Հաստատուեցին Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի նորընտիր պատգամաւորների լիազօրութիւնները

Երեւանում, «Փարիզ» հիւրանոցի նիստերի դահլիճում, 2018 թ. սեպտեմբերի 27-ից 28-ը, կայացաւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանը:

Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցաւ նախապատրաստական նիստ, որտեղ պատգամաւորները քննարկեցին Խորհրդարանի 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի օրակարգի նախագծի, Խորհրդարանի նախագահի, տեղակալների եւ քարտուղարների, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի, Մշտական յանձնաժողովների ցանկի, դրանց պատասխանատուների թեկնածուների վերաբերեալ առաջարկներն ու հարցերը:

Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցաւ նստաշրջանի բացումը:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման ընտրուած 101 պատգամաւորներից նստաշրջանում գրանցուել էին 94 պատգամաւոր, 41-ը դահլիճում եւ 53-ը ինտերնետ կապով, որը կազմում է 94 տոկոս: Քուորումն ապահովուած էր:

Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) նախագահ Ռադիկ Խամոյեանը:

Նստաշրջանն ընտրեց հաշուիչ յանձնաժողով, հաստատեց նստաշրջանի օրակարգը: Ըստ կանոնակարգի, մինչեւ Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահի ընտրութիւնը, նիստը վարեց ամենատարեց պատգամաւոր Ստեփան Սահակեանը:

Պատգամաւորները մէկ րոպէ լռութեամբ յարգեցին Հայոց Ցեղասպանութեան Սրբոց Նահատակաց յիշատակը, ցեղասպանութեան, որ տեղի ունեցաւ Արեւմտեան Հայաստանում, Հայկական Կիլիկիայում, Օսմանեան Կայսրութիւնում եւ Արեւելեան Հայաստանում` 1894-1923 թթ. ընթացքում եւ շարունակւում է մինչեւ այսօր, ինչպէս նաեւ բոլոր ժամանակների Հայ ազատարար զինուորի յիշատակը:

Պատգամաւորները լսեցին Կենտրոնական ընտրական յանձնաժողովի Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգաւորների ընտրութեան արդիւնքների վերաբերեալ զեկոյցը: Նստաշրջանը հաստատեց Կենտրոնական ընտրական յանձնաժողովի որոշումը Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգաւորների ընտրութեան արդիւնքների վերաբերեալ, որից յետոյ հաստատեց Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորների լիազօրութիւնները:

Նստաշրջանը Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահ ընտրեց Արմէն Տէր-Սարգսեանին, նախագահի տեղակալներ` Հայկ Յարութիւնեանին, Տիգրան Բաբայեանին, Սուրէն Քերսելեանին, Մուշեղ Յովսէփեանին: Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) քարտուղարներ ընտրուեցին Դիանայ Գրիգորեանը, Բիատրիսայ Նազարեանը, Վալենտինայ Բարաշեանը:

Ընդարձակ զեկոյցով հանդէս եկաւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահ Արմէն Տէր-Սարգսեանը, որտեղ մանրամասն ներկայացրեց Խորհրդարանի 1-ին գումարման ընտրութիւններից յետոյ` 2014 թ. յունուարից մինչեւ 2018 թ. սեպտեմբեր տեղի ունեցած Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 7 նստաշրջանների աշխատանքները, Խորհրդարանի ընդունած որոշումները, միջազգային առաւել կարեւոր պայմանագրերը, կոնուենցիաներն ու հռչակագրերը ճանաչելու, վաւերացնելու եւ դրանց միանալու մասին Խորհրդարանի ընդունած օրէնքները, վերջին մէկ տարուայ ընթացքում Խորհրդարանի կատարած աշխատանքները:

Խորհրդարանի նախագահը յիշեցրեց, որ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը (Հայաստան) որոշում էր կայացրել դիմել ՄԱԿ-ին` անդամակցութեան, ինչպէս նաեւ ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրոյ Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրաւարար վճիռը կեանքի կոչելու, իրականացնելու Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) հաստատումը Իրաւարար վճռով սահմանազատուած տարածքի վրայ: Համապատասխան դիմումնագրերը 2018 թ. մայիս ամսին ուղարկուել են ՄԱԿ եւ այդ ուղղութեամբ աշխատանքները շարունակուելու են:

Զեկոյցի եզրափակիչ մասում Խորհրդարանի նախագահը նորընտիր պատգամաւորներին մաղթեց արդիւնաւէտ ու նպատակասլաց գործունէութիւն:

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորների վկայականների (մանդատների) յանձնման արարողութիւնից յետոյ նստաշրջանը հաստատեց Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական յանձնաժողովների ցանկը.
1. Իրաւական, օրէնսդրական եւ պետական հարցերի մշտական յանձնաժողով:
2. Պաշտպանութեան, ներքին գործերի եւ ազգային անվտանգութեան հարցերի մշտական յանձնաժողով:
3. Միջազգային յարաբերութիւնների եւ միջխորհրդարանական կապերի մշտական յանձնաժողով:
4. Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միութիւնների մշտական յանձնաժողով:
5. Ֆինանսական եւ տնտեսական հարցերի մշտական յանձնաժողով:
6. Կրթութեան եւ գիտութեան հարցերի մշտական յանձնաժողով:
7. Մշակոյթի հարցերի մշտական յանձնաժողով:
8. Ընտանիքի, կանանց եւ առողջապահութեան հարցերի մշտական յանձնաժողով:
9. Երիտասարդութեան եւ սպորտի հարցերի մշտական յանձնաժողով:
10. Լրատուութեան հարցերի մշտական յանձնաժողով:
11. Հոգեւոր ոլորտի եւ կրօնի հարցերի մշտական յանձնաժողով:
12. Բնիկ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնութիւնների հարցերի մշտական յանձնաժողով:
13. Հայոց ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի մշտական յանձնաժողով:
14. Վետերանների եւ սոցիալական հարցերի մշտական յանձնաժողով:
15. Ներքին կանոնակարգի եւ աշխատակարգի մշտական յանձնաժողով,
ինչպէս նաեւ ընտրեց Մշտական յանձնաժողովների նախագահներ, հաստատեց Մշտական յանձնաժողովների աշխատանքային ծրագրերը:

Սեպտեմբերի 28-ի երրորդ նիստում նստաշրջանը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ ընտրեց Ռադիկ Խամոյեանին:

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ Ռադիկ Խամոյեանը հանդէս եկաւ քաղաքական ելոյթով, որտեղ կարեւորեց Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կառոյցներում օրէնքի ու օրինականութեան գերակայութիւնը պահպանելու ու ամրապնդելու, միջազգային հարթակներում եւ միջպետական յարաբերութիւններում հայութեան իրաւունքների պաշտպանութիւնը իրաւաչափութեան ամուր հիմքերից հետապնդելու եւ իրականացնելու, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան ընդունման գործընթացում ընդունուած ընթացակարգերով ու սկզբունքներով առաջնորդուելու, Մերձաւոր Արեւելքում, տարածաշրջանում եւ ՀՅ-ում առկայ իրավիճակը հայութեան ազգային-պետական առաջնահերթ շահերի ու անվտանգութեան տեսակէտից վերլուծելու եւ արժեւորելու հարցերն ու խնդիրները:

Այնուհետեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ Ռադիկ Խամոյեանի առաջարկութեամբ եւ համաձայն «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորների կարգավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրէնքի 44-րդ յօդուածի, նստաշրջանը վարչապետի պաշտօնում հաստատեց Տիգրան Փաշաբեզեանին:

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Տիգրան Փաշաբեզեանը հանդէս եկաւ զեկոյցով, որտեղ խօսեց Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան իրաւական–քաղաքական միասնական փաթեթի, որն այս պահին արդէն թարգմանուած է 6 լեզուներով` հայերեն (նաեւ արեւմտահայերեն), ռուսերեն, անգլերեն, թուրքերեն եւ ֆրանսերեն, ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան հայեցակարգի ու ռազմավարութեան փաստաթղթի մասին, եւ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան գործընթացում ու ամենօրեայ աշխատանքներում այդ փաստաթղթերից մշտապէս օգտուելու կարեւորութեան մասին:

Վարչապետը նշեց, որ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան հարցերով ՄԱԿ-ին ուղղուած դիմումնագրերի մասին, որից թուով երրորդը` բռնազաւթուած տարածքների վերաբերեալ, այժմ ներկայացւում է նստաշրջանի ընդունմանը:

Նստաշրջանի ընթացքում, դահլիճում եւ համացանցով, ծրագրային ելոյթներով հանդէս եկան 30-ից աւելի պատգամաւորներ, Մշտական յանձնաժողովների նախագահներ, պաշտօնեաներ, որոնց ելոյթներում հնչած առաջարկներն ու ծրագրերը ընդունուեցին նստաշրջանի կողմից:

Տեղի ունեցաւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան մի խումբ քաղաքացիների ինքնութեան եւ քաղաքացիութեան քարտերի (անձնագրերի) յանձնման արարողութիւն:

Նստաշրջանը որոշեց ընդունել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան կողմից ՄԱԿ-ին ուղղուած թուով երրորդ դիմումնագիրը բռնազաւթուած տարածքների վերաբերեալ, որը ներկայացուել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան կողմից եւ նախապէս քննարկուել ու հաստատուել Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Միջազգային յարաբերութիւնների եւ միջխորհրդարանական կապերի, Իրաւական, օրէնսդրական եւ պետական հարցերի, Պաշտպանութեան, ներքին գործերի եւ ազգային անվտանգութեան հարցերի, Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միութիւնների յանձնաժողովներում:

Նստաշրջանը յայտարարութիւններ ընդունեց Մերձաւոր Արեւելքում, տարածաշրջանում եւ ՀՀ-ում առկայ իրավիճակի վերաբերեալ, ՄԱԿ-ի Մարդու Իրաւունքների Համընդհանուր Հռչակագրի (10 դեկտեմբեր 1948 թ.) 70-ամեակի կապակցութեամբ, ՄԱԿ-ի «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնուենցիայի (9 դեկտեմբեր 1948 թ.) 70-ամեակի կապակցութեամբ:

Նստաշրջանի օրերին պատգամաւորներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, եղան Մայր Աթոռի թանգարան-ցուցասրահում, ինչպէս նաեւ այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց Ցեղասպանութեան Սրբոց Նահատակաց Յուշահամալիր եւ Եռաբլուրի Զինուորական Պանթէոն:
Սեպտեմբերի 27-ին պատգամաւորները հանդիսաւոր կերպով նշեցին Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման, 1-ին նստաշրջանի բացման եւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգման 27-րդ տարեդարձը:

Սեպտեմբերի 29-ին եւ 30-ին աշխատանքները շարունակուեցին Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական յանձնաժողովներում:

Այդպիսով Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքներն աւարտուեցին:

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մամլոյ Ծառայութիւն
18.10.2018 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)