Հարգանքի տուրք բյուրավոր նահատակների հիշատակին

Չենք մոռացել, չենք մոռանա…

Սիրելի Հայրենակիցներ,

Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցին ոգեկոչելով բյուրավոր նահատակների անմոռաց հիշատակը, Եվրոպայի Հայերի Համագումարի անունից հարկ ենք համարում վերահաստատել, որ համառ եւ հետեւողական, համախմբված եւ միասնական ջանքերի շնորհիվ միայն հնարավոր կլինի վերականգնել արդարությունը և տեր կանգնել կորցրած հայրենիքին և նրա հարստությանը:

1915 թվականին հայոց դեմ կատարված Ցեղասպանությունը գագաթնակետն էր օսմանական կայսրության հաստատման օրից ի վեր հայոց դեմ անընդմեջ կատարվող ոճրագործությունների: Այդ ցեղասպանական քաղաքականությունը շարունակվեց և դեռ շարունակվում է նրա իրավահաջորդ իշխանությունների կողմից եւ դեռ ավելին՝ այդ ցեղասպանական քաղաքականությանը տասնյակ տարիներ է ինչ միացել են Ադրբեջան կոչվող երկրի իշխանությունները:

Հարկավոր է կազմել մեկ ճակատ և որդեգրել հստակ ռազմավարություն՝ աշխարհով մեկ բացահայտելու եւ քողազերծելու Էրդուգանների եւ Ալիեւների հակահայկական, հակամարդկային ու ռասիստական քաղաքականությունը իր ողջ տգեղությամբ:

Միջազգային հանրությունը եւ առաջադեմ մարդկությունը, առավել եւս այսօր պետք է, որ լիապես տեղեկացված լինի եւ քայլեր կատարի նրանց որդեգրած քաղաքականության դեմ:

Այսօր Թուրքիան պատասխանատու է նաև Սիրիայում իր հերթական ցեղասպանությունների համար, մասնավորաբար Քեսաբում եւ Դեր Զորում, իսկ Ադրբեջանը՝ Սումգայիթի, Բաքվի և ադրբեջանական հանրապետության տարածքում հայերի հանդեպ կատարած ջարդերի և բռնի տեղահանումների համար, Արցախի ու Հայաստանի ժողովրդի վրա ռազմական հարձակման և պատերազմ հրահրելու համար:

Թուրքիան և Ադրբեջանը պատասխանատու են նաև մշակութային ցեղասպանության համար: Նրանք որդեգրելով պանթուրքիստական քաղաքականություն, ոչնչացրել և շարունակում են ոչնչացնել պատմության ընթացքում կերտած մեր մշակութային արժեքներն ու ինքնության վկայությունները, պատմությունը կեղծելով՝ իրենց են վերագրում հինավուրց ժողովուրդների պատմամշակութային կոթողներն ու ժառանգությունը:

Ժամանակակից աշխարհի լարված եւ փոթորկոտ աշխարհաքաղաքական հորձանուտներում ստեղծվում է նոր մարտահրավերների ու հնարավորությունների պատմական մի փուլ, որը մեզանից պահանջում է անել ավելին, քան արվել է մինչ այսօր:

Մեր գոյության և պետականության դեմ ծառացած մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ է համախմբվել, մեկ բռունցք դառնալ և թիկունք կանգնել թավշյա հեղափոխությամբ վերաիմաստավորված հայրենի պետականությանը, դեմ կանգնել բոլոր տեսակի ներքին եւ արտաքին խարդավանքներին…

Խոսքով միասնական, իսկ գործով անջատողական արատավոր քաղաքականությունը անասելի վնաս է հասցրել մեզ մեր ողջ պատմության մեջ:

Այսօր մեզ հարկավոր է, թե’ Հայրենիքում եւ թե’ Սփյուռքում մի կողմ թողնել կուսակցական ու խմբակային նեղ շահերը՝ հենվելով մեր ներքին ուժերին, մեկ մարդու պես անկաշառ համախմբվել հայրենիքի շուրջ եւ լավագույնս օգտագործելով հեղափոխության ընձեռած եզակի այս հնարավորությունը ամրապնդել նրա ինքնիշխանությունը, հզորացնել տնտեսությունը, անպարտելի դարձնել ռազմական ուժը, ապահովել ազգաբնակչության բարեկեցությունը եւ հայրենադարձության կարավանների համար ստեղծել լուսավոր ճանապարհ…

Եվրոպայի Հայերի Համագումարը հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին եւ համոզմունքին, հավատացած է, որ միասնական ջանքերով հնարավոր է հասնել ցեղասպանության միջազգային համընդհանուր ճանաչումին եւ դատապարտման, ցեղասպանության հետեւանքների վերացմանը, նյութական ու հողային փոխհատուցումներին եւ դիմակայել սպասելի ու անսպասելի բոլոր արհավիրքներին ու մարտահրավերներին:

Եվրոպայի Հայերի Համագումար
24 ապրիլ 2019
Ուփսալա – Շվեդիա
[email protected]

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)