Շառլ Ազնաւուրի յիշատակին

Փարիզի կենտրոնում գտնուող պատմական Հաշմանդամների պալատում, 2018 թ. հոկտեմբերի 5-ին, Շառլ Ազնաւուրի Հոգեհանգստի եւ Ազգային յարգանքի տուրքի արարողութեան ժամանակ` հայազգի հազարաւոր դիտորդներ համացանցում մեկնաբանութիւններ անելիս գրում էին «Շնորհակալութիւն նախագահ Մակրօն, շնորհակալութիւն Փարիզ, շնորհակալութիւն Ֆրանսիա»:

Ֆրանսիայի Ազգային Գվարդիայի նուագախմբի կատարմամբ հնչեցին Հայաստանի Հանրապետութեան եւ Ֆրանսիայի Հանրապետութեան ազգային օրհներգերը, վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ նախագահ Էմանուլ Մակրօնը միասին մօտեցան Ազնաւուրի ընտանիքի անդամներին, ցաւակցութիւններ յայտնեցին նրանց եւ ապա ելոյթներ ունեցան:

Նախագահ Մակրօնն իր ելոյթում նշեց. «Չնայած այն ցաւին, որ թողեց ցեղասպանութիւնը` Ազնաւուրը շարունակեց իր գործողութիւնները եւ ձեւաւորեց իր պայքարը: Ազնաւուրը մշտապէս երգել է Հայաստանի, հայ ժողովրդի մասին` ցանկանալով պաշտպանել այն մարդկանց արժանապատուութիւնը, որոնց փորձել են լռեցնել: Հաւատարիմ մնալով իր արմատներին` նա մեզ ցոյց տուեց իր ֆրանսիական հոգու մէջ օտարազգու փոքրիկ մասնիկը: Նրա շնորհիւ Հայաստանը շատ բան է տուել Ֆրանսիային: Նրա միջոցով այսօր առիթ է յիշելու, թէ մենք` որպէս ազգ որքան պարտական ենք բոլոր այն հայերին, ովքեր ստիպուած լքեցին իրենց երկիրը եւ եկան ապաստան գտնելու մեզ մօտ: Սա ընդհանուր ճակատագիր է: Բոլոր երկրների հայեր, այսօր իմ մտքում դուք եք»:
Եւ որպէս ընդհանրացում ելոյթի. «Այլեւս Ազնաւուրը մեզ չի լքի, որովհետեւ Ֆրանսիայում պօէտները երբեք չեն մահանում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր ելոյթում նշեց. «Շառլ Ազնաւուրի հրաժեշտի այս վեհաշուք արարողութեան ընթացքում չեմ կարող չարտայայտել այն առանձնակի յարգանքն ու երախտագիտութիւնը, որ մեր ժողովուրդը տածում է Ձեր երկրի նկատմամբ: Եւ ցանկանում եմ հայ ժողովրդի երախտագիտութիւնն արտայայտել Ֆրանսիայի պետութեանը եւ բոլոր ֆրանսիացիներին` ցեղասպանութիւնից մազապուրծ մեր ժողովրդին օթեւան տալու եւ հայկական տաղանդի զարգացման բարենպաստ միջավայր ձեւաւորելու համար: Ֆրանսիայի հայութիւնը տուել է այնպիսի անուններ, ինչպէս Շառլ Ազնաւուրը, Անրի Վերնոյը, Ժորժ Գարվարենցը, Գառզուն, Ժանսեմը, եւ Ֆրանսիան մեր ժողովրդի վերածննդի մի սիրելի օազիս է դարձել»:

Յիրաւի, նախագահ Մակրօնը, Փարիզը եւ Ֆրանսիան հայութեան եւ Հայաստանի քաղաքակրթական գնահատականը տուեցին` օգտուելով մեծ արուեստագէտ, մեծ մարդ, քաղաքակրթական մեծ նուաճում` Ազնաւուր կեանք-սխրանք իրողութիւնից:

Վատիկանում` 2015 թ. ապրիլին 22-ին, ճիշտ այդպիսի մի գնահատական հայութեանն ու Հայաստանին տուեցին Կաթոլիկ եկեղեցին ու նրա քահանայապետ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը` օգտուելով Հայոց Ցեղասպանութեան Սրբոց Նահատակաց յիշատակի 100-րդ տարելիցի իրողութիւնից եւ Նարեկացի կեանք-սխրանք քաղաքակրթական երեւոյթից:

Ի սկզբանէ, «հայկական տաղանդի զարգացման բարենպաստ միջավայրը» Հայոց բնօրրանն էր եւ է, Հայկական լեռնաշխարհը, Հայաստանը: Բայց նոյնիսկ նրանից դուրս, նրան յարակից տարածքներում եւ ամբողջ աշխարհում «հայկական տաղանդը զարգացման բարենպաստ միջավայրում» մշտապէս աշխատել ու ստեղծագործել է, կամ ստեղծագործել ու աշխատել, կամ կենսագործել:
Ահա թէ ինչու, այդ վերջին բառը` «կենսագործունէութիւն», այնքան սովորական է դարձել մեր բառապաշարում եւ որն այստեղ, կրկին ու կրկին, բացայայտում է Մերձաւոր Արեւելքի յայտնի բրիտանացի փորձագէտի արտայայտած այն կեղծ միտքը, թէ` «հայերին իրենց երկիրը պէտք է ուրիշներին աշխատեցնելու համար», թէ «հայերը չեն աշխատելու…»:
Նարեկացի կամ Ազնաւուր կեանք-սխրանքները եզակի դրսեւորումներ չեն հայոց բազմադարեայ քաղաքակրթութեան մէջ, դրանք համատարած են հայութեան մէջ եւ ազգային երեւոյթներ են ու ազգային կենսակերպ:
Պարզ է, թէ ովքե՞ր են շահել դրանից, շահել է Ֆրանսիան եւ միւսները… Պարզից էլ պարզ է, թէ ովքե՞ր են կորցրել եւ դեռ շարունակում են կորցնել…

Ահա թէ ինչու, ազգային ու համամարդկային շահերից մեկնած, կարեւոր է կեանքի կոչել ու իրականացնել 1918-1920 թթ. հայութեանը տրուած իրաւունքները Բնօրրան Հայրենիքի նկատմամբ: Որովհետեւ կարեւոր է եւ դա է գլխաւորը, որ հայութեանը վերադարձուի նրա բնական ու հիմնական իրաւունքը` ապրելու, գոյութիւն ունենալու իրաւունքը, ազատօրէն զարգանալու իրաւունքը, արժանապատիւ ապագայ ունենալու իրաւունքը: Քանի որ այդ իրաւունքը հայութիւնը վաստակել է եւ եթէ դա շատերի համար անմիջապէս եւ ամբողջութեամբ տեսանելի չէ, ապա շատ աւելի դիւրին տեսանելի է հայ ժողովրդի զաւակների` Կոմիտասի, Զօրավար Անդրանիկի, Դանիէլ Վարուժանի, Մարտիրոս Սարեանի, Ալեքսանդր Թամանեանի, Վիկտոր Համբարձումեանի, Արամ Խաչատրեանի, Պարոյր Սեւակի, Շահնուր Ազնաւուրեանի եւ շատ ու շատ այլ հանճարեղ հայորդիների կեանք-սխրանք, կամ սխրանք-կեանք կենսագործունէութեան փաստից:

Հայերն առանց աշխատելու չեն կարող ապրել, եւ առանց ստեղծագործելու չեն կարող, եւ հայոց բնական իրաւունքների իրականացման ճանապարհը փորձել փակել սուտ ու կեղծ մեկնաբանութիւններով ու պատրուակներով… այլեւս հեռանկարային չէ:

Շնորհակալութիւն հայ ժողովրդին, որ կեանքի մէջ սիրում է ստեղծագործութիւնը` այնպէս, որ դրանք միաձուլւում են, դառնում մէկ ամբողջութիւն, որպէս կեանք-ստեղծագործութիւն, կամ ստեղծագործութիւն-կեանք:

Տիգրան Փաշաբեզեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) Վարչապետ

07.10.2018 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)