Կոչեմ ապրողա՜ց` նորադարձների՜ն:

-Կոչեմ ապրողա՜ց`
նորադարձների՜ն:

Մա՜րդ ենք, ո՛չ մանրէ,
որ բազմանում է` իրեն կիսելով:
Միանալով է մարդը բազմանում.
եկեք միանա՜նք:
Եկեք միանա՜նք,
որ մեր այս փոքրի՛կ, շա՜տ փոքրիկ հողի երազանքը մեծ
մարմին ստանա մեր միս-ոսկորով,
և մարմնավորված մեծ երազանքի բուժիչ բարությամբ
մենք էլ ազատվենք մեր ոխ ու քենի ցածր զգացումից,
որ դրանով իսկ չնսեմանանք անգամ մեր ներսում,
այլ մնանք մեր վեհ հպարտությա՜ն հետ,
նաև մեր վսեմ արհամարանքի՛,
բայց ավելի շատ` մեր ծով բարությա՜ն
ու մեր բնածին այլասիրությա՜ն,
որից զրկվելով` մենք կարծես մե՜նք չենք,
կիսավերակ ենք և կանգուն շե՛նք չենք…
Մենք այսպիսի՜ն ենք
ու պիտի՛ լինենք:
Թողած ցավը մեր, ցավը լեռ ու բեռ`
կրում ենք ցավը համա՜յն աշխարհի:
Թողած հոգսը մեր, հոգսը քար ու սար`
հոգում ենք հոգսը համա՜յն աշխարհի…
Թո՛ղ որ համեցող, բայց չանհամացող արդարությունը
ամենից առաջ հասնի ամենքի՜ն,
մեզ` միայն վերջո՛ւմ…

Եվ մեր կսկիծը զսպանակելով`
մենք մասնակցում ենք այլոց հանդեսին,
մասնակցում սրտա՜նց-անմախա՛նք-անքեն…
Թո՛ղ ուրախության ուղտը գեթ վերջո՜ւմ, ամենա՜վերջում,
իր ծունկը ծալի մեր դռան առաջ`
թեպետ ուշացած, բայց միշտ ցանկալի ուխտավորի պես…

Բայց սպառվում է մինչև իսկ սրբի համբերությունը,
ինչպես հոտում է մինչևիսկ ջուրը` արգելակումով:
Մենք հաջորդներն ենք Սուրբ Նահատակաց,
սակայն բնավ էլ սուրբ չենք ինքներըս,
մա՜րդ ենք հասարակ
և… հավատում ենք, որ պիտի դառնա
մեր յուրաքանչյուր խլյակը` այլակ միատեղումի,
և յուրաքանչյուր փշուրը` պաշար մոտալուտ վաղվա,
մնացորդն` աճորդ,
մասունքը` մսուրք,
սփյուռքը` ապառք,
նշխարը` աշխարհ…

Եվ այս ասում եք ո՛չ դուք, ո՛չ նրանք,
այլ ե՜ս եմ ասում,
ես` Սիս-Մասիսըս,
անդո՜ւլ-անդադա՜ր-անվե՜րջ զնգացող իմ անքուն զանգով:
Գողթան երգերի չափով այլազան,
բամբ բամբիռների հնչումով պես-պես,
ամենատարբեր ելևէջումով շարականների
Սիսն ու Մասիսն են զրնգում անվե՜րջ-անդադա՜ր-անդո՜ւլ.
ով ականջ ունի,
բլթակ հավատո`
նա պիտի՛ զգա
իմ եռաղողանջ զանգի ասմունքը,
իմ եռաբանյա ասքի ղողանջը,
իմ եռամատնյա խաչակնքումի շնչող ստվերը.

-ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈ՜Ց…
-ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵ՜Ր…
-ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱ՜Ց…

Պարույր Սևակ

ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ

1965 թ., փետրվար
Երևան

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)