Ջուղայի ոչնչացված խաչքարերի լուսանկարներն ընդգրկվել են մեկ պատկերագրքում

Lragir.am,
23:55 29.04.2019

Հնագետ-լուսանկարիչ Արամ Վրույրի Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի լուսանկարները, գիտական ու պատմական տեղեկություններն ընդգրկվել են «Ջուղա. հարյուրամյա ցեղասպանության վկան» պատկերագրքում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 29-ին «Բուկինիստ» գրախանութում:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ` քառալեզու պատկերագիրքը, որին կից ներկայացված է Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին պատմող՝ «21-րդ դարի վանդալները» եռալեզու վավերագրական ֆիլմի խտասկավառակը, հրատարակել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

«Ջուղայի հարուստ պատմամշակութային ժառանգությունն այնքան արժեքավոր էր մեզ համար, որ խորը ցավ ապրեցինք, երբ այն արժանացավ ոչնչացման ճակատագրի: Այս նախաձեռնությամբ փորձեցինք ամբողջ աշխարհին հասանելի դարձնել մի շատ կարևոր իրողություն, ցույց տալ, որ խաչքարերը եղել են: Խաչքարերը ոչնչացվել են Ադրբեջանի վարված ցեղասպան մշակութային երկարատև քաղաքականության արդյունքում»,-շեշտեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Նրա խոսքով`1915 թվականին եղել է հայ ժողովրդի ցեղասպանություն, իսկ դրանից հետո տեղի է ունեցել հայ ժողովրդի մշակութային ցեղասպանություն: «Այս ալբոմը նաև բողոք է պարունակում»,-ընդգծեց Թարվերդյանը:

Գրքի համահեղինակ Աշոտ Մովսեսյանն ասաց, որ ուսումնասիրել են Արամ Վրույրի նեգատիվների մեծ մասը, հետաքրքիր ու լավ կադրեր գտել և սկսել են աշխատել, մշակել դրանք: «Արա Վրույրի լուսանկարներում, որոնցում Անին է, պահպանված է Անիի վաթսուն տոկոսը, հիմա միայն փլատակներ են, բայց մենք ունենք նյութերը որոնցով հետագայում մի նախաձեռնություն կիրականացնենք»,-շեշտեց Մովսեսյանը:

Մյուս համահեղինակ Արշակ Բանուչյանը հավելեց, որ ի սկզբանե ցանկացել են զուգահեռներ անցկացնել Ջուղայի և Անիի միջև ու ցույց տալ, որ դրանք հարյուր տարի շարունակ քանդվում, ավիրվում և ենթարկվում են մշակութային սպանդի:

«Ջուղայից ընդամենը 25 խաչքար է մնացել, որոնք այժմ Էջմիածնում են, իսկ լուսանկարները` այս պատկերագրքում:

Ուրախ կլինեի, որ գիրքը հրատարակվեր ոչ թե որպես մշակութային ցեղասպանության վկայություն, այլ իբրև Արամ Վրույրի լուսանկարչական ժառանգության ամփոփում, որովհետև Վրույրն իր քառասուն տարվա աշխատանքային կենսագրության ընթացքում տարբեր արշավախմբերում լուսանկարել է Անին, Ջուղան, այլ պատմական հուշարձաններ, երբ դրանք կանգուն էին: Կարծում եմ` տարբեր հեղինակների մեր լուսանկարչական ժառանգությունը պետք է հավաքվի, պահպանվի, թվայնացվի և մատչելի դառնա»,-եզրափակեց նա:

Պատկերագիրքը հրատարակության է երաշխավորել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական խորհուրդը:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)