«Վան» գործողության մարտիկների դատավարություն: Պաշտպան Փեշտիմալջյանի ճառը.

«Վան» գործողություն: «Վան» գործողության դատավարություն: 1981 թ. սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ գրոհեցին Փարիզի Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանը եւ գրավելով այն մոտ վաթսուն մարդու պատանդ վերցրին: Սկսվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) «Եղիա Քեշիշյան» մարտախմբի «Վան» գործողությունը: Փոխհրաձգության ժամանակ հյուպատոսարանի թուրք հսկիչ-պահապանը սպանվեց, երկու հայ գրոհային` Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը վիրավորվեցին: Սակայն նրանց մարտընկերներ` Գեւորգ Գյուզելյանն ու Արամ Բասմաջյանը պաշարումը շարունակեցին եւ երկար բանակցություններից հետո համաձայնվեցին պատանդներին բաց թողնել պայմանով, որ իրենց նկատմամբ քաղաքական դատ տեղի ունենա: Դատավարությունը տեղի ունեցավ 1984 թ. հունվարին՝ Փարիզում, մարտիկները դատապարտվեցին 7 տարվա ազատազրկման: Ներկայացված նյութը վերցված է «Հայերի դատը Փարիզի երդվյալների ատյանում» գրքից, թարգմանիչ` Գրիգոր Ջանիկյան:

Պաշտպան Փեշտիմալջյանի ճառը

——————————————–

ՀԱՅԵՐԻ ԴԱՏԸ ՓԱՐԻԶԻ ԵՐԴՎՅԱԼՆԵՐԻ ԱՏՅԱՆՈՒՄ

ԹԱՐԳՄԱՆԻՉ ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Պաշտպան Փեշտիմալջյանի ճառը.

– Պարոն նախագա´հ, պարոնայք խորհրդականնե´ր, տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, ես երեսուներեք տարեկան եմ, ծնվել եմ Ֆրանսիայում, եւ ինչպես այս չորս տղաները, Ֆրանսիայի հայկական համայնքի մոտ 250 հազար անդամները, վաղ մանկությունից տասնյակ անգամներ լսել եմ ջարդերի պատմությունները, որոնք պատմել են իրենք` այդ դժոխքի վերապրողները: Իմ հարազատներն ինձ նկարագրել են, թե ինչպես են թուրքերը հորական պապիս կախել գյուղի եկեղեցում` այդ ժամանակ հայրիկովս հղի տատիս սարսափահար հայացքի առաջ:
Մինչեւ իր մահը` 1970 թվականը, հայրս որոնում էր իր յոթը եղբայրներին եւ քույրերին, հուսալով, որ գոնե մեկը կամ երկուսը փրկված, Աստված գիտե աշխարհի ո´ր անկյունում` Ամերիկայում, Եվրոպայում, Ավստրալիայում ապաստանած կլինեն: Եթե նրանք ողջ չեն, նահատակվել են, նշանակում է` նույնիսկ հողաթումբ չունեն, որի առջեւ ես կարողանայի խաչակնքել: Այլ կերպ ասած, ինքս էլ, մինչեւ այժմ, կրում եմ ցեղասպանության հետեւանքները:
Ինչո՞ւ միայն ես` կրում ենք բոլո´րս, այս չորս տղաները, ծնողները, որոնց լսեցինք, ցեղասպանությունից փրկված ականատեսները, աշխարհով մեկ սփռված վեց միլիոն հայերը, որոնք հայտնի են որպես Անրի Վերնոյ ու Շարլ Ազնավուր կամ անհայտ են բոլորովին:
Համաձայն եմ, պատմությունը միայն ընտանեկան հուշերով չի կարելի գրել, սակայն, երբ նման բազմաթիվ իրողություններ հիշատակվում են ամեն հայի հարկի տակ, մյուս կողմից էլ` քողարկելու փորձեր են արվում, դառնում են ժողովրդի հիշողությունը: Մոռացումն անհնար է դառնում: <<Այն ժողովուրդը, որը մոռանում է, մեռնում է>>, – վերջերս հայտարարեց Ֆրանսիայի հանրապետության նախագահը:
Տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, հիշո՞ւմ եք այն լուսանկարը, որտեղ տասնութը հազար հայ որբ էր համախմբված: Ձեզ եմ հարցնում` ի՞նչ եղան նրանց ծնողները: Թուրքերը չգոհացան այդ հողի վրա երեք հազար տարի ապրողներից Հայաստանը դատարկելով ձեզ քաջ հայտնի միջոցներով: Նրանք բռնազավթեցին տարածքները, քաղաքակիրթ ժողովուրդների թողտվությամբ ազգայնամոլության սերմեր տարածեցին, որոնք ծանր ներգործություն ունեցան լեհերի, ֆրանսիացիների, հատկապես հրեաների վրա:
Սակայն նացիզմի գլխավոր հանցագործները պատժվեցին, Գերմանիան դատապարտեց հիտլերյան ոճրագործությունները, այսինքն խզեց անպատվաբեր անցյալի հետ ունեցած բոլոր կապերը, խորհրդանշորեն փոխհատուցեց համակենտրոնացման ճամբարների վերապրողների տառապանքները: Մինչդեռ Թուրքիայի աջ, ձախ կառավարությունները ո´չ միայն ցեղասպանության վերապրողների զավակներին ցավակցություն չեն հայտնում 1915 թվականի դեպքերի համար, այլեւ ժխտում են անցյալը:
Տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, զոհերի ներողամտությունը կախված է դահիճների մեղանչումից: ճիշտ է, որ ոճրագործները վաղուց մահացել են, պարոն Ինալը` Թուրքիայի ներկա գլխավոր հյուպատոսն այդ ժամանակ ծնված չէր, սակայն ոչինչ նրան չէր խանգարում այս վեց օրերի ընթացքում գոնե անհատապես հայտարարել, որ ինքը ցավում է կատարվածի համար ու հենց դրանով իր վերաբերմունքն արտահայտեր անպատվաբեր անցյալի նկատմամբ: Այո´, դահիճների զավակները նույնպես մեղավոր են, որովհետեւ ո´չ միայն ուրանում են նախնիների պատասխանատվությունը, այլեւ համախոհ, մեղսակից են դառնում, քանի որ մեծարում են Թալեաթին` թուրք Հիտլերին: Նրանք ժխտում են իրողությունը, կեղծում պատմությունը, նվազեցնում թվերը, հետեւողականորեն ոչնչացնում արեւելյան Անատոլիայի, ինչպես իրենք են կոչում Հայաստանը, քրիստոնեական քաղաքակրթության հետքերը:
Հույն պատմաբան Ստրաբոնը մոտ երկու հազար տարի առաջ գտնում էր, որ հայկական հողերը ամենաբերքառատը, բերրին են աշխարհում: Մինչ հրեաները անապատները մրգաստանի վերածեցին, – ես Իսրայելը նկատի ունեմ, – թուրքերը ամայացրին հայկական մրգաստանները:
Այսքանով էլ չգոհանալով, իրենց դիվանագետների միջոցով ձգտում Են ամենուր լռության մատնել Հայկական հարցը, ներազդում են միջազգային ձայնասփյուռի ու հեռուստատեսության, մամուլի վրա: Երբ Ֆրանսիայի կառավարությունը հայերին թույլատրեց Մարսելում ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կառուցել, Թուրքիան որոշում կայացրեց կոթող կերտել այն թուրքերի հիշատակին, որոնց իբր 1917-ին կոտորել են ֆրանսիական զորամիավորումները: Հենց որ Ֆրանսիայի կառավարությունը հանդես է գալիս հայերի ողբերգության հիշատակությամբ, Թուրքիան սպառնում է խզել առեւտրական կապերը, ռազմական ինքնաթիռներ չգնել, Անկարայի մետրոյի շինարարությունը դադարեցնել:
Պարոն նախագա´հ, երեքշաբթի օրը դուք մեղադրյալներին հարցնում էիք, թե արդյո՞ք զինված պայքարը Հայ դատի հետապնդման լավագույն միջոցն է: Պատասխանն այլեւս հայերից չի կախված, պարոն նախագա´հ, նրանք տարիներ շարունակ դիմել են խաղաղ, օրինական միջոցների ու անընդհատ լռության պատին են բախվել: Այդ պատճառով են զենք վերցրել: Եվ եթե հայկական պահանջատիրությունը այսուհետ էլ անտեսվի, շատ հնարավոր է, որ Ֆրանսիայի ամբողջ հայ համայնքը դիմի ուժի, մեղադրյալի աթոռին հայտնվի: Իրենց գործողության ընթացքում այս չորս տղաները նույնպիսի հաջողությամբ զենքերը կարող էին ուղղել հյուպատոսարանի պաշտոնյաների դեմ: Կարող էին, բայց չեն արել, որովհետեւ իրենց նպատակը միջազգային հանրության ուշադրությունը հայ ժողովրդի ողբերգության վրա հրավիրելն է եղել:
Ի՞նչ դեր է խաղացել Արամ Բասմաջյանը թուրքական հյուպատոսարանը գրավելու ընթացքում: Նույնիսկ ընդհանուր պաշտպանը ընդունեց, որ նա սահմանափակ մասնակցություն է ունեցել, վերջինն է մտել հյուպատոսարան, քննության է ենթարկել պատանդներին, համոզվել է, որ նրանք զինված չեն, ստուգել է ինքնություններն ու հսկել մուտքի դուռը:
Գործից պարզ է դառնում, որ Արամը պատանդներին անգլերեն հորդորել է ոչնչից չվախենալ, բացատրել է, որ իրենց պահանջատիրությունը թուրքական պետությանն է ուղղված: Երբ Հակոբ Ջուլֆայանը վիրավորվում է, Բասմաջյանն է վերցնում նրա զենքը, որից հետո նույնպես որեւէ պատանդի չի անհանգստացնում:
Պարոն նախագա´հ, երեքշաբթի օրը դուք հայտարարեցիք, որ, վերջիվերջո, մարտախմբի ոչ մի պահանջին էլ գոհացում չի տրվել: Դա այնքան էլ ճիշտ չէ: Տղաները պահանջել են Թուրքիայում արգելափակված թուրք, քուրդ եւ հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը: Նրանց թվում էր պարոն Քյուչուքգյուզելյանը, որին դուք լսեցիք ուրբաթ օրը: Թուրքական կառավարությունը նրան մեղադրել է այն բանի համար, որ հայ երեխաներին հավաքել, կրոնական, ազգագրական երգեր է սովորեցրել: Պարոն Քյուչուքգյուզելյանը ձերբակալվել էր 1981 թվականի փետրվարի 25-ին: 1981-ի սեպտեմբերին, երբ չորս տղաները պահանջեցին նրա ազատ արձակումը, յոթը ամիս, առանց դատվելու, կտտանքների էր ենթարկվել: Հարգելի տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, այդ ամիսների ընթացքում ի՞նչ է արել մեզնից յուրաքանչյուրը, որ նա շուտափույթ ազատվի, ի՞նչ են արել մարդասիրական կազմակերպությունները: Դուք տեսաք նրա տանջահար մարմնի լուսանկարները, զգացիք տառապանքները: Մեր ընդհանուր անտարբերությանը չորս մեղադրյալները այլ միջոց են հակադրել: Թուրքական հյուպատոսարանի գրավման շնորհիվ միջազգային մարդասիրական կազմակերպությունները իմացել են իրողությունը եւ տարբեր ճնշումների միջոցով հասել են այն բանին, որ հյուպատոսարանի գրավումից երկու ամիս անց, 1981-ի նոյեմբերի 11-ին, Քյուչուքգյուզելյանն ազատ արձակվի: Նա քաղաքական ապաստան է գտել Ֆրանսիայում, Թուրքիայից հեռանալիս նույնիսկ վկայագիր է ստացել, որ դատական պատասխանատվության չի ենթարկվել: Այս բոլորը տեղի են ունեցել նախ եւ առաջ այս չորս տղաների շնորհիվ:
Ուրբաթ օրը, պարոն նախագա´հ, մեղադրյալներին այցելող վերապատվելի Հելվաջյանին դուք հարցնում էիք, թե արդյոք աղոթո՞ւմ են թուրք հսկիչ-պահապանի հոգու հանգստության համար: Մեզնից ո՞վ է աղոթել, որ թուրքական բանտում վերջ տրվեն պարոն Քյուչուքգյուզելյանի տառապանքներին: Ու մինչ նա հայ մարտիկների ջանքերով ազատվել է բանտից, իրենք` հայ մարտիկներն են կալանավորվել: Շուտով երեք տարի կլինի, որ Արամ Բասմաջյանը չի տեսել ծնողներին, այդ թվում` յոթանասունն անց հորը, որը բռնագաղթի ճանապարհին կորցրել է բոլոր հարազատներին, այնքան է տանջվել, որ տարիներ շարունակ չի կարողացել քայլել, գամված է մնացել անկողնուն:
Այնպես արեք, տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, որ այս, ինչպես փորձագետները հավաստեցին, կիրթ, զգայուն, գաղափարապաշտ երիտասարդը հենց վաղը հորը հասցնի որդիական քնքշանքը, որն իր հայրը չի կարողացել հաղորդել պապին:
Ցեղասպանության վերապրողները պատմում են, որ Դեր Զորի անապատում տասը տարեկան մի հայ երեխա է եղել: Թուրքերը կտրել են նրա լեզուն, բայց նա թաքնվել է ավազների մեջ, ու ամեն անգամ, մոտեցող քարավաններ նկատելիս, ընդառաջ է նետվել, հասկացրել, որ ճանապարհը չշարունակեն, որ այն դեպի մահ է տանում: Ինչո՞ւ եմ հիշեցնում այս դիպվածը: Իմ գործընկերը` պարոն Ասլանյանը երեկ խոսեց մեծ մարդասերների` Կլեմանսոյի, Անատոլ Ֆրանսի, Ռոմեն Ռոլանի, այլոց մասին, ովքեր դարասկզբին իրենց ձայնը բարձրացրին ի պաշտպանություն հայ ժողովրդի: Ցավով ուզում եմ նշել, որ առեւտրական, դրամական, ռազմավարական առումներով հզոր երկրները այժմ խլացրել են Ֆրանսիայի ձայնը, ավելին` կտրել են հայ ժողովրդի լեզուն: Ու միայն 1981-ի սեպտեմբերի 24-ին, Արամի, Հակոբի, Գեւորգի, Վազգենի շնորհիվ է, որ աշխարհով մեկ սփռված վեց միլիոն հայերը անսպասելիորեն վերագտան իրենց խոսելու կարողությունը:
Տիկնայք եւ պարոնայք երդվյալներ, ձեր փակ դատավեճի ընթացքում հավանաբար կլինեն այնպիսիները, ովքեր հենվելով իրավաբանական վերացական դատողությունների վրա, կփորձեն հայ ժողովրդի աճյունները համադրել թուրք հսկիչ-պահապանի դիակին: Ուրեմն, ձգտեցե´ք հոգով ու սրտով վճիռ կայացնել, մի´ խեղդեք ձեր խղճի ձայնը: Վեց միլիոն հայ ակնկալում է, որ դուք կվերցնեք մեծ մարդասերների` դարասկզբին վառած արդարության ջահը, եւ Ֆրանսիայի վեհանձն ձայնը տասնյակ տարիների լռությունից հետո դարձյալ խղճի մտոք, արդարացի կհնչի:
Արամ Բասմաջյանին, Հակոբ Ջուլֆայանին, Գեւորգ Գյուզելյանին, Վազգեն Սիսլյանին վերադարձրե´ք իրենց ծնողներին ու հայ ժողովրդին:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)