Թուրքերը 100 տարի անց էլ իրենց հայկական հողի տեր չեն զգում եւ հրավիրել են մերձկասպյան բարբարոսներին

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
20:27 22.03.2019

Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենության ճանաչումը դժգոհություն է առաջացրել Սիրիայում, Ռուսաստանում եւ Թուրքիայում: «Պետությունների տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է», – ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:

«Իսրայելի գործողություններն օրինականցնելու ԱՄՆ փորձերը հակասում են միջազգային իրավունքին եւ կհանգեցնեն տարածաշրջանում էլ ավելի շատ բռնության ու ցավի: Թուրքիան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը», – ավելացրել է նա:

Թուրքիան մտահոգ է տարածաշրջանում սահմանների վերաձեւման հնարավորությունից: Նախագահ Էրդողանը հայտարարում է, որ պատրաստ է պատերազմել Թուրքիայի համար: Էրդողանը Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի 104-ամյակի միջոցառմանը հայտարարել է, որ «հակամուսուլմանական հայացքներ ունեցողները կկրկնեն իրենց նախնիների ճակատագիրը, որոնք Գալիպոլիի ճակատամարտից հետո Թուրքիայի տարածքը լքել են դագաղներում»:

Չնայած այս հայտարարությունները մեծամասամբ պայմանավորված են Թուրքիայում նախընտրական արշավով ու ազգայնականության աճով, Թուրքիան իրոք մտահոգվելու բազմաթիվ հիմքեր ունի:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Երուսաղեմ այցի շրջանակում եղել է Տիրոջ տաճարի հայկական մասում եւ մոմ վառել: Օրերս ԱՄՆ 49-րդ նահանգը՝ Ալաբաման, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ հարցեր առաջացնելով, թե ինչ կլինի այն բանից հետո, եթե վերջին նահանգը՝ Միսսիսիպին, նույնպես ճանաչի ցեղասպանությունը:

Անկարան, հասկանալով, որ դա մեծ խաղի մաս է, չի կարող կանխարգելիչ միջոցառումների չդիմել: Այդ միջոցառումներից մեկը կարող է լինել Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը: Անկարան ոչինչ չի կարող անել այն բանի հետ, որ պատրիարքը կոչվում է Պոլսի:

«Թուրք ժողովուրդը միշտ ապրելու է այս հողերում: Մենք թույլ չենք տա Ստամբուլը Կոնստանդնուպոլիս դարձնել», – օրերս ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Թուրքիան չի փորձում պատրիարքին «ստամբուլյան» անվանափոխել, բայց ամեն ինչ անելու է կամ ընտրությունները վիժեցնելու, կամ էլ ցույց տալու, որ հենց Անկարան է որոշում, թե ով է գլխավորելու Թուրքիայի հայ համայնքը:

Եվրոպայի հայ ազգային կոմիտեն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ուշադիր հետեւելու է պատրիարքի ընտրության գործընթացին: «Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահից հետո Էրդողանի ռեժիմն այլեւս չի կարող հետաձգել ընտրությունները: Այսուհետ Թուրքիայի իշխանությունների ցանկացած միջամտություն ընտրական գործընթացին անթույլատրելի է: Թուրքիայի հայերը կարող են ազատորեն ընտրել իրենց հոգեւոր առաջնորդին», – նշված է հայտարարությունում:

Թուրքիան նաեւ դիմում է ոչ ավանդական քաղաքականության, որ չեզոքացնի հայկական գործոնը: Անկարան ի վիճակի չէ պահել հայկական հողերի վերահսկողությունը եւ որոշել է այդ հողերը Բաքվին հանձնել: Կարսն ու Իգդիրը բնակեցրած ադրբեջանցիները քանդում են հայերի հետ կապված ամեն բան:

Թուրքիայում ապրող թուրքերն ու քրդերը չեն կարող անել այն, ինչի ունակ են պատմական հիշողություն չունեցող ադրբեջանցիները: Ջուղայում հայկական խաչքարերի ավերումից հետո Թուրքիան հասկացել է, որ բարբարոսական առաքելությունը կարող է վստահել ադրբեջանցիներին: Առաջին օրինակը Կարսում Չարենցի տան քանդումն է:

Սա խոսում է այն մասին, որ թուրքերն իրենց պատմական հիշողությունում անգամ 100 տարի հետո իրենց հայկական հողերի տեր չեն զգում:

Հետազոտող Աննա Մուրադյանը, որը ժամանակին արշավ է իրականացրել Թուրքիայում, գրում է. «թուրքական «Greens and the Left Party of the Future» կուսակցության անդամ Այշե Օքթեմն ասում է, որ մարդիկ ոչ միայն Անատոլիայում, բայց հատկապես Անատոլիայում, ներքին զգացողություն ունեն, որ անցյալում մի վատ բան է կատարվել, բայց իրենք այդքան էլ տեղյակ չեն, թե կոնկրետ ինչ է եղել, ու այդ թեման տաբու է, եւ այդ մասին չեն խոսում»:

Այշեն պատմում է, որ 12 տարի առաջ եղել է Ադանայում, որտեղ տեսել է գետի ափից բավական հեռու խաղացող երեխաների, որոնք խուսափում էին մոտենալ ափին:

«Նրանք ինձ ասացին, որ իրենց մայրերը թույլ չեն տալիս խաղալ ափին, որովհետեւ այդ գետում երեխաներ են խեղդվել, ու նրանց հոգիներն այժմ գետում են,- պատմում է նա:- Ես նաեւ մի ծիրանի ծառ տեսա, որ լի էր պտուղներով, սակայն ոչ ոք չէր ուտում այդ ծառի ծիրանը, որովհետեւ ասում էին, որ ժամանակին այդտեղ մարդկանց են մորթել, ու այդ ծառը ջրվել է նրանց արյունով»:

Քաղաքացիական ակտիվիստը նշում է, որ Անատոլիան լի է գետերում խեղդված երեխաների հոգիների, մարդկանց արյունով ջրված ծիրանենիների ու անիծված ոսկիների մասին պատմություններով, որոնցից անհրաժեշտ է ազատվել: «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր թուրք կապված է հայերի հետ այդ պատմություններից ինչ-որ մեկով,- ասում է նա:- Ու, որպեսզի մեր երեխաները կարողանան խաղալ այդ գետերի ափերին` Թուրքիան պետք է ընդունի, որ եղածը Ցեղասպանություն է: Թուրքիան պետք է բացի սահմաններն ու հետ վերադարձնի հայերի ունեցվածքը»:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)