Պարույր Սևակ, «Եռաձայն պատարագ»

-Կոչեմ ապրողա՜ց:

Եվ ո՞վ է ասում, թե դուք ծով չունեք:
Ձեր Արյան ծովը ավելի մեծ է Մեծ կամ Խաղաղից,
ծովը Քրտինքի` Ատլանտականից ավելի խորունկ,
Վրեժի ծովը` ավելի ահեղ, քան Սառուցյալը,
իսկ ծովն Արցունքի՜…

Պե՛տք չեն արցունքներ:
Նրանց փոխարեն
թող հոսի ավյո՜ւն, թող հոսի քրտի՜նք
ու սրբագրի վրիպակները նույնիսկ բնության`
ապառաժները դարձնելով հնձան ճմլելիք գինու,
առապարները` բաց շտեմարան հացի և մրգի,
անապատները` շեն-ապատների բաց ցուցահանդես,
որպեսզի ամեն կտուրի ներքո, ամեն հարկի տակ,
բախտավորության հարսները մահճում
նորածնի հետ, երկվորյակի պես,
ապահովությո՜ւն բերեն լույս աշխարհ,
և ամեն տան մեջ խոսուն շշերը
երազկոտ գինու շուրթերը բացեն,
և ամեն տան մեջ, «Հայր մեր»-ի նման,
հոլովվի մեր նոր նշանաբանը.
-Մեր թափված գինին
մեր ջարդված շշին թող մատաղ լինի:
Գինի՜ն, բայց երբեք ո՛չ արյունը բորբ,
շշի՛ն, բայց երբեք ո՛չ երկրին ավեր…

Եվ պետք չե հիմա շարոց-շարական,
նաև պատարագ ու հոգեհանգիստ:
Հողն ինքն է երգում իր ընդերքների մթին կոկորդով,
նվագակցությամբ իր ջրվեժների,
իր քամիների խմբերգով զորեղ,
Մասսյաց անլեզվակ զանգերի հուժկու մենակատարմամբ`
ի տես բյուրավոր ա՛յն հանդիսատես լամպ ու լույսերի,
որ հիացմունքից թարթում են իրենց աչքերը շողուն
և ավելի են թրթռուն-ապրող,
քան թե առկայծող աստղերը վերին:

-Կոչեմ ապրողա՛ց.

կոչեմ վերապրած ժողովո՛ւրդ իմ, քե՜զ,
որ ունես աչքեր, այն էլ ի՜նչ աչքեր,
բայց ավելի ես տեսնում, առա՛յժմ, քո ականջներո՜վ:

1965 թ., փետրվար
Երևան

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)