«

»

Հլս 28

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

Բաթում, 4 հունիսի,1918թ.

Օսմանյան կայսերական կառավարությունը` մի կողմից և իրեն անկախ հռչակած Հայաստանի Հանրապետության կառավարությունը` մյուս կողմից, փոխադարձաբար համաձայնվելով երկու կողմերի միջև հաստատել բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ` քաղաքական, իրավաբանական, տնտեսական և մտավոր բնագավառներում, իրենց լիազորներ նշանակեցին հետևյալ անձնավորություններին.

Օսմանյան կայսրությունը
Դեպուտատ արդարադատության մինիստր և պետական խորհրդի նախագահ, Նորին գերազանցության Խալիլ բեյին` առաջին պատվիրակ, և
Կովկասյան ռազմաճակատի օսմանյան զորքերի գլխավոր հրամանատար, Նորին գերազանցություն գեներալ-լեյտենանտ Վեհիբ Մահմեդ փաշային` ռազմական պատվիրակ:

Հայկական հանրապետությունը
Պարոն Ալեքսանդր Խատիսովին` պատվիրակության նախագահ.
Պարոն Ռուբեն Քաջազնուն` պատվիրակ:
Պարոն Միքայել Պապաջանովին` պատվիրակ:
Սույն անձինք, ծանոթանալով երկու կողմերի լիազորություններին և գտնելով դրանք ըստ պատշաճի, համաձայնվեցին հետևյալ դրույթների վերաբերյալ:

Հոդված I
Օսմանյան կայսերական կառավարության և հայկական հանրապետության կառավարության միջև հաստատվում են հաշտություն ու մշտական բարեկամություն:

Հոդված II
Ներքոհիշյալ ուղղությունն ունեցող սահմանագիծը բաժանում է Օսմանյան կայսրությունը Վրաստանի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանի Հանրապետությունից:

Հոդված III
Հայկական Հանրապետության կառավարության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև կնքված, նրանց փոխադարձ սահմանների որոշմանը վերաբերող համաձայնագիրը կհաղորդվի Օսմանյան կայսերական կառավարությանը:

Հոդված IV
Օսմանյան կայսերական կառավարությունը պարտավորվում է զենքի ուժով օգնություն ցույց տալ Հայկական Հանրապետության կառավարությանը այն դեպքում, եթե վերջինս այդ օգնությունը կխնդրի նրանից` երկրում կարգն ու հանգստությունն ապահովելու համար:

Հոդված V
Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործուն կերպով հակազդել, որպեսզի ոչ մի բանդա չկազմավորվի և չզինվի իր տերիտորիայի սահմաններում, ինչպես և զինաթափել ու ցրել բոլոր բանդաները, որոնք կփորձեն թաքնվել այնտեղ:

Հոդված VII
Պայմանավորվող կողմերը պարտավորվում են փոխադարձաբար թույլ տալ ամեն հնարավոր թեթևացում երկաթուղային տրանսպորտի նկատմամբ, սահմանելով ու կիրառելով իջեցված տարիֆներ: Մասնավորապես, երկաթուղիների կառուցման, շահագործման ու պահպանման, կամ այլ ամեն տեսակի հասարակական աշխատանքների համար անհրաժեշտ նյութերի տեղափոխման նկատմամբ կկիրառվեն հատուկ իջեցված տարիֆներ:

Հոդված XI
Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի սույն պայմանագրի ստորագրումից հետո Բաքու քաղաքից անհապաղ էվակուացվեն այնտեղ գտնվող բոլոր հայկական զինվորական ուժերը, ինչպես և ապահովել, որ այդ էվակուացումը առիթ չտա որևէ ընդհարման:

Հոդված XII
Բրեստ-Լիտովսկում Օսմանայան կայսրության ու նրա դաշնակիցների և Ռուսաստանի միջև կնքված հաշտության ընդհանուր և լրացուցիչ պայմանագրերի դրույթները, որքանով որ դրանք չեն հակասում ներկա պայմանագրին, ուժի մեջ են պայմանավորվող կողմերի համար:

Հոդված XIII
Սույն պայմանագրով որոշվող տերիտորիաների սահմաններից դուրս գտնվող զորքերը կէվակուացվեն պայմանագրի կնքումից հետո:

Հոդված XIV
Սույն պայմանագիրը կվավերացվի և վավերացված օրինակների փոխանակումը կկատարվի Կ.Պոլսում, մեկ ամսվա ընթացքում կամ ավելի վաղ, եթե դա հնարավոր կլինի: Այն ուժի մեջ կմտնի փոխանակման օրից:

Ի հաստատումն սրա` լիազորված անձինք ստորագրեցին հաշտության ու բարեկամության սույն պայմանագիրը և դրեցին իրենց կնիքները:

Ստորագրեցին` Խալիլ Ա. Խատիսով
Վեհիբ Ռ. Քաջազնունի
Մ. Պապաջանով

———————

Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, «Հայաստանը միջազգային դիվանագիտության և արտաքին քաղաքականության փաստաթղթերում` 1828-1923թթ.», «Հայաստան» հրտ., Երևան, 1972, էջ 531:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)