Ռուբեն Սիմոնյան. «Անդրանիկ… Սիբիրական վաշտի ոդիսականը»

Գիրքը նվիրված է Զորավար Անդրանիկի վերջին զորքի պատմությանը, որը 1918-ի մարտին կազմավորվել էր ռուս սպաների հրամանատարությամբ Սիբիրից ժամանած արեւմտահայ ռազմագերիների երթային վաշտի հիմքի վրա եւ իր արժանի ավանդն էր բերել Հայաստանի Հանրապետության կայացման գործին: Աշխատանքը մի ամբողջական գործ է հայոց հերոսամարտի կարեւոր էջերից մեկի մասին, որտեղ նկարագրված են սիբիրական վաշտի ոդիսականի մանրամասները:

Հրատարակությունը` «Ոսկան Երեւանցի» տպ., Երեւան, 2006թ.:

«1917 թվի դեկտեմբերի 8-17-ը սարսափելի օրեր էին Իրկուտսկի համար: Արկերը դղրդալով պայթում էին՝ ընկնելով պատուհաններից ներս, հարվածում տներին՝ իրենց ճանապարհին խորտակելով ամեն բան: Գնդացիրները ճարճատում էինբոլոր փողոցներում: Ռումբերն աղմուկով պայթում էին ողջ քաղաքում: Քաղաքացիները խելակորույս վազում էին փողոցի մի կողմից մյուսը, ընկնում փոթորկոտ կրակի տակ եւ հենց նույն տեղում էլ արնաշաղախ տապալվում: Շատ էին այդպիսի արնաշաղախ դիակները:
Երբ մարտը սկսվեց, կրակում էին միայն բարձր կետերում դրված թեթեւ մարտկոցները: Բայց ահա եկան Կրասնոյարսկի, Աչինսկի, Մարինսկի կայազորների զինվորները, կարմիր գվարդիականները՝ Չերեմխովոյի, Անջերսկի, Սուջենսկի քարածխի հանքավայրերից, տաժանակիրները՝ Ներչինսկից եւ Տուրուխանսկից: Եվ նրանք, բոլորը միավորված, վեց դյույմանոց հրանոթներից սկսում են ամեն կողմից հրետակոծել քաղաքը: Մի բուռ յունկերները եւ կազակների հարյուրյակը, իրենց տրամադրության տակ ունենալով մի քանի գնդացիր, այդ բոլոր օրերին պաշտպանվում էին կատաղորեն: Բայց ահա քաղաք մտան բոլշեւիկները: Հուսահատ ձեռնամարտ սկսվեց: Ամբողջ օրերով շարունակվում էր սվինամարտը: Ութ օր զոհվածների դիակները ընկած էին փողոցներում: (Ըստ սիբիրյան աղբյուրների, զոհերի թիվն անցնում էր 1.500-ից — Ռ. Ս.): Իշխանությունն իրենց ձեռքը վերցրին բոլշեւիկները: Տաժանակիրները, մարդասպանները, տարբեր կարգի գողերը (որոնք Ժամանակավոր կառավարության հրամանագրով արժանացել էին համաներման — Ռ. Ս.), ինչպես մորեխ, հարձակվեցին խաղաղ բնակիչների տների վրա եւ սկսեցին անխղճաբար թալանել, հրդեհել, սպանել, կանանց բռնաբարել, պոկել նրանց ականջօղերը, մատները կտրել մատանիներով: Թալանը բազմաթիվ սայլերով տանում էին փողոցներով:

Եվ ահա Իրկուտսկի համար այդ մղձավանջային օրերին հանկարծ ինչ-որ տեղից հայտնվեցին գորշ շինելներով, լավ կարգապահ, թուխ, սեւաչք, սեւամազ մարդիկ եւ համարձակորեն օգնության իրենց ազնիվ ձեռքը մեկնեցին քաղաքացիներին: Դա մի վաշտ էր 210 հայ ռազմագերիներից կազմված, որոնք ինքնակամ մեզ էին հանձնվել թուրքերի հետ մարտերի ժամանակ եւ կառավարության կողմից աքսորվել Սիբիր, ասես որպես շնորհակալություն՝ Ռուսաստանի նկատմամբ ունեցած համակրանքի: Նրանք մեզ մոտ գերություն, ցուրտ, սով տարած մարդիկ էին: Սկզբում իրկուտսկցիները թերահավատորեն դիմավորեցին նրանց:
Բայց կասկածանքի սառույցն աստիճանաբար հալվեց: Ութօրյա մարտերի ժամանակ (պիտի լինի 10-օրյա — Ռ. Ս.) նրանք, անտեսելով ողջ քաղաքում շարունակվող հրանոթային փոթորկոտ կրակը, անվախ կատարում էին քաղաքացիներին, հիմնարկները, բանկերը եւ Իտալիայի, Բելգիայի, Ամերիկայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ճապոնիայի եւ Չինաստանի հյուպատոսությունները պաշտպանելու իրենց կամավոր պարտականությունը: Վաշտն իր պահակներով զբաղեցրեց երկաթուղային կայարանը, որպեսզի թույլ չտրվի քաղաքից տանել թալանը:

Քառասունհինգ աստիճանանոց սառնամանիքին, անտեսելով վատ հանդերձանքը, նրանք անխոս կատարում էին իրենց ծանր պարտականությունները ինչպես քաղաքի պաշտպանության, այնպես էլ խուզարկությունների ժամանակ: Ուր պահանջվում, նրանք ներկայանում էին անհապաղ, եւ վայ նրանց, ովքեր բռնվում էին հանցանքի վայրում: Որպես այդ մարդկանց ազնվության մասին խոսող փաստ`հատկանշական է նրանց կողմից անգամ իշխանություն ունեցող երկու կոմիսարների ձերբակալումը, որոնք իրար մեջ բաժանելիս էին եղել հափշտակած երեք հարյուր հազար ռուբլին: Վաշտը տեղ հասցրեց ամբողջ գումարը եւ դա զանգվածների այն բարոյազրկման պայմաններում, որն այն ժամանակ տիրում էր քաղաքում: Ուրախություն եկավ մարդկանց դեմքերին, եւ նրանք սկսեցին համարձակ քայլել փողոցներով, քանի որ հանձինս հայկական վաշտի նրանք տեսնում էին իրենց պաշտպաններին: Պատահում էր, որ մեր զինվորիկը գնում էր փողոցով, նրան հանդիպում է ինչոր կին, մտնում է զինվորի թեւը եւ ասում. «Կարապետ, գնա°նք մեր տուն ճաշելու»: Իսկ մեր Կարապետը միայն ժպտում է ուրախ եւ վեհանձնորեն շարունակում իր ճանապարհը: Նրան հանդիպողները բարեկամաբար խոնարհվում են: Յուրաքանչյուր իրկուտսկցի նրանց գրեթե անուններով գիտեր եւ իր պարտքն էր համարում սովորել հայերեն երկու բառ. «Գնա°նք ճաշելու»: Եվ հայկական վաշտը իրկուտսկցիների հետ ապրում էր որպես մեկ ընտանիք: Ե°վ գիշեր, եւ° ցերեկ բոլորի դռները բաց էին նրանց առաջ:

Ահա վաշտը գնում է փողոցով, իսկ ինչ-որ մեկը հարցնում է.
— Սրանք, ի՞նչ է, հագուստը փոխած յունկերնե՞ր են:
— Ո°չ, սա մեր հայկական վաշտն է, հպարտորեն պատասխանում է իրկուտսկցին:
— Ախր, տեսնում եմ, որ բոլորը չափից դուրս թխամազեն,- ասում է եկվորը:
Եվ անգամ բոլշեւիկները գնահատեցին հայերի ազնիվ աշխատանքը եւ բոլոր ուժերով ձգտում էին նրանց օգնել դժվարին ծառայության մեջ: Եվ այսպես վաշտը երկու ամիս անխոս տարավ իր դժվարին գործը: Իրկուտսկի համար աստիճանաբար ինչ-որ չափով հանգիստ օրեր եկան, իսկ Կովկասից հեռագրեր ստացվեցին, կոչեր՝ «բոլոր հայերին անհապաղ մեկնելու հայրենիքի պաշտպանության համար»:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)