Համառոտ տեղեկանք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) ձեւավորման իրավական – քաղաքական հիմքերի մասին

Արեւմտյան Հայաստանի վերածննդի գաղափարը, որպես պետություն, առաջացել է 1990-ականների սկզբին, Արցախի պաշտպանների շարքերում: Գաղափարի գլխավոր ոգեշնչողներից էր Ազատագրական բանակի հիմնադիր Լեոնիդ Ազգալդյանը (23.11.1942 Թիֆլիս – 21.06.1992 Մարտակերտ): Այն արձագանք է գտել այն մարտիկների եւ մտավորականների շարքերում, որոնք պատերազմից առաջ Արեւմտյան Հայաստանի տարբեր հայրենասիրական եւ հայրենակցական միությունների անդամներ էին:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության որպես պետության վերականգման հիմք է հանդիսացել այն փաստը, որ նա անխզելի շարունակող պետությունն է Հայաստան պետության՝ ճանաչված մի շարք միջազգային փաստաթղթերի հիման վրա, 1918-1920-ական թվականներին,

  1. Ռուսաստանի Կառավարության Դեկրետի (Ռուսաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդ) «Թուրքահայաստանի մասին» (Արեւմտյան Հայաստանի մասին), 11 հունվար 1918 թ.,

  2. Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, 19 հունվար 1920 թ.,

  3. Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե (de jure) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզ, 11 մայիս 1920 թ.,

  4. ԱՄՆ Սենատում կայացած 1920թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը Հայաստանի մանդատի քննարկումների, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն դե ֆակտո (de facto) ճանաչել է Հայաստան պետության իրավունքն ու տիտղոսը հայկական տարածքների նկատմամբ եւ դրանով չեղյալ է համարել այդ տարածքների նկատմամբ Օսմանյան կայսրության իրավունքն ու տիտղոսը,

  5. Կիլիկիայի հայերի ընդունած «Կիլիկիայի անկախության մասին» Հռչակագրի, 4 օգոստոս 1920 թ.,

  6. Սեւրի խաղաղության պայմանագրի, 10 օգոստոս 1920 թ.,

  7. ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ, 22 նոյեմբեր 1920 թ.:

2004 թ. դեկտեմբերի 17-ին է ընդունվել «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի մասին» Հռչակագիրը։ 2011 թ․ փետրվարի 4-ին՝ «Արեւմտյան Հայաստանի կառավարության ձեւավորման գործընթաց սկսելու մասին» Հռչակագիրը։

Հետագայում, ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի (13.09.2007 թ.) հիման վրա, ստեղծվել է Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը, որի հիմքի վրա ձեւավորվել են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության իրավական – քաղաքական եւ պետական կառույցները: Համաձայն Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի 21-րդ հոդվածի, սկսած 2013 թ., ձեւավորվում են իշխանության օղակները՝ Ազգային ժողովը (Խորհրդարան), Կառավարությունը եւ Նախագահական համակարգը:

2013 թ․ նոյեմբերին, առաջին անգամ, համացանցում՝ էլեկտրոնային ուղղակի քվեարկության միջոցով, անցկացվել են Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորների ընտրություններ: Ընտրություններին մասնակցել են շուրջ 18 հազար ընտրող՝ 41 երկրներից, ընտրվել են 64 պատգամավոր:

2018 թ. սեպտեմբերի 1-5-ը կայացել են Խորհրդարանի 2-րդ գումարման ընտրություններ, որին մասնակցել են 51 հազար 500 ընտրող՝ 47 երկրից, միասնական ցուցակով ընտրել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 101 պատգամավոր:

2014 թվականից Արեւմտյան Հայաստանի պետական համակարգի ամբողջական անվանումն է Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)։

Ներկայիս Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) նախագահը Ռադիկ Խամոյանն է, վարչապետը՝ Տիգրան Փաշաբեզյանը, Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահը՝ Արմեն Տեր-Սարգսյանը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի  (Խորհրդարանի) Մամլո Ծառայություն

11.08.2018 թ.

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)