«

»

Հնվ 07

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի 2019 թ. Ամանորյա շնորհավորական ուղերձը

Շնորհավորում ենք հայ ժողովրդի ու Հայաստանի Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը:

Ամանորի այս տոնական օրերին ուրախ ենք նշելու, որ 2018 թվականին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կողմից մի շարք կարեւոր եւ հիմնարար աշխատանքներ են իրականացվել Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ոլորտում:

Մշակվել է Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հայեցակարգն ու ռազմավարությունը, որի գլխավոր նպատակը բնականաբար Հայկական Հարցի վերջնական ու ամբողջական լուծումն է:

Լրացվել ու առավել ամբողջական տեսքի է բերվել «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական փաթեթ» ժողովածուն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներով:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2018 թ. սեպտեմբերին տեղի ունեցած 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններում ձեռք բերված աննախադեպ արդյունքներով, ինչի մասին բազմիցս խոսվել է, ամրացվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ողջ պետական համակարգը, կրկին վերահաստատվել նրա իրավաչափությունը:

Արդյունքում միանգամայն օրինաչափորեն Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել դիմել ՄԱԿ՝
ՄԱԿ-ին անդամակցելու,
ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու, իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) հաստատումը Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա,
ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ դիմումներով:
Նշված երեք դիմումնագրերը 2018 թվականի մայիս եւ նոյեմբեր ամիսներին ուղարկվել են ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին: Նշենք, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակական են լինելու:

Այդ ամենը նշանակում է, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը կարեւոր քայլեր է կատարել Հայոց իրավունքների եւ պահանջատիրության հիմնադրույթները միջազգային քաղաքականության հիմնական դերակատարներին հասցնելու եւ դրանց իրականացումը իրավաչափության ամուր դիրքերից հետապնդելու առումով:
Այդ ամենը նշանակում է, որ Հայկական Հարցի վերջնական ու արդարացի լուծման խնդիրը կրկին վերադառնում է միջազգային իրավական – քաղաքական օրակարգ:
Ուստի, պետք է պատրաստ լինել նոր զարգացումների, առաջին հերթին, վերանորոգ ու ամրապնդված պետական համակարգով, ազգային — պետական հայեցակարգով ու ռազմավարությամբ, արտաքին քաղաքականություն վարելու եւ ձեւավորելու հատուկ ներուժով ու կամքով:

Ըստ այդմ, բարձր գնահատելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի բոլոր պաշտոնյաների ու պատգամավորների աշխատանքն ու նվիրումը՝ կրկին շնորհավորում ենք նրանց եւ հայ ժողովրդի ու Հայաստանի Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը:

Վճռական ենք շարունակելու պայքարը, հաղթանակը մերն է լինելու:

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

01.01.2019 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)