Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Ռադիկ Խամոյեանի քաղաքական ելոյթը Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում

Յարգելի գործընկերներ, Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորներ, յարգելի Նախագահ, Վարչապետ եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան պաշտօնեաներ, ողջունում եմ Ձեզ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում:

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորների ընտրութիւններում ձեռք են բերուել աննախադէպ արդիւնքներ, մասնակցել են 51.505 ընտրող, 47 երկրից, որոնք միասնական ցուցակով ընտրել է 101 պատգամաւոր: Այս ցուցանիշները խիստ պարտաւորեցնող են:

Ուստի, որպէս Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ պարտքս եմ համարում հանդէս գալ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան եւ իրականացման հարցերի տեսակէտից շատ կարեւոր իրաւական – քաղաքական բովանդակութեան մի քանի շեշտադրումներով:

Դրանք են`
ա) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կառոյցներում օրէնքի ու օրինականութեան գերակայութիւնը պահպանելու ու ամրապնդելու հարցը:
բ) Միջազգային հարթակներում եւ միջպետական յարաբերութիւններում հայութեան իրաւունքների պաշտպանութիւնը իրաւաչափութեան ամուր հիմքերից հետապնդելու եւ իրականացնելու հարցը:

Առաջինը կարեւոր է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգի ներքին կայունութիւնը պահպանելու եւ ամրացնելու, երկրորդը` Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը արդիւնաւէտ եւ անվրէպ հիմքերից իրականացնելու համար:

ա) Արեւմտեան Հայաստանիմ Հանրապետութեան պետական կառոյցներում օրէնքի ու օրինականութեան գերակայութիւնը պահպանելու ու ամրապնդելու խնդիրը:

Առաջին խնդրին անմիջապէս վերաբերում են երկու հիմնահարցեր.
-Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կառոյցներում գործող կանոնակարգ օրէնքով առաջնորդուելու հարցը, մինչեւ Սահմանադրութեան ընդունումը:
-Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան ընդունման գործընթացում ընդունուած ընթացակարգերով ու սկզբունքներով առաջնորդուելու հարցը:

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգում առաջին կարեւոր խնդիրը օրէնքի եւ օրինականութեան պահպանումն է, որովհետեւ դա անմիջապէս առնչւում է համակարգի պաշտօնեաների եւ պատգամաւորների ազատութեան, գործունէութեան ազատութեան եւ մի քանի այլ յարակից հարցերի հետ:

Առանց այդ ազատութեան նկատմամբ յարգանքի եւ ուղղակի օրինականութեան դրսեւորման հնարաւոր չէ ստանալ ոչ համակարգի բաւարար ճկունութիւնը, ոչ էլ գործընկերների նախաձեռնողական աջակցութիւնը:

Որովհետեւ, իրականում, քանի որ վաղուց նախանշուած են Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան իրաւական-քաղաքական հիմքերը, գործունէութեան հայեցակարգն ու ռազմավարութիւնը, ապա դրանով սահմանուած են արդէն գործընկերների պատասխանատուութեան ու իրաւասութեան սահմանները: Այս դէպքում աւելորդ ենք համարում մտածել ու ծանրանալ վերահսկողութեան յաւելեալ, այլեւայլ միջոցների ու մեխանիզմների մասին, շատ դէպքերում նաեւ այնպիսի մեխանիզմների, որոնք սահմանափակելու են պետական համակարգին մաս կազմող պաշտօնեաների ու պատգամաւորների եւ գործունէութեան ազատութիւնը, եւ նրանց նախաձեռնողական յանձնառութիւնը:

Մէկ աշխատանք ունենք անելու, քաջալերելու ենք նախարարութիւնների եւ մշտական յանձնաժողովների նախաձեռնողական մօտեցումներն ու գործելակերպը:
Ըստ էութեան դա է պարտադրում նաեւ վերջին ընտրութիւններով ձեռք բերուած արդիւնքը, որն ուղղակի նշում է, թէ նոր բնագիծ է նուաճուած եւ պէտք է դրան համահունչ ու վերանորոգ քայլերով առաջ շարժուել:

բ) Միջազգային հարթակներում եւ միջպետական յարաբերութիւններում հայութեան իրաւունքների պաշտպանութիւնը իրաւաչափութեան ամուր հիմքերից հետապնդելու եւ իրականացնելու հարցը:

Գաղտնիք չէ, որ միջազգային ընտանիքի հիմնական դերակատարների օրակարգում Հայկական Հարցի լուծում` որպէս այդպիսի խնդիր, այս պահին ընդգրկուած չէ: Այդ թեմայով մենք երեք յօդուած հրապարակեցինք քննելով Եւրամիութեան, Ռուսաստանի Դաշնութեան եւ ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայկական հարցի լուծման խնդրում եւ պարզեցինք, որ այդ դիրքորոշումները ոչ միայն գոհացուցիչ ու բաւարար չեն հայութեանը տրուած իրաւունքների իրականացման տեսակէտից, այլեւ անտեսուած են եւ կամ իջեցուած փոքրամասնութեան իրաւունքների մակարդակի:

Դա նշանակում է, որ մեր գործը բաւական բարդ է: Ուստի, այստեղ պէտք է հանդէս գալ եւ իրաւական – քաղաքական պահանջատիրութեան անհերքելի փաստերից, եւ իրաւաչափութեան ամուր եւ անհերքելի դիրքերից:

Անցնող ժամանակահատուածում, կարեւորելով այս հարցադրումները, մենք ձգտել ենք բարձր պահել իրաւական – քաղաքական պահանջների նշաձողը եւ մեզ դա յաջողուել է: Այդ նշաձողը պէտք է միշտ բարձր պահել:

Նշուած թեմայի շարունակութեանն է վերաբերում Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան ընդունման գործընթացում ընդունուած ընթացակարգերով ու սկզբունքներով առաջնորդուելու հարցը:

Սահմանադրութեան ընդունումը պարտադիր քայլերի ամբողջականութիւնից բաղկացած գործընթաց է. Ազգային Ժողովի կողմից կազմւում է Սահմանադրութեան նախագծի մշակման յատուկ յանձնաժողով, յատուկ յանձնաժողովը Սահմանադրութեան նախագիծը ներկայացնում է 1-ին, 2-րդ եւ 3-րդ ընթերցման, որից յետոյ դրւում է համաժողովրդական քննարկման, այնուհետեւ համաժողովրդական հանրաքուէի եւ հանրաքուէի արդիւնքների համաձայն ընդունւում է:

Սահմանադրութեան տակ ոչ ոք ստորագրութիւն չի դնում, այդ թւում` հանրապետութեան նախագահը, ստորագրութիւն չի դնում որեւէ խումբ կամ կառոյց:

Սակայն տեսնում ենք, որ մեր պետական համակարգից 2014-ին եւ 2017-ին դուրս մնացած կողմերը սկզբունքային այս հարցում եւ օրէնսդրութեան ու իրաւունքի այլեւայլ հարցերում հանդէս են գալիս կամայական մօտեցումներով, ինչին որպէս հետեւանք փորձ են անում շրջանառութեան մէջ դնել ինքնաստեղծ, իբրեւ թէ իրենց կողմից` «ստորագրուածէ, «ընդունուածէ, «վաւերացուածէ եւ կամ «հաստատուածէ սահմանադրութեան ապօրինի օրինակներ:

Մի տեղ գրելով «պաշտօնական սահմանադրութիւն», սահմանադրութիւնը չի դառնում իրական սահմանադրութիւն եւ չի դառնում սահմանադրութիւն: Եւ մէկ այլ տեղ գրելով «օրինական ընտրութիւններ», ընտրութիւնները չեն դառնում օրինական: Օրինականն ու պաշտօնականը, իրաւականն ու օրէնսդրականը պէտք էր պաշտպանել ժամանակին` բոլոր մակարդակներում, այդ թւում` անհատական, կազմակերպչական, համակարգային, ազգային – պետական… Եթէ դա չի արուել, բնական է, որ հիմա մնացել է գրելու միջոցով օրինականութեան պատրանք ստեղծելու տարբերակը միայն:

Բոլոր դէպքերում այդպիսի կամակայան մօտեցումը մի կողմից հակասում է սահմանադրութեան ընդունման գործընթացի տրամաբանութեանն ու ընդունուած ընթացակարգին, միւս կողմից` խնդիրներ կարող է առաջացնել հայութեան իրաւունքների պաշտպանութեան եւ իրականացման գործընթացների ժամանակ:

Ես` որպէս Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ, ջանք չեմ խնայելու օրէնքի եւ իրաւունքի տառին ու ոգուն հաւատարիմ առաջնորդելու Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան ընդունման ընթացակարգը մինչեւ վերջ, դրանով իսկ ապահովելով Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգի օրէնսդրական ամուր հիմքերն ու անժխտելի իրաւաչափութիւնը:

Որպէս ելոյթի եզրափակում երկու խօսք Մերձաւոր Արեւելքում, տարածաշրջանում եւ ՀՀ-ում առկայ իրավիճակի մասին:

Մերձաւոր Արեւելքի խնդիրների լուծման բանալին Հայկական Հարցի ամբողջական եւ արդարացի լուծումն է:

Դա իրականացնելու համար միայն ցանկութիւն ունենալը բաւարար չէ:

Այստեղ եւ հայ ժողովրդի, եւ հայութեան ազգային – պետական համակարգերի վերանորոգման անհրաժեշտութիւն կայ, այդ թւում եւ ազգային – պետական նշանակութեան ծրագրերի ու ռազմավարութեան:

Ահա թէ ինչու, մենք ողջունեցինք ՀՀ-ում իրականացուած Թաւշեայ յեղափոխութիւնը, որն ընդգրկեց հայութեան բոլոր շերտերը, աշխարհի բոլոր ծայրերում:

Ակնյայտ է, որ ինչպէս ՀՀ-ի, այնպէս էլ մեզ համար նոր օր է եւ նոր փուլ:

Ուրեմն եւ նոր վճռականութեամբ ու ոգեւորութեամբ, միասին ու միասնական, գնանք առաջ:

Կրկին շնորհաւորում եմ եւ մաղթում անենայն բարիք ու նորանոր յաջողութիւններ:

Ռադիկ Խամոյեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) Նախագահ

28.09.2018 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)