Լավրովի նոր պլանն Արցախում. ինչ է սպասվում

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

22:07 16.01.2019 | Մեկնաբանություն | Դիտումներ՝ 1854

Ռուսաստանը 2019 թվականին առաջընթաց է ակնկալում Արցախի կարգավորման գործընթացում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, թե Արցախի հակամարտությունն արդեն ձեռք է բերում հնացող հակամարտության հատկանիշ, սակայն անգամ այդ դեպքում հնարավոր է լուծումներ, եթե լինի բարի կամքի դրսեւորում թե Երեւանից, թե Բաքվից: Միաժամանակ, ՌԴ արտգործնախարարը հայտարարում է, որ աջակցության են արժանի հանգուցալուծում գտնելու պատրաստակամության վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարությունները, «հուսով ենք, որ հայաստանյան բարեկամներն էլ կպատասխանեն փոխադարձաբար»:

Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունները պարունակում են մի շարք հետաքրքիր հատկանիշներ: Օրինակ, Լավրովը հայտարարում է, որ Արցախի հակամարտությունը ձեռք է բերում «հնացող» հակամարտության հատկանիշներ: Դա գործնականում հայտարարություն է այն մասին, որ օրակարգում ավելի ու ավելի է արդիականանում հակամարտությունն այսպես ասած «պահածոյացնելու» հարցը:

Դա ենթադրում է ռազմական բախման վտանգների քաղաքական արդյունավետ կառավարում, երբ գործընթացի մասնակից կողմերի միջեւ հստակ է, որ չկա առարկայական փոխհամաձայնության հեռանկար, եթե այդ փոխհամաձայնությունը չի վերաբերում ստատուս-քվոյի պահպանման քաղաքական մեխանիզմի, այդ թվում իմիտացիոն գործընթացի մշակմանը:

Մյուս կողմից, բացառված չէ, որ այդ իմիտացիոն տրամաբանության մեջ է նաեւ հայտարարությունը կարգավորման առաջընթացի ակնկալիքի մասին: Երբ Լավրովը խոսում է Բաքվի պատրաստակամության եւ դրա աջակցության մասին, հարց է առաջանում՝ իսկ Բաքուն պատրա՞ստ է ճանաչել Արցախի անկախությունը: Եթե ոչ, ապա մյուս հարցն այն է, թե արդյոք Հայաստանում կարող է լինել որեւէ իշխանություն՝ լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ, որը պատրաստ կլինի Արցախի անկախությունից ավելի ցածր որեւէ կարգավիճակի շուրջ որեւէ քննարկման:

Առավել եւս, որ այդ կապակցությամբ Հայաստանի նոր իշխանությունն արել է բավական հստակ հայտարարություններ, ներառյալ նախընտրական շրջանը, որտեղ ՀՀԿ-ն մի կողմից զրպարտչական բնույթի, սակայն մյուս կողմից բավական կարեւոր թեմա «սադրեց»՝ Արցախի հարցն ու դրանում հայկական դիրքորոշման խնդիրը:

Նիկոլ Փաշինյանը ընդունեց «ձեռնոցը», ու արդյունքում ստացվեց, որ Հայաստանի նոր իշխանությունը խորհրդարանի արտահերթ ընտրությանը 71 տոկոս մանդատ է ստացել ոչ միայն «ոչ թե Արցախի հարցում փոխզիջման» համար, այլ ավելին՝ հենց Արցախի հարցում կարծր դիրքորոշման եւ անզիջում քաղաքականություն վարելու համար:

Ի դեպ, այդ իմաստով խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ մասնակցությունն ունեցավ իր դրական ազդեցությունը եւ նշանակությունը, նպաստելով Արցախի խնդրում նախընտրական կապիտալի ձեւավորմանը:

Ավելին, ըստ էության դատելով քարոզարշավի հենց այդ հիմնական բախման տրամաբանությունից, առանցքայինը դարձավ Արցախի հարցն ու անվտանգությունը, ըստ այդմ այդ խնդրում կարծր դիրքորոշումը դարձավ նոր իշխանության ստացած քվեի առանցքային հենքը եւ բաղադրիչը:

Ընդ որում, դա էլ իր հերթին չի ենթադրում ներքին կառավարման եւ ռեֆորմացիայի մյուս հարցերի երկրորդականացում, քանի որ Արցախի խնդրում Հայաստանի դիմադրունակությունն ու կենսունակությունն ի վերջո ձեւավորվելու եւ բյուրեղանալու է, նոր եւ առավել բարձր մակարդակի է բարձրանալու հենց այդ ռեֆորմացիայի արդյունավետությամբ:

Այդ իմաստով, ինչն է Լավրովի ակնկալիքը արցախյան կարգավորման հարցում, եթե ոչ իմիտացիան՝ «պահածոյացման» ռազմավարությամբ: Արդյոք Ռուսաստանի արտգործնախարարն այլեւս այնքան ծեր է, որ կարող է իրեն թույլ տալ ունենալ այսպես ասած իրական առաջընթացի մանկան միամտություն եւ վաղեմի պլանի առաջխաղացում, դրա անգամ պատերազմի գրեթե երաշխավորված թվացող ներդրման տարբերակի երկամյա վաղեմության տապալման դեպքում: Հին պլանի իրականացման նոր փորձը Ռուսաստանի համար ամենեւին չի երաշխավորի հաջողության նոր չափ, բայց հաստատապես կերաշխավորի ձախողման նոր եւ ավելի մասշտաբային հետեւանք:

Թե՞ Լավրովը շարունակում է մնալ բազմափորձ դիվանագետի բարձրության վրա եւ իմիտացնել այդ միամտությունը, գործնականում Բաքվին դիվանագիտական բազմափորձ նրբությամբ ասելով այն, ինչ տարիներ առաջ Բաքվում իրեն ասացին լեզվի բաց իբրեւ թե սայթաքումով:

https://www.lragir.am/2019/01/16/410009/

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)