«

»

Մրտ 19

Մոսկվան Թբիլիսիին ձեռք է մեկնում «հայկական խնդրով»

Դրույքը՝ Անդրկովկասից թանկ

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Քաղաքական մեկնաբան, Մոսկվա
23:49 18.03.2019 | Մեկնաբանություն | Դիտումներ՝ 1426

Պատրա՞ստ է Վրաստանը չափավորել իր «եվրոպական» եւ ՆԱՏՕ-ական ձգտումները՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճակատագրի շուրջ բանակցելու դիմաց: Հավանական այս ճանապարհին Մոսկվան Թբիլիսիին կարող է տրամադրել նաեւ հետաքրքիր բոնուս՝ Անդրկովկասում Հայաստանին զսպելու դերը:
Առաջին հայացքից վաղաժամ թվացող այս գծագրումը կարող է իրական հիմք ունենալ: Համենայն դեպս, ՆԱՏՕ-ն բավարար սպառնալիք է, որպեսզի Մոսկվային ստիպի մտածել աբխազ-օսական անկախությունը Վրաստանին «վճար» դարձնելու մասին: Իսկ նոր Հայաստա՞նը: Կարող է թավշյա հեղափոխությունը ստիպել Կրեմլին գնալ Թբիլիսիի հետ երկխոսության: Դեպքերը շատ են հիշեցնում Հայաստանը արյան մեջ համատեղ խեղդելու Լենինի խնդրանք-առաջարկը Մուսթաֆա Քեմալին 1919-ին: Սակայն դիտարկենք դրությունը տասնամյակների եւ հարյուրամյակների կարծրատիպերից հնարավորինս հեռու մնալով:
Ի՞նչն է իրական: Կասկածից վեր է, որ միջինարեւելյան անկայունության պայմաններում Ռուսաստանի համար կորուսյալ Անդրկովկասը կարող է աղետալի տեղաշարժերի տեղիք տալ երկրի ներսում: Հետեւանքները, անշուշտ, ավելի թանկ արժեն, քան պարզապես նախկին ծայրամասի կորուստը: Խոսքը, ոչ ավել ոչ պակաս, ռուսական պետականության լինել-չլինելուն է վերաբերում:
Իրական է նաեւ Անդրկովկասի կորստի սպառնալիքը: Գաղափարական՝ ԽՄԿԿ եւ ուժային՝ ՎՉԿ-ԿԳԲ հենարաններից զուրկ Մոսկվան աչքի առջեւ ունի հիրավի անմխիթար պատկեր: Դեպի ՆԱՏՕ ընթացող փայփայած ստալինյան «Սաքարթվելո», ի սկզբանե ռուսական նախագծից, սակայն թուրքականի կամ պարսկականի վերածվող «Ադրբեջան», եւ 1915-1923 ու 1941-45 թվերին արյունաքամ, իսկ 1990-2018-ին զգալիորեն նոսրացած, բայց հեղափոխական Հայաստան:
Տարօրինակ է, բայց Կովկասյան եռյակից առավել մտահոգիչը ամենախեղճն է. Հայաստանը: Նիկոլ Փաշինյանի առաջարկած ներքին եւ արտաքին տնտեսական, հատկապես էներգետիկ ասպարեզում նախատեսված փոփոխությունները, Արցախյան ռազմավարության շրջադարձային վերանայումը Կասպից Արեւմուտքի ուղղությամբ, Իրանի եւ հրեական պետության հետ քաղաքականության աշխուժացումը ամենեւին բնորոշ չեն հարյուրամյակի խորության վրա թաղած հանգուցյալի համար: Բացի այդ, Հայաստանը, ի տարբերություն երկու հարեւանների, չի ձգտում հարել արժեհամակարգային, քաղաքակրթական օտար որեւէ հենքի:
Սա էական տարբերություն է, որի նշանակությունը աճում է, եթե նկատի ունենանք թե Ռուսաստանի, թե Վրաստանի եւ նույնիսկ «Ադրբեջանի» վրա հայերի ունեցած սեփական, վճռորոշ ազդեցությունը սկսած դեռեւս անտիկ եւ բյուզանդական շրջաններից: Հայաստանին հանգիստ թողնելը էապես փոխելու է վիճակը Կովկասում:
Անկաշկանդ Հայաստանը առավելագույնս բարդացնելու է Մոսկվայի կյանքը: Հայաստանը ոչ եվրոպական է, ոչ ամերիկյան, ոչ իսլամ: Հայաստանը հայկական է եւ, միաժամանակ, բաց շփումների համար: Չմոռանանք, որ հայերի, թերեւս, կեսից ավելին իսլամադավան են: Տարակուսելին այն է, որ այս հանգամանքները ավելի պարզ են օտարներին, քան հայերին: Շնորհակալություն մեր մտավորականությանը:

Կա՞ արդյոք Փաշինյանի կառավարության կուրսի այլընտրանք: Ռուսական արժեհամակարգին հայերի հոժարակամ հարելը ողբալի կամ զավեշտալի կարող է լինել: Նախ, IX-XIII դարերի՝ արեւելյան սլավոնների ստրուկ զանգվածներին քրիստոնեական տեսքի բերելու հայկական ջանքերի դադարեցումից հետո նման համակարգի գոյության մասին խոսելը դժվար է: Բացի այդ, «հավը» չի կարող հարել իր ածած «ձվին»:
Պատմական տեսանկյունից անբնական այսպիսի փորձը հանգեցրել է 1915-1923 աղետին, հայության հայրենաբնակ մնացորդի «երեւանսկի» ու «մասկովսկի» հակոտնյա հատվածների տրոհման եւ հայկական պետության հանդեպ նեոգաղութային զինանոցի կիրառման՝ վարկային ստրկության ու էներգետիկ շանտաժից մինչեւ «փափուկ ուժ»:
Այս իրողության գիտակցումը, չնայած հարյուրամյա կարծրատիպերին եւ «Լազարեվսկի» կոմիտեի զատուլինյան ջանքերին, թափանցում է հայ հասարակության լայն շրջանի մեջ, ինչը լավ է երեւում ՌԴ երեւանյան դեսպանատնից: Այնտեղ սթափ են գնահատում իրավիճակը Անդրկովկասում թավշյա հեղափոխությունից հետո եւ դրությունը փրկելու միջոցներ հայթայթում: Ինչպիսի՞ն են պատմական նախադեպերը:
Բոլշեւիկների օրոք 1920-1923 թվականներին ռուսական վերահսկողությունը Անդրկովկասում վերականգնվում էր տապալվող դոմինոյի շղթա հիշեցնող սխեմայի միջոցով: Թուրքիո օժանդակությամբ Սովետական Ադրբեջանը Հայաստանին էր խորհրդայնացնում, այնուհետեւ Սովետական Հայաստանը Սաքարթվելոյին՝ սա էր ուժային սխեման:
Տեղ խնայելու նպատակով ոչ ուժային սխեմաների մանրամասների համար ստիպված եմ հղել 2011-ին, դեռեւս մինչեւ ԵԱՏՄ ստեղծումը հրապարակված սեփական ակնարկին [1, Regnum]: 3-4 տարի անց պարզ դարձավ, որ ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը, ինչպես եւ կանխատեսում էինք, բավարար չէ:
Եւ ուրեմն, նորից ուժ: 2016-ին տապալվում է Ադբեջանի միջոցով Հայաստան ձեռք բերելու, այսինքն 1920-ի «գետը» երկրորդ անգամ մտնելու փորձը: Չորս օրվա ընթացքում ամեն ռուսականի նկատմամբ հայ մարդու համակրանք-հակակրանք հարաբերությունը 80/20-ի վիճակից շրջվեց-հասավ 20/80-ի: Ասպիսով, Մոսկվայի կողմից Անդրկովկասը համեմատաբար անարյուն եղանակով «վերագտնելու» մի հենակետ է մնում. դա Թբիլիսին է: 2008 թվին պատերազմած Թբիլիսին: Սա՝ Հայաստանի ուժին չհավատացողների համար:
Մեկ նժարի վրա ՆԱՏՕ, իսկ մյուսի վրա Աբխազիա, Հարավային Օսիա եւ արդեն երկու չէ՝ երեք կողմից փակ, անհեռանկար եւ տկար Հայաստան: Իրանի հետ սահմանն էլ պահպանում է միայն լոկալ բնույթը: Ենթադրում ենք, որ նման առաջարկից Թբիլիսին չէր հրաժարվի: Հոգուտ այս դատողությանն է խոսում 1945-46 թվականների իրողությունը: Հենց Թբիլիսին էր, որ մերժեց իր տարածքը 8% հավելելու հնարավորությունը հանուն այն բանի, որ արգելափակի Հայաստանը Կարսի մարզի եւ Արարատ լեռան շրջանի հաշվին 80% հավելելու շուրջ թուրք-սովետական շփումները: Այդ ժամանակ 1921-ի մոսկովյան պայմանագիրը չվերանայվեց Վրաստանի պատճառով. Թբիլիսին պահանջեց Թուրքիայից վերադարձվող տարածքի գրեթե 50%:
Ռուս-վրացական շրջանային երկխոսության փազլին պակասում էր փաստական մի քար, որը եւ մատուցեց տիկին Սալոմե Զուրաբիշվիլին իր Բաքու, Երեւան եւ Էջմիածին կատարած այցի ընթացքին: Հայաստանին ուղղած վրացական ամբաստանությունները՝ արդեն 100 տարի «Բաթումը Արարատի դիմաց» գործարքի պտուղները վայելելու պայմաններում առնվազն տարօրինակ են: Եթե, իհարկե, նկատի չունենանք Մոսկվա-Թբիլիսի հնարավոր երկխոսությունը նոր հայկական զոհողությունների շուրջ եւ մոտեցող 2021 «հոբելյանական» թվականը:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)