«Վան» գործողություն: «Վան» գործողության մարտիկների դատավարություն: Դատարանի վճիռը:

«Վան» գործողություն: «Վան» գործողության մարտիկների դատավարություն: 1981 թ. սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ գրոհեցին Փարիզի Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանը եւ գրավելով այն մոտ վաթսուն մարդու պատանդ վերցրին: Սկսվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) «Եղիա Քեշիշյան» մարտախմբի «Վան» գործողությունը: Փոխհրաձգության ժամանակ հյուպատոսարանի թուրք հսկիչ-պահապանը սպանվեց, երկու հայ գրոհային` Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը վիրավորվեցին: Սակայն նրանց մարտընկերներ` Գեւորգ Գյուզելյանն ու Արամ Բասմաջյանը պաշարումը շարունակեցին եւ երկար բանակցություններից հետո համաձայնվեցին պատանդներին բաց թողնել պայմանով, որ իրենց նկատմամբ քաղաքական դատ տեղի ունենա: Դատավարությունը տեղի ունեցավ 1984 թ. հունվարին՝ Փարիզում, մարտիկները դատապարտվեցին 7 տարվա ազատազրկման: Ներկայացված նյութը վերցված է «Հայերի դատը Փարիզի երդվյալների ատյանում» գրքից, թարգմանիչ` Գրիգոր Ջանիկյան:

Դատարանի վճիռը

———————————

ՀԱՅԵՐԻ ԴԱՏԸ ՓԱՐԻԶԻ ԵՐԴՎՅԱԼՆԵՐԻ ԱՏՅԱՆՈՒՄ

ԹԱՐԳՄԱՆԻՉ ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ – Մեղադրյալնե´ր, ոտքի´: Գյուզելյա´ն, ձեր պաշտպանության համար ուզո՞ւմ եք որեւէ բան ավելացնել:
ԳՅՈՒԶԵԼՅԱՆ – Այո´: Այն ամենին, ինչ արդեն ասել ենք, ասել են մեր փաստաբաններն ու ներկա հայերը, մնում է պարզապես հետեւյալն ավելացնել:
Դուք հնարավորություն ունեցաք լսելու հայերի, ովքեր ապրել են ցեղասպանությունը, ովքեր, ինչպես մենք բոլորս, զոհեր ունեն, որոնց տանջել, տեղահանել, բնաջնջել են օսմանյան իշխանություններն ու զինվոր-ոստիկանները: Վերջապես` հայերի, որոնց թուրքական ներկա կառավարությունը մերժել եւ մերժում է իրենց կրոնը, լեզուն, մարդկային արժանապատվությունը, խաղաղ համակեցությունը զավակների հետ, այն բնօրրանը, որն ընդմիշտ իրենց է պատկանում, դեպի ուր, ազգային հիշողությամբ, ուղղված են հայերի հայացքները:
Մենք ձեր առջեւ ենք, բայց վախ չունենք, որովհետեւ զոհեր ենք, զոհերը ինչո՞ւ պիտի վախենան արդարադատությունից:
Մենք Թուրքիային հարվածել ենք ի´ր իսկ տարածքում, որպեսզի ստիպենք արտահայտվել ձեր առջեւ, որպեսզի ֆրանսիական հասարակական կարծիքն իմանա կատարված նախճիրի, մեր արդարացի իրավունքների մասին, որպեսզի առաջին անգամ բացեիբաց հնչի հայ ժողովրդի ճշմարտությունը, որը հազար անգամ կրկնվել, բայց երբեք լսելի չի դարձել, ինչպես նաեւ ի հայտ գան թուրքական պետության ստախոսությունն ու խուսանավումը, որոնք այստեղ արտահայտեց այդ երկրի կառավարամետ պատմաբանը:
Ինչ դատավճիռ էլ, որ դուք կայացնեք, մեր գործողությունն ինքնին հաղթանակ է հայ ժողովրդի համար: Առաջին անգամ գաղափարական տարբեր հակումներ ունեցող հայերը միավորվել են, որպեսզի իրենց դատը պաշտպանեն: Հենց այդ պատճառով մենք նախընտրեցինք ավարտել մեր գործողության մարտական փուլը եւ գիտակցելով հանդերձ, թե ինչ փորձության ենք ենթարկվում, որոշեցինք հանձնվել ֆրանսիական իշխանություններին, պայքարը շարունակել քաղաքական միջոցներով, որը մեզ համար ավելի կարեւոր է:
Այս դատավարությամբ մենք երկրորդ անգամ պայքարի ելանք այնպիսի մի ատյանում, որտեղ զենքերը ո´չ մի ուժ չունեն, եւ ստիպեցինք Թուրքիային արտահայտվել ցեղասպանության մասին, իր պատմաբանի միջոցով ձեր առջեւ ստել:
Հայտարարում ենք ձեզ, որ մեր կյանքը ո´չ մի կարեւորություն չունի, մեր պայքարը չի´ ավարտվել: Մեր բանտարգելությունը կամ ազատ արձակումը հայերին չի խանգարի պայքարել իրենց օրինական իրավունքների համար: Մենք ուզում ենք, նախ եւ առաջ, որ մեր ժողովրդին վերադարձվի արդարությունը: Ձեր դատավճռով դուք կարող եք նպաստել դրան:
Ես այս ելույթն ունեցա նաեւ իմ ընկերների անունից:

ՆԱԽԱԳԱՀ – Նստեցե´ք: Դատաքննությունն հայտարարում եմ ավարտված եւ թույլ եմ տալիս, որ դատական գործը հանձնվի տիկին քարտուղարուհուն:
Մենք պատասխանելու ենք երեսունչորս հարցի: Պաշտպանությունը ցանկանո՞ւմ է լսել հարցերի ընթերցումը:

(Բացասական պատասխան)

Տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, նախքան դատավճռի համար առանձնանալը, պարտավոր եմ ձեր ուշադրությանը ներկայացնել քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածը:

(Ընթերցվում է հոդվածը)

Հասարակական կարգի պահպանման պատասխանատուին հանձնարարում եմ հսկել խորհրդակցության սենյակի դուռը, որտեղ ո´չ ոք, ինչ պատճառով էլ լինի, առանց իմ թույլտվության չի կարող մուտք գործել:
Տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, հրավիրում եմ ձեզ խորհրդակցությունների սենյակ, որտեղից կարող եք դուրս գալ միմիայն դատավճիռը կայացնելուց հետո:

Հայտարարվում է ընդմիջում 18-ն անց 20 րոպեին:

Նիստը վերսկսվում է 21-ն անց 15 րոպեին:

ԴԱՏԱՎՃԻՌ

ՆԱԽԱԳԱՀ – Մեղադրյալնե´ր, ոտքի´: Ահա´ տրված հարցերի պատասխանը եւ համատեղ կայացված վճիռը:
Մարտախմբի` արգելափակելուն, մահվան սպառնալիք հասցնելուն վերաբերող հարցերին, չորս մեղադրյալներից յուրաքանչյուրի առնչությամբ, մեծամասնությունը` ութը ձայնի առավելությամբ պատասխանել է «Այո´»:
Ջեմալ Էոզենի նկատմամբ Գյուզելյանի գործադրած կանխամտածված սպանությանը մեծամասնությունը` ութը ձայնի առավելությամբ պատասխանել է «Այո´»:
Պարոն Բալթաօղլուի վիրավորվելուն վերաբերող հարցերին, որոնք ուղղակիորեն առնչվում են պարոն Գյուզելյանին, մեծամասնությունը` ութը ձայնի առավելությամբ պատասխանել է «Այո´»:
Կանխամտածված սպանության փորձին վերաբերող հարցերին, որոնք առնչվում են պարոն Ջուլֆայանին, մեծամասնությունը` ութը ձայնի առավելությամբ պատասխանել է «Այո´»:
Բեռնար Բլոնդելի նկատմամբ կանխամտածված մահափորձ կատարելու հարցերին, որոնք առնչվում են պարոն Սիսլյանին, մեծամասնությունը` ութը ձայնի առավելությամբ պատասխանել է «Այո´»:
Զենքի, ինչպես նաեւ պայթուցիկների ու նռնակների տեղափոխմանը, գործադրմանը վերաբերող բոլոր հարցերին մեծամասնությունը` ութը ձայնի առավելությամբ պատասխանել է «Այո´»:
Մեղմացուցիչ հանգամանքներին վերաբերող հարցին նույնպես պատասխանվել է «Այո´»:
Ելնելով այս հարցերի պատասխաններից, 295-րդ, 315-րդ, 309-րդ, 341-րդ հոդվածներից, 344-րդ հոդվածի 1-ին, 10-րդ կետերից, 1971 թվականի հունիսի 19-ի օրենքի 1973 թվականի մարտի 12-ի թիվ 3 հրամանագրից, քրեական օրենսգրքի 463-րդ, ինչպես նաեւ 366-րդ եւ 749-րդ հոդվածներից, քրեական օրենսդրության դատավարական ընթացակարգի համաձայն, երդվյալների ատյանը, հանգամանորեն քննարկելով օրենքը, Գյուզելյանին, Բասմաջյանին, Սիսլյանին եւ Ջուլֆայանին դատապարտում է քրեական պատժի, յուրաքանչյուրին ենթարկելով յոթը տարվա բանտարգելության:
Դատարանը վճռում է նաեւ բռնագրավել զենքերն ու զինամթերքը, հասցված վնասի փոխհատուցումը պարտադրել յուրաքանչյուրին:
Ձեզ հինգ լրիվ օր է տրվում համապատասխան ատյաններին դիմելու համար:
Քրեական դատաքննությունն ավարտված է, քաղաքացիականը կսկսի մի քանի րոպեից:

Նիստն ավարտվում է 21-ն անց 20 րոպեին:

ՎԵՐՋ

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)