թվականի հունվարի 28-ի թուրքական Ազգային ուխտի մեջ, որը Կ. Պոլսում մշակել եւ հռչակել է օսմանյան դեպուտատների Պալատը եւ հաղորդել է մամուլին ու բոլոր պետություններին:
Թուրքիայի հյուսիս-արեւելյան սահմանը որոշվում է այն գծով, որն սկսվելով Սեւ ծովի ափին գտնվող Սարպ գյուղից, անցնում է Խեդիսմեթա սարի վրայով, հետո առաջանում է Շավշետ սարի եւ Կաննի-դաղ սարի ջրաբաժան գծի ուղղությամբ, այնուհետեւ շարժվում է Կարսի սանջակների հյուսիսային վարչական սահմանագծի երկարությամբ՝ Արփաչայ եւ Արաքս գետերի հնահունով՝ մինչեւ Ստորին Կարասուի գետաբերանը (սահմանագծի մանրամասն նկարագրությունը եւ դրան վերաբերող հարցերը պարզաբանված են 1(A) եւ 1(B) հավելվածներում եւ երկու պայմանավորվող տերությունների կողմից ստորագրված առդրվող քարտեզի վրա):

Հոդված 2. Թուրքիան համաձայնվում է Վրաստանին զիջել Բաթում նավահանգստի ու քաղաքի սույն Պայմանագրի առաջին հոդվածում նշված սահմանագծից դեպի հյուսիս ընկած եւ Բաթումի մարզի բաղադրիչ մասը կազմող տերիտորիայի սյուվերենությունը, պայմանով, որ
1) սույն հոդվածում նշված վայրերի բնակչությունը վարչական առումով կօգտվի տեղական լայն ինքնավարությամբ, որը յուրաքանչյուր համայնքին կապահովի կուլտուրական եւ կրոնական իրավունքներով, եւ բնակչությունը հնարավորություն կունենա սահմանելու իր ցանկություններին համապատասխանող հողային օրենք:
2) Թուրքիային կտրվի Բաթում նավահանգստի վրայով Թուրքիա կամ այնտեղից ուղարկվող ամեն տեսակ ապրանքների անմաքս, ազատ տրանզիտի իրավունք, տեղի չեն ունենա խափանումներ, ապրանքների վրա չի դրվի ոչ մի տեսակի տուրք: Թուրքիային կտրվի Բաթում նավահանգստից օգտվելու իրավունք եւ դրա համար նրանից չեն գանձվի հատուկ տուրքեր:

Հոդված 3. Երկու պայմանավորվող կողմերը համաձայն են, որ Նախիջեւանի մարզը՝ սույն Պայմանագրի 1-ին (C) հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի մի երրորդ պետության:
Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակներից կազմված հանձնաժողովը կշտկի Նախիջեւանի տերիտորիայի եռանկյունի կազմող արեւելքում Արաքսի հնահունի եւ Արեւմուտքում Դաղնա (3829) – Վելի-դաղ (4121) – Բագարզիք (6587) – Քյոմուրլու-դաղ (6930) լեռների վրայով անցնող գծի միջեւ պարփակված տերիտորիայի սահմանագիծը, որն սկսվում է Քյոմուրլու-դաղ (6930) սարից, հետո անցնում է Սերայ Բուլաք սարի վրայով դեպի Արարատ կայարանը եւ վերջանում է Քարասուի եւ Արաքսի տրամախաչման տեղում:

Հոդված 4. Երկու Պայմանավորվող կողմերը հավաստելով Արեւելքի ժողովուրդների ազգային ու ազատագրական շարժման եւ նոր հասարակարգի համար Ռուսաստանի աշխատավորության մղած պայքարի միջեւ եղած փոխադարձ շփումը, անվերհապահորեն ճանաչում են այդ ժողովուրդների ազատության եւ անկախության իրավունքը, ինչպես նաեւ իրենց ցանկությունների համեմատ կառավարման ձեւի ընտրության իրավունքը:

Հոդված 5. Նեղուցների բացումը (4) եւ բոլոր ժողովուրդների առեւտրանավերի անցման ազատությունն ապահովելու համար, երկու Պայմանավորվող կողմերը համաձայնվում են Սեւ ծովի եւ նեղուցների միջազգային ստատուսի վերջնական մշակումը հանձնել ափամերձ պետությունների պատգամավորների ապագա Կոնֆերանսին, պայմանով, որ նրա ընդունած որոշումնեը չեն վնասի Թուրքիայի լիակատար սուվերենությանը, ինչպես նաեւ Թուրքիայի եւ նրա մայրաքաղաք Կ.Պոլսի անվտանգությունը:

Հոդված 6. Պայմանավորվող երկու կողմերն ընդունում են, որ ցայժմ երկու երկրների միջեւ կնքված բոլոր պայմանագրերը չեն համապատասխանում փոխադարձ շահերին: Ուստի նրանք համաձայնվում են այդ պայմանագրերը համարել վերացված եւ ուժը կորած:
Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը հայտարարում է, մասնավորապես, որ ինքը Թուրքիային համարում է ազատ առաջներում Թուրքիայի եւ ցարական կառավարության միջեւ կնքված միջազգային ակտերի վրա հիմնված դրամական կամ որեւէ այլ պարտավորություններից:

Հոդված 7. Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը, կապիտուլյացիաների ռեժիմը համարելով անհամատեղելի յուրաքանչյուր երկրի ազգային ազատ զարգացման, ինչպես նաեւ նրա սուվերեն իրավունքների լրիվ իրագործման հետ, գտնում է, որ կորցրել են իրենց ուժը եւ վերացվել են այդ ռեժիմին որեւէ առնչություն ունեցող բոլոր գործողություններն ու իրավունքները:

Հոդված 8. Պայմանավորվող երկու կողմերը պարտավորվում են իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների եւ խմբերի (5) առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի, կամ նրա տերիտորիայի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաեւ պարտավորվում է իրեն տերիտորիայում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ: Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձության պայմանով ստանձնում են նույնպիսի պարտավորություն նաեւ Կովկասի Սովետական Հանրապետությունների վերաբերմամբ:
Համարվում է որոշված, որ սույն հոդվածում հիշատակված թուրքական տերիտորիայի տակ հասկացվում է այն տերիտորիան, որը գտնվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության զինվորական եւ Քաղաքացիական անմիջական կառավարման ներքո:

Հոդված 9. Երկու երկրների միջեւ հաղորդակցությունների անընդհատությունն ապահովելու համար, Պայմանավորվող կողմերը պարտավորվում են փոխադարձ համաձայնությամբ երկաթուղային, հեռագրային եւ հաղորդակցության այլ միջոցները պահպանելու եւ որքան հնարավոր է արագ զարգացնելու, ինչպես նաեւ առանց որեւէ խափանումների երկու երկրների միջեւ մարդկանց ու ապրանքների ազատ փոխադրումն ապահովելու նպատակով ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները: Սակայն ընդունվում է, որ ինչպես ճանապարհորդների, նույնպես եւ ապրանքների փոխադրության, մուտքի եւ ելքի նկատմամբ լիովին կկիրառվեն յուրաքանչյուր երկրում այդ մասին սահմանված կանոնները:

Հոդված 10. Մյուս կողմի տերիտորիայում գտնվող Պայմանավորվող երկու կողմերի քաղաքացիների վրա կտարածվեն այն բոլոր իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են այն երկրի օրենքներից, որտեղ նրանք գտնվում են, ի բացառյալ ազգային պաշտպանության հետ կապված պարտականությունները, որոնցից նրանք կազատվեն:
Երկու կողմերի քաղաքացիների ընտանեկան իրավունքին, ժառանգության իրավունքին եւ գործունակությանը վերաբերող հարցերը նույնպես բացառվում են սույն հոդվածի որոշումներից: Դրանք կորոշեն հատուկ համաձայնությամբ:

Հոդված 11. Երկու Պայմանավորվող կողմերը համաձայն են Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տերիտորիայում գտնվող մյուս կողմի քաղաքացիների նկատմամբ կիրառել առավելագույն բարենպաստ սկզբունքը:
Սույն հոդվածը չի կիրառվում Ռուսաստանին դաշնակից Սովետական Հանրապետությունների քաղաքացիների իրավունքների եւ Թուրքիայի դաշնակից մուսուլմանական պետությունների քաղաքացիների նկատմամբ:

Հոդված 12. Մինչեւ 1918 թվականը Ռուսաստանի կազմի մեջ մտնող այն տերիտորիաների բոլոր բնակիչները, որպիսիք սույն Պայմանագրի հիման վրա Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական կառավարությունն այսօր ընդունում է որպես Թուրքիայի սուվերենության տակ գտնվող տերիտորիաներ, ունեն իրենց ունեցվածքը կամ դրա արժեքն իրենց հետ վերցնելով Թուրքիայից ազատ հեռանալու իրավունքը: Նույնպիսի իրավունք տարածվում է նաեւ Բաթումի տերիտորիայի բնակիչների վրա, տերիտորիա, որի սյուվերենությունը սույն Պայմանագրով Թուրքիան զիջում է Վրաստանին:

Հոդված 13. Սույն Պայմանագրի ստորագրման օրից հաշված Եվրոպական Ռուսաստանի եւ Կովկասի համար եռամսյա եւ Ասիական Ռուսաստանի համար վեցամսյա ժամկետում Ռուսաստանը պարտավորվում է իր հաշվին հայրենիք վերադարձնել մինչեւ Թուրքիայի հյուսիս-արեւելյան սահմանը Ռուսաստանում գտնվող բոլոր՝ զինվորական եւ քաղաքացիական գերի թուրքերին:
Թուրքիան նույն պարտավորությունն ստանձնում է դեռեւս Թուրքիայում գտնվող ռուս զինվորական եւ քաղաքացիական գերիների վերաբերմամբ:
Այս հայրենադարձության մանրամասնությունները կսահմանվեն հատուկ կոնվենցիայով, որը պետք է մշակվի սույն Պայմանագրի ստորագրումից հետո:

Հոդված 14. Երկու Պայմանավորվող կողմերը համաձայն են ամենամոտիկ ժամանակներում կնքել հյուպատոսային կոնվենցիա, ինչպես նաեւ բոլոր տնտեսական, ֆինանսական եւ երկու երկրների միջեւ սույն Պայմանագրի ներածականում նշված բարեկամական հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ մյուս հարցերը կարգավորող համաձայնագիրը:

Հոդված 15. Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի (6), որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրում անպատճառ ճանաչվեն սույն Պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերում են իրենց:

Հոդված 16. Սույն Պայմանագիրն ենթակա է վավերացման: Վավերագրերի փոխանակումը կկայանա Կարսում որքան հնարավոր է կարճ ժամանակամիջոցում:
Սույն Պայմանագիրը, ի բաց առյալ 13-րդ հոդվածը, ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման պահից:

Ի վավերացումն շարադրվածի վերոհիշյալ լիազորներն ստորագրեցին սույն պայմանագիրը եւ կնքեցին այն իրենց կնիքներով:
Կազմված է երկու օրինակով Մոսկվայում տասնվեցին մարտի հազար ինը հարյուր քսանմեկ (հազար երեք հարյուր երեսունյոթ) թվականին:

Գեորգի Չիչերին
Ջելալ Կորկմասով

Յուսուֆ Քեմալ
Դ-Ր Ռիզա Նուր
Ալի Ֆուադ

——————————————-
Պայմանագիրը վավերացված է ՀԿԴԿ-ի կողմից 1921 թ. հուլիսի 20-ին, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից՝ 1921 թ. հուլիսի 31-ին (7):
Վավերագրերի փոխանակումը տեղի է ունեցել Կարսում 1921 թ. սեպտեմբերի 22-ին:
——————————————–
Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության փաստաթղթերում՝ 1828-1923թթ.», «Հայաստա» հրտ., Երեւան, 1972, էջ 499:

Ծանոթագրություն
———————-
1. Հիշենք, որ այդ պահին, երբ իրենք խոսում էին «ազգերի եղբայրության եւ ժողովուրդների ինքնորոշման» մասին, հայերի ցեղասպանությունը դեռեւս ընթացքի մեջ էր:
2. Նկատի ունի Սեւրի հաշտության պայմանագիրը:
3. Երրորդ պետություն ասելով, նկատի ունի Հայաստանը:
4. Սա պայմանագրում միակ հոդվածն էր, որ վերաբերում էր Ռուսաստանին: Այն, ինչպես հայտնի է, Սեւրի Խաղաղության կոնֆերանսում լուծում չստացավ: Լոզանի կոնֆերանսը բոլշեւիկյան Ռուսաստանի ակնկալիքներին հառակ (Ռուսաստանը առաջարկում էր Թուրքիային նեղուցները հսկել միասին) նեղուցները հայտարարեց ապառազմականացված, առանձնահատուկ կարգավիճակ շնորհեց սեւծովյան բոլոր երկրներին, որոնք խաղաղ ժամանակ իրավունք ունեին առանց սահմանափակումների իրենց ռազմանավերը անցկացնել նեղուցներով: Ոչ սեւծովյան երկրների համար դրվեց սահմանափակումներ, ըստ նավերի դասերի, տոննաժի, նաեւ Սեւ ծովում մնալու ժամանակահատվածի: Նույնը հաստատվեց 1936թ. Մոնտրեոյի կոնֆերանսում, երբ անդրադարձան նեղուցների հարցին` ԽՍՀՄ-ը մնաց նույն կարգավիճակում:
5. Սրանով էր պայմանավորված, որ 1922թ. մինչեւ 1991թ. Մոսկվան արգելում էր հայությանը եւ Հայաստանին հիշել 1915թ. Մեծ եղեռնը: Ինչպես եւ այն, որ 1988թ. նոյեմբերի 22-ին Խորհրդային Հայաստանի կողմից ցեղասպանության դատապարտումը ԽՍՀՄ-ը ինքը ոչ միայն չճանաչեց, այլեւ չկատարեց սահմանադրական իր պարտավորությունը, հարցը Խորհրդային Հայաստանի անունից ներկայացնել ՄԱԿ եւ Միջազգային դատարան:
6. Պարտադրելու քայլերը միայն Հայաստանին էր վերաբերում, քանի որ Վրաստանը եւ Ադրբեջանը կողմ էին, ըստ սույն պայմանգրի, Հայաստանից բռնանջատվող տարածքները իրենց կցելու:
7. Ուշադրություն դարձնենք հետեւյալին. 1920թ. նոյեմբերի 30-ին Սովետական Ադրբեջանի ընդունած հռչակագրի համաձայն Լեռնային Ղարաբաղը, Նախիջեւանը եւ Զանգեզուրը հայտարարվեց Հայաստանի անբաժանելի մաս, որոնք ըստ այդմ ներառվեցին Խորհրդային Հայաստանի կազմ: 1921թ. Նժդեհը հավաստիացում ստացավ, թե Զանգեզուրը մնում է Հայաստանի կազմում եւ հուլիսի 3-ին հեռացավ երկրամասից: Դրանից հետո միայն 1921թ. հուլիսի 5-ին Կովբյուրոյի առանց քվեարկության ընդունած որոշումով Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Սովետական Ադրբեջանին: Իսկ 1921թ. հուլիսի 20-ին պայմանագիրը վավերացրեց Մոսկվայի` ՀԿԴԿ-ն, ապա 1921թ. հուլիսի 31-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)