ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱԹԵՆՔՈՒՄ

Դեկտեմբերի 7 –ին, երեկոյան ժամը 7:00-ին, Աթենքի Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ, Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով աթենքահայությունը իր հարգանքի տուրքը մատուցեց երկրաշարժի հազարավոր զոհերի ու նաև զոհված փրկարարների հիշատակին։

Միջոցառմանը, որ կազակերպվել էր «Է․Ռ․Ա․» միության կողմից, «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի աջակցությամբ, ներկա էին ՀՀ արտակարգ և Լիազոր դեսպանը, Հունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահը, Կաթողիկե համայնքի գերապայծառը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության, Ռամկավար ազատական կուսակցության, Հայկական Ժողովրդային Շարժման, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության, հունահայ կրթական և հասարակակական միությունների ներկայացուցիչներ։ Ներկա էին նաև Ռուսական «Էմիգրանտ» միության ներկայացուցիչները։

Միջոցառման ընթացքում Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահը և Կաթողիկե համայնքի գերապայծառը կատարեցին հոգեհանգստեան հանդիսաւոր արարողություն։ Ապա հայ երեխաները հանդես եկան գեղեցիկ ասմունքներով, իսկ Էմիգրանտ միությունը՝ երգերով։

Հանդիսության ընթացքում ելույթ ունեցավ երկրաշարժից տուժածներին օգնություն հասցնելու նպատակով 1988թ.-ին, Աթենքում կյանքի կոչված «Հայաստանի զորակցության հանձնախմբի» ներկայացուցիչ պարոն Հովսեփ Քասեսյանը, ով հանգամանալից կերպով ներկայացրեց արվեստի մեծ վարպետ, երջանկահիշատակ Ասատուր Բահարյանի գլխավորությամբ կատարված աշխատանքների, հույն հայտնի երգիչների կողմից կազմակերպված մեծ համերգի, գեղանկարիչների կողմից նվիրաբերված արվեստի գործերի, քաղաքապետարանների կողմից ֆինանսական օժանդակությունների, հույն հասարակության կողմից ցուցաբերված օգնության և այլ միջոցառումների մասին։

Ծրագրի ընթացքում հատուկ հարգանքով նշվեց նաև օտարերկրյա զոհված փրկարարների հիշատակը:
Հիշեցնենք, որ 1988թ.-ի ծանր օրերին, Հարավսլավական ինքնաթիռը աղետի ենթարկվեց Երևանի մատույցներում և զոհվեց նրա 7 հոգուց բաղկացած անձնակազմը։ Իսկ Խորհրդային Իլ-76 ինքնաթիռը կորցնելով կառավարումը բախվեց լեռան, որի հետևանքով զոհվեցին նրա 9 հոգանոց անձնակազմը և օգնության շտապող 68 փրկարարները։

«Հայաստան» լրատու ցանց, Աթենք, 8 դեկտեմբերի 2018թ․

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)