Մոսկվան անկեղծացել է. անպատկառ ներխուժում, բանալին Հայաստանում է

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
22:39 04.04.2019

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում դժգոհել է Կովկասը «ռազմա-քաղաքական առումով յուրացնելու» ԱՄՆ եւ ՆԱՏՕ գործողություններից: Զախարովայի խոսքով, դա «անպատկառ» ձգտում է: Նա միաժամանակ նշել է, թե անհնար է չասել ղարաբաղյան հակամարտության մասին, որում ըստ նրա ներգրավված են ՌԴ երկու մերձավորագույն բարեկամներն ու գործընկերները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նկատել է Զախարովան:

Արդյոք ՌԴ ԱԳՆ խոսնակը, դժգոհելով ԱՄՆ ու ՆԱՏՕ այդ գործողությունից եւ այն համարելով «անպատկառ» ձգտում, դժգոհություն է հայտնում նաեւ Ադրբեջանին, որն օրինակ օրեր առաջ եղել է Վրաստանում ՆԱՏՕ բազմազգ վարժանքի մասնակիցների շարքում: Հայաստանն այդ վարժանքին չէր մասնակցել, ասելով, որ զորավարժության սցենարը Հայաստանի անվտանգության խնդիրների տեսանկյունից արդիական չէ:

Վրաստանում եւ ընդհանրապես ՆԱՏՕ վարժանքներին Հայաստանի մասնակցության «զիգզագը»՝ Երեւանը որոշ վարժանքների մասնակցում է, որոշներին՝ ոչ, մշտապես արժանանում է քաղաքական գնահատականի, երբ մասնավորապես չմասնակցելը դիտարկվում է կամ ՌԴ հրահանգ, կամ ՌԴ-ին չզայրացնելու վախվորածություն:

Գործնականում սակայն, Կովկասում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունը շատ ավելի խորը ընդգրկում եւ համատեքստ է պարունակում, քան լոկ վարժանքներին մասնակցությունը: Ավելին, այդ առումով գործակցությունը բացառիկ է: ՆԱՏՕ-ն Հայաստանից չի ակնկալում սկզբունքորեն ավելին, քան արվում է ներկայում՝ երկկողմ գործակցության տիրույթում: Խոսքն իհարկե դինամիկայի մասին չէ, այլ քաղաքական նշաձողերի:

Գործնականում տեղի է ունենում շատ ավելի հետաքրքիր գործընթաց, երբ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին է մղում Հայաստանի համար «ավելին» անելու, իսկ այլ կերպ՝ Ռուսաստանին մղում է Հայաստանի հանդեպ ստանձնած դաշնակցային պարտավորությունների շրջանակ, միաժամանակ ամենեւին չդնելով այդ շրջանակից Հայաստանը դուրս բերելու խնդիր եւ ավելին՝ շեշտելով, որ Հայաստանն այդ շրջանակում որեւէ խնդիր չի առաջացնում ՆԱՏՕ համար:

Բանն այն է, որ Կովկասի հանդեպ ՆԱՏՕ եւ ԱՄՆ ռազմա-քաղաքական աշխուժությունը կառուցվում է շատ ավելի բարդ եւ բազմազան սխեմայով, ելնելով մի կողմից աշխարհքաղաքականության ուրույն «ոճաբանությունից», մրցակցային զինանոցի առավելությունից եւ հարստությունից, ինչպես նաեւ առկա ռեգիոնալ իրողություններից:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիային հայտնել է, որ պետք է կատարի ընտրություն՝ ՆԱՏՕ, թե ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր: Սակայն հատկանշական է, որ Փենսը չի ասում ՆԱՏՕ եւ Ռուսաստան, այլ ռուսական համակարգեր: ԱՄՆ հրաշալի պատկերացնում է, որ Թուրքիան Ռուսաստան ընտրելու առաջ չէ, Ռուսաստանն է Թուրքիային ընտրելու առաջ, կամ Թուրքիան Ս-400 գնելով ոչ թե Ռուսաստանին է ընտրում, այլ գործնականում գնում է Ռուսաստանը, սկսում է Ռուսաստանը գնելու գործընթաց:

Խոշոր հաշվով, դա կասեցնելու առանցքային միջոցը ոչ միայն Թուրքիային «անկախ» խաղի հետեւանքի մասին զգուշացնելն է, այլ նաեւ Կովկասի նկատմամբ ԱՄՆ-ՆԱՏՕ ռազմա-քաղաքական հավակնությունը: Այն Մոսկվային ստիպելու է կանգնեցնել Թուրքիային վաճառվելու գործընթացը, ելնելով դրա անիմաստությունից՝ երբ ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ն շոշափելի ներկայացվածություն կունենան Վրաստանում եւ սեւծովյան ավազանում:

Դա սկզբունքորեն բերելու է ռուս-ադրբեջանական հարաբերության վերանայման, որովհետեւ Մոսկվան հույս ունի Թուրքիային վաճառվելուց հետո իբրեւ «ՀԴՄ» կտրոն իր մոտ պահել գոնե Ադրբեջանը: Եթե Թուրքիային վաճառվելն այլեւս իմաստ չունի, ապա իմաստազրկվում է նաեւ «կտրոնը»: Ռուսաստանի համար միակ գործնական իմաստավորումը ստանում է Հայաստանը, բայց արդեն ոչ թե իբրեւ «մանրադրամ»՝ ինչպես ավանդաբար, այլ ինչպես հենման կետ եւ ռեգիոնալ դերակատարության որոշակի երաշխիք: Այստեղ առանցքային նշանակություն է ունենալու այն, թե Հայաստանը որքան երկար կարող է պահել սահմանադրական, լեգիտիմ իշխանության համակարգը, քանի որ գործընթացները մեծ հավանականությամբ շատ ավելի տեւական են լինելու, քան նոր խորհրդարանի հնգամյա ժամկետը:

Տրվե՞լ «սուլթանին», թե՞ այդուհանդերձ հանձնվել ԱՄՆ «անպատկառ» հավակնությանը, պահպանելով դերը Կովկասում՝ թեկուզ արդեն հայկական սցենարով, եւ պահելով իր հարավային սահմանները Կովկասի հյուսիսում: Ռուսական պետության առաջ դա է խնդիրը, որի լուծման բանալին այժմ Հայաստանի ձեռքում է:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)