«

»

Մյս 10

ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆԻ ԴԱՏԱԽԱԶԻ ՈՒՇԱՑԱԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ Է «ՖՐԵԶՆՈ ԲԻ» ՕՐԱԹԵՐԹԸ

25 հունվար 1998 թ.

25 տարի առաջ (1973թ. հունվարի 27-ին) երկու թուրք դիվանագետ սպանած Գուրգեն Յանիկյանի դատախազ Դեյվիդ Միները մի հոդվածով անդրադարձել է դատավարությանը եւ ընդունել, որ սխալ է գործել, երբ արգելել է ներկայացնել Հայոց ցեղասպանության մասին վկայությունները։
Հոդվածի սկզբում դատախազը նախ անդրադարձել է Յանիկյանի ահաբեկչական արարքին, որ տեղի ունեցավ Սանտա Բարբարայի «Բալթիմոր» հյուրանոցում, երբ Յանիկյանը նվերներ հանձնելու պատրվակով հանդիպման էր հրավիրել Թուրքիայի ընդհանուր հյուպատոսին եւ փոխհյուպատոսին եւ «երկու սատանաներին» սպանելուց հետո հանձնվել իշխանություններին։
Արարքից մի քանի ժամ առաջ 78-ամյա Յանիկյանը հարյուրավոր թերթերի եւ հայ քաղաքացիների նամակներ (1) էր հղել՝ կոչ անելով ահաբեկել Թուրքիայի կառավարության բոլոր ներկայացուցիչներին՝ «արդարություն պահանջելով» 1915-ին ջարդված 2 միլիոն հայերի համար։
Ըստ դատախազի՝ Յանիկյանի առաջնորդած ահաբեկչական արշավին հաջորդած 10 տարիներին ահաբեկվել են 27 թուրք դիվանագետներ, իսկ 150 հոգի էլ՝ վիրավորվել կամ սպանվել։
Նա շարունակում է, թե Յանիկյանը ոգեւորված էր Սողոմոն Թեհլիրյանով, որը 1921-ին սպանել էր «Թուրքիայում բոլոր հայերին սպանելու» հրաման արձակած Թալեաթին եւ իր դատավարությունն օգտագործել էր Հայկական հարցը եւ ցեղասպանությունը միջազգային հասարակայնությանը ներկայացնելու համար։
Յանիկյանը եւս ցանկանում էր իր դատավարությունը դարձնել «Հայկական Նյուրնբերգի» նախաքայլը, որովհետեւ Թուրքիայի իշխանությունները չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը։
«Ես էի Յանիկյանի դատավարության դատախազը, եւ հայերի հույսն ինձ վրա էր»,-գրում է Միները եւ ավելացնում, թե դատավարությունից առաջ Յանիկյանի փաստաբաններից Վազգեն Մինասյանը կոչ է արել իրեն ցեղասպանության դեմ մի վճիռ արձակել եւ հանձնել է Թեհլիրյանի մասին գրված «Խաչը եւ մահիկը» գիրքը, որի հեղինակը Գ. Յանիկյանի բարեկամներից Լինդի Ավագյանն էր։
«Առիթ ունես աշխարհում արդարության խորհրդանիշ լինելու»,-ասել էր Մինասյանը դատախազին։
«Այդ բառերը շարունակում են հալածել ինձ մինչեւ այսօր եւ եթե կարողանայի ժամանակը հետ դարձնել, այլ ճանապարհ կընտրեի, ինչ էլ լինեին հետեւանքները»,-շարունակում է Միները՝ ասելով, թե Յանիկյանի փաստաբանները ցանկանում էին դատավարությանը ներկայացնել վերապրողների եւ պատմաբանների վկայություններն ու լուսանկարչական փաստերը ցեղասպանության մասին։
«Իբրեւ դատախազ իմ պարտականությունն էր դատապարտել ոճիրը, եւ գիտենալով, որ դատախազը կարող է իր կարծիքը փոխել, եթե լսի ջարդերի մասին ցավալի վկայությունները, համոզեցի դատավորին, որ դրանք (վկայությունները) նկատի չունենա։ Այդպիսով Հայկական Նյուրնբերգը ձախողության մատնեցի»,-գրում է նա։
Դատախազը շարունակում է, թե Յանիկյանի եւ Արամ Սարոյանի (Վիլյամ Սարոյանի հորեղբորորդին) ուսերին մնաց Հայոց ցեղասպանության փաստերը ներկայացնելը։ Յանիկյանը 6 օր շարունակ ներկայացնում էր դրանք՝ նկարագրելով իր ընտանիքի 26 անդամների սպանությունը։
Ըստ դատախազի՝ պաշտպանության հիմնական թերությունն այն էր, որ սպանված դիվանագետները չէին ներկայացնում այն կառավարությունը, որ պատասխանատու էր ցեղասպանության համար (2), եւ այդ պատճառով Յանիկյանը 79-ամյա հասակում դատապարտվեց ցմահ բանտարկության եւ 5 տարի հետո ներում ստացավ՝ հակառակ Թուրքիայի բողոքների։ Սակայն 2 ամիս անց մահացավ սրտի տագնապից։
Դատախազը եզրակացնում է, թե Յանիկյանը մի խորհրդանիշ է Թուրքիայի կառավարության ուրացման քաղաքականության դեմ, եւ հիշեցնում է, որ նրա պաշտպան փաստաբաններից մեկն ասել է. «Այժմ Յանիկյանը հայոց պատմության կարեւոր մասնիկն է»։ Դատախազն ավելացնում է, թե Թուրքիայի կառավարությունը շարունակում է ուրանալ ցեղասպանությունը՝ հակառակ գոյություն ունեցող փաստերի։
«Ցավում եմ, որ թույլ չտվեցի ցեղասպանության վերաբերյալ փաստերի լիարժեք ներկայացմանը, ոչ թե նրա համար, որ Յանիկյանը պետք է ազատ արձակվեր, այլ նրա համար, որ պատմության ամենամութ էջերը՝ ցեղասպանությունները, պետք է բացահայտվեն, որպեսզի այլեւս չկրկնվեն արհավիրքները։ Դժբախտաբար, Հայոց ցեղասպանությունը չի դատապարտված, եւ այդ պատճառով Ադոլֆ Հիտլերը 1939-ին իր ազգային ցեղասպանության արշավի սկզբին հայտարարեց. «Վերջապես, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»։

—————

Ծանոթագրությունը «Ուխտ Արարատի» պարբերականի, թիվ 3 (14), 2007, էջ 54։
1. Նկատի ունի գործողությունից առաջ գրված կոչը ուղղված հայ ժողովրդին։
2. Կեղծ փաստարկ է, ճիշտ չէ։ Ցեղասպանության ոճիրը վաղեմության ժամկետ չունի, եւ Թուրքիայի Հանրապետությունը` որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պատասխանատու է հայերի նկատմամբ իրականացված հանցագործության համար, եւ պատասխանատու է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չի ընդունել ու դատապարտել հանցագործությունը եւ չի կատարել վնասների հատուցումը, այդ թվում, քանի դեռ չի վերադարձրել ցեղասպանության ճանապարհով օկուպացված հայկական տարածքները։ Տե՛ս, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Բանաձեւը
«Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին», 26-ը նոյեմբերի 1968թ.։

————-

Գուրգեն Յանիկյանի դիմանկարը` Սուսան Ավանեսյանի «Հերոսամարտ» շարքից

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)