Հայկ Խամոյանը Վերին Բազմաբերդի առաջին սասունցին է, որ գնացել է այնտեղ, որտեղ առյուծ մարդիկ էին ապրում Սոնա Ավագյան

10:35, 17 օգոստոսի, 2012

82-ամյա Հայկ Խամոյանը ծոցագրպանում պահում է թերթիկը, որի վրա գրված են Արևմտյան Հայաստանի այն վայրերի անունները, որտեղից օրեր առաջ է վերադարձել: «Ես մի քիչ դժվար կհիշեմ, բայց գրած է: Կբացեմ, նայեմ, կարդամ: Հետո գյուղացիներ խնդրում են, կառնեն կարդան, կասեն՝ որտե՞ղ ես եղել: Շատ են հետաքրքրվում: Ես էսօր առավոտ էլ կարդացել եմ»,- ասում է Հայկ պապը: Նա ինքն է խնդրել որդուն գրել տեղանունները: «Բայց Աղթամար կղզի չես գրել, մոռացել ես: Ես նստել եմ նավ, գնացել Աղթամար, վանքում մոմ եմ վառել, բայց գրության մեջ չկա»,- որդուն ասում է Հայկը:

Հայկ Խամոյանը Ցեղասպանության ժամանակ Սասունի Աղբի գյուղից Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գաղթած սասունցիներից ու նրանց սերնդից առաջին մարդն է, որ գնացել ու տեսել է իր նախնիների հարազատ թաղը` Աղբիի Գյալառաշը: Աղբիի թաղերը իրարից կիլոմետրերով հեռու են, տարբեր ձորերի մեջ ու տարբեր լեռների վրա:

«Ես մտադրված ուզեցի իմ հորը և իմ քեռուն տանեի էնտեղ, որտեղ իրենց արմատներն են: Ու ինձ երջանկություն տվեց Աստված, ես ականատես եղա, որ իրենք գնացին, իրենց հայրական տունը գտան: Ես երազել էի, որ իրար հետ գնայինք Արևմտյան Հայաստան»,- ասում է Հայկի որդին` Ռադիկը Խամոյանը: Նա «Սասուն-Տարոն» հայրենակցական միության քարտուղարն է, երգել է «Ակունք», «Զվարթունք», «Մարաթուկ» խմբերում, եղել խմբավար ու պարի ուսուցիչ: Ռադիկը հիմա էլ երբեմն մասնակցում է համերգների:

(Ձախից) Հայկ Խամոյանը, Ռադիկ Խամոյանը և Համայակ Վարդանյանը`
Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցում
Հայկ Խամոյանի հայրը միակն է, որ կենդանի է մնացել ամբողջ գերդաստանից: Ցեղասպանության ժամանակ Խամոյանների գերդաստանից մոտ 40 հոգի զոհվել է, այդ թվում նաև Սասունի ինքնապաշտպանական մարտերում: Վերին Բազմաբերդ գյուղում էր ապրում նաև Շուշան անունով մի կին, ով ևս Աղբիից էր գաղթել Բազմաբերդ, ինչպես Հայկի հայրը: Շուշանն ինքն է ականատես եղել, թե կողոպուտի ժամանակ Աղբիի սարերում ինչպես են սպանվել Հայկի հարազատները, և պատմել է Հայկին: Հայկի հայրը մի քիչ հեռու է եղել և ողջ է մնացել: Նա Աղբիից միանգամից եկել է Բազմաբերդ, ամուսնացել այդ գյուղում ու մնացել:

«Իրենք ասում էին՝ եկել ենք էստեղ, որ մոտիկ է, պիտի գնանք Արևմտյան Հայաստան, բայց չէին պատկերացնում: Ուզում էին, որ անպայման գնային, իրանց սրտի ուզածն էր, բայց չստացվեց: Սովետական Միությունը կթողնե՞ր ճանապարհ, որ գնային»,- ասում է Հայկ պապը: Վերին Բազմաբերդում են հաստատվել ողջ մնացած հատուկենտ աղբեցիներ՝ 7-8 մարդ: Շուշանը ևս, ինչպես Հայկի հայրը, այլևս չկարողացավ գնալ Արևմտյան Հայաստան և մինչև կյանքի վերջ ապրեց Բազմաբերդում:

«Էդ տատիկին ես էլ եմ հիշում, ես տեսել եմ Շուշանին,- պատմում է Ռադիկը:- Նրանք եկան էստեղ մնացին, մահացան: Բոլորն էլ՝ կարոտով, էդ հեքիաթը պատմելով, թե մեր տունը, մեր էրգիրը, մեր ծառը, մեր թուփը, մեր աղբյուրը և այլն: Էդ հեքիաթը ես լսել եմ՝ հենց էդ տատիկների փեշերի մեջ նստած, անուշ հոտ, խնկահոտ եկող էդ տատիկներից լսել եմ էդ ամբողջ պատմությունը»:

Խորհրդային պետությունը Հայկի հորը՝ իբր որպես հակախորհրդային տարրի, 1942թ. Բազմաբերդից աքսորել է Չելյաբինսկ, որտեղ նա սպանվել կամ մահացել է: Նա Բազմաբերդում թողել է 8 երեխա, որոնց կինը մենակ է մեծացրել:

Ռադիկ Խամոյանը
«Գաղթ, ջարդ, ջարդից հետո նորից էլի ԿԳԲ, սովետական իշխանություն, նորից էլի քարուքանդ, 8 երեխա որբ մնացած: Տես՝ ինչ ճակատագիր է: Ու հիմա իր էդ փոքր երեխան մեծանում ու գնում է հոր ճանապարհով՝ դեպի Էրգիր»,- ասում է Ռադիկը:

Հայկի մայրը ևս ողջ գերդաստանից միակն էր, որ փրկվել է Ցեղասպանության ժամանակ, նա Բասենից էր: 1925թ.-ից Խամոյանների գերդաստանը նորից է սկսել աճել: 1996թ., երբ Հայկ պապի մայրը մահացել է, ունեցել է 156 թոռ ու ծոռ: Հայկ պապը արդեն չգիտի, թե հիմա իրենց գերդաստանում քանի թոռ ու ծոռ կա: «Բայց իմ քրոջ ամուսին դասատու է, նա հաշվարկում է, իրա մոտ գրած է, որ որի երեխային կամ ծոռ է լինում կամ թոռ»,- ասում է նա:

Ռադիկ Խամոյանը պատրաստվում է տպագրել իրենց գերդաստանի տոհմածառի ու պատմության մասին գիրք: Նրա ուսումնասիրության արդյունքով մոտ 1600-ականներից իր նախնիներն ապրել են Սասունում:

97 տարի անց Հայկ Խամոյանը գտավ Սասունում իր պապի կառուցած տունը

Երբ Արևմտյան Հայաստանում էին, Հայկ Խամոյանը, շատերին հարցուփորձ անելով, գտել է Աղբի գյուղի Գյալառաշ թաղամասն ու իր հոր տունը: Հայկ պապը Վերին Բազմաբերդին հարևան Մեծաձոր գյուղում ապրող եզդիներից քրդերեն է սովորել, և այդ լեզվին տիրապետելը իրեն շատ է օգնել Արևմտյան Հայաստանում:

Սասունի Աղբի գյուղի Գյալառաշ թաղամաս: Հայկ Խամոյանը` իր պապի
տնկած ընկուզենու մոտ, որի տակից հոսում էր աղբյուրը
Հայկը հորից է լսել, որ Արևմտյան Հայաստանի իրենց տան մոտ ընկույզի մեծ ծառ կար, ծառի մոտ՝ աղբյուր: Տունը Հայկի պապը` Խմոն է կառուցել, ծառն էլ է նա տնկել, սարից բխող ջրի համար բակում ավազան է կառուցել: Դրանից հետո էլի մարդիկ են գնացել Աղբի, տեսել ընկուզենին, ջուր խմել աղբյուրից ու Հայկին պատմել այդ մասին: Տան առջևի փոքր հողամասն ու ձորից հոսող առվակը ևս հուշում էին, որ սա իր հոր տունն է:

Հայկի հայրը 6 եղբայր է ունեցել, որոնք ապրել են իրար կողք կողքի կառուցված 4 տներում: Այժմ պահպանվել են միայն Հայկի հոր և կողքին՝ հորեղբոր տները: Նրա հոր տանը մի քանի քուրդ է եղել: Երբ Հայկը հարցրել է, թե սա ում տունն է, քրդերն ասել են, թե իբր չգիտեն: Երբ Հայկը ասել է, որ սա Խմոյի տունն է, քրդերից մեկն ասել է՝ այո:

Հայկ պապը իր հոր տան այգում խոսում է տանն ապրող քրդերից մեկի
հետ
Այս մեկ դարի ընթացքում քրդերը տունը չեն վերանորոգել, քուրդն ինքն է դա խոստովանել, միայն կողքին փոքր կցակառույց են ավելացրել ու քանդել թոնրատունը: Տան դռան վրա եղել են 100-ամյա վաղեմության փական ու գերան:

«Ես էդ քրդին ասեցի՝ սա իմ պապի սարքած գերանն է: Ասեց՝ այո: Էդ փականն էլ նույնությամբ կար, պատերն էլ նույնությամբ մնացել էին, ոչ մի բան փոփոխություն չկար»,- պատմում է Հայկ Խամոյանը:

Նա, առանց որևէ մեկին հարցնելու, բացել է դուռը ու մտել տուն, շրջել բոլոր սենյակներում: Քրդերը ոչինչ չեն արել դա կանխելու համար: «Ոնց որ սեփական տան մեջ ես իմ դուռ բացեի` առանց կասկածելու: Ոչ մի վայրկյան ես օտար չզգացի էդ հողի վրա, ես իսկական իմ պապական հողի վրա էի: Ոնց որ ծանոթ վայր էղներ, էդքան մտերիմ էր ինձ էդ տարածքը, որ ես գնացի»,- ասում է Հայկ պապը:

Բազմոցին` Հայկ Խամոյանը, Ռադիկ Խամոյանը և Համայակ
Վարդանյանը` Հայկի հայրական տանը
Տանը` շատ հին թախտի վրա, մի քուրդ է պառկած եղել: «Մենակ թախտն էր, մնացած ոչ մի բան չկար տան մեջ: Ես նայեցի, վռազ զգացի, էդ կին (Շուշանը – հեղ.) որ եկել էր, էնտեղից պատմել՝ ձեր տուն էսպես էր, ես պատկերացրի, որ մեր տուն իրականից էլ թախտ էր դրած, ճիշտ էդ կնոջ պատմածն է, էդ թախտը կարող է իմ պապի թախտ է էղել: Հետո քուրդն որ ելավ, հարցրի՝ ո՞ւմ տունն էր սա, ասեց՝ չգիտեմ: Ասեցի՝ սա Խամո տուն չէ՞: Ես իրան ասեցի՝ մի վախենա, ես չեմ եկել՝ քեզ էստեղից հանելու, ես եկել եմ ուղղակի նայելու իմ հոր տուն: Նոր ոնց որ մի քիչ ժպիտ երևաց երեսին, ասեց՝ այո, Խամոյի տունն է սա: Նա կարծում էր, որ գնացել էի, պիտի ասեմ՝ դուրս արի, սա իմ հոր տունն է»,- պատմում է Հայկ Խամոյանը:

Քրդերն աղբյուրը տեղափոխել էին մի քիչ այն կողմ, բայց աղբյուրի ակունքից ջուրը գալիս էր: Իսկ ընկուզենուց մնացել էր միայն քայքայված բույնը: Քրդերն ասել են, թե ծառը կտրել են 3 տարի առաջ իբր այն պատճառով, որ այն իր մեծությամբ փակում էր տնամերձ այգու և հարևան տան ճանապարհը: Բայց իրականում քրդերն այդ ծառը որպես շինափայտ էին վաճառել:

Հայկ Խամոյանի հոր տանն ապրող քրդերը հյուրասիրում են հայ
հյուրերին
Հետո քրդերը հյուրասիրել են հայերին և, ի պատիվ հյուրերի, երգչի հրավիրել: Հայկի հոր տանն ապրող քրդերից մեկն ուներ պետության տրամադրած կալաշնիկով, ռացիա, զինվորականի ուսապարկ: Քրդական շարժմանը վերահսկելու համար թուրքերը քուրդ տեղաբնակներին հավաքագրում են որպես պայմանագրային աշխատողներ, որոնք՝ որպես թուրքական պետության աչքեր, թուրքերին են հայտնում քրդերի գործողությունների մասին: Արևմտյան Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ևս պարտադիր կցվում են քաղաքացիական հագուստով, ռանչպարի կերպարով անվտանգության ծառայության աշխատողներ, որոնք իբր ուղեկցում են զբոսաշրջիկներին:

Այժմ Աղբիի ամեն մի թաղամասում 3-4 տուն է բնակեցված: Աղբիում հիմա ոչ մի խանութ, բուժկետ չկան: Քրդերից շատերը լեռնային Աղբիից իջել են հարթավայր: «Միայն էնտեղ առյուծ մարդիկ կապրեին: Ուրիշ մարդ հնարավոր չէր ապրեր, որովհետև էնքան լեռը պիտի բարձրանաս. 8 կմ դե բարձրացի-իջի, շալակով: Առաջ ճանապարհ չի եղել, բայց հիմի ճանապարհ սարքել են»,- պատմում է Հայկ պապը:

Հայկ պապը ցույց է տալիս իր հոր տնից բերած մասունքները
Նա Աղբիից Բազմաբերդ է բերել իր հոր տան քարերից, աղբյուրի ջրից: «Մեր աղբյուրի ակից էլ հող եմ հանել, բերել: Էս էլ իսկական մեր էն աղբյուրի միջից էդ քար վերցրի, որտեղ ջուր հոսել ա, անուշ հոտ էլ գալիս ա: Էս իսկական աղբյուրի ակի քարն է, ջուր է հոսացել սրա վրայով անընդհատ»,- ասում է նա: «Ես կողքից նայում էի՝ դու ոնց էիր քանդում-հանում»,- արձագանքում է Ռադիկը:

Հայկ պապը Շուշանի և Վերին Բազմաբերդ գաղթած մյուս սասունցիների գերեզմանների վրա շաղ է տվել Արևմտյան Հայաստանից բերած հողը:

Կաքավաձոր գաղթող մառնիկցին թողել է հարազատ երեխային` փոխարենը փրկելով եղբայրների երեխաներին

82-ամյա Հայկ պապը տարիքով ամենամեծն էր Արևմտյան Հայաստան գնացած 15 հոգանոց խմբում, բայց, առանց հոգնելու, բարձրացել է սարերը: Հայկ պապը միշտ էլ առույգ է, «բայց էնտեղ՝ ավելի»: «Էնտեղ ոչ մի բան չէի զգում, թե ես ծեր եմ: Ավելի ուրախ էի էնտեղ, ավելի ուժեղ էի, քան թե էստեղ: Սասնա սարեր բոլոր բարձրացել ենք: Ճանապարհներ էնքան սարսափելի էին, մեքենայից հանկարծ նայեիր, կվախենայիր՝ կարող է ընկնես ցած, բայց մենք բարձրացանք»,- ասում է նա:

Սասուն, Աղբի, Գյալառաշ: Հայկ Խամոյանի հոր տան առջև
Արևմտյան Հայաստանը տեսնելը նրա համար ուրախություն էր, բայց հիմա, երբ արդեն վերադարձել է Վերին Բազմաբերդ, վիշտ է զգում: «Միշտ էլ որ նստում եմ, կհիշեմ` որտեղ գնացինք: Չլրացավ, չվերջացավ կարոտը: Ինչպիսին մեր մեծեր որ պատմում էին, նույնությամբ Արևմտյան Հայաստան էդպես է` դրախտային վայր: Մեր սասունցիներ ընդհանրապես ապրել են լեռներում, սովոր էին, բայց ընդհանրապես Մուշում, հարթավայրում՝ դրախտավայր, ապրելու հնարավորություն էր ամեն ձևով, ամեն ինչ աճում է, ամեն ինչ կա»,- ասում է Հայկ Խամոյանը:

Նրա կնոջ եղբայրը` Համայակ Վարդանյանը, ով իրենց հետ էր Արևմտյան Հայաստանում, հավելում է. «Մեր հանրապետությունը մենակ Մուշը իր տարածքով կպահի էդ հողերով, բարեբեր, հարթ հողեր: Մուշն էլ, Էրզրումն էլ, Բիթլիսն էլ, Բասենն էլ, Սարիղամիշն էլ տարածքներ են, որ նայես, կհիանաս: Որպես սգավոր՝ գնում ենք, տեսնում, սգում, հետ ենք գալիս»:

Համայակ Վարդանյանը
Համայակ Վարդանյանն ապրում է Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում: Նա ևս առաջին անգամ էր Արևմտյան Հայաստանում: Համայակը, հարցուփորձ անելով, Մուշի Վերին Մառնիկ գյուղում գտել է իր հոր տունը, բայց այն կիսաքանդ էր: Այժմ ողջ Մառնիկը քանդված է. գյուղում մոտ 10-12 տուն է բնակեցված: Իսկ Արևմտյան Հայաստանի այլ մասերում մեծածավալ ճանապարհաշինություն է ընթանում, թեև Մառնիկի մոտ գտնվող Մշո Առաքելոց վանք` ֆիդայական շարժման կենտրոններից մեկը, տանող ոչ մի ճանապարհ չի կառուցվում, նույնիսկ գրունտային ճանապարհ չկա, միայն ոտքով կարելի է հասնել այնտեղ:

Համայակի հայրը միակն է իր եղբայրներից ու քրոջից, որ ողջ է մնացել Ցեղասպանության ժամանակ և եկել Կաքավաձոր: Գաղթելու ճանապարհին նա կնոջ ձեռքից վերցրել է իրենց հարազատ տղային, բարուրով տարել-դրել ցորենի արտի մեջ, փոխարենը երկու եղբայրների երեխաներին բերել Կաքավաձոր, «որպեսզի ճյուղը չկտրվի»: Եղբոր ընտանիքի բոլոր անդամները զոհվել էին, և եթե եղբոր երեխաներին նա չբերեր իր հետ, այդ երեխաներն էլ կսպանվեին, ու եղբոր սերունդը չէր շարունակվի: Համայակի մայրը այդպես էլ չի կարողացել հաշտվել կատարվածի հետ:

«Եկել են վերջապես գյուղում բնակվելու: Ինչքան կարկուտ էր գալիս, հեղեղ էր էղնում, կարկուտը բերքը տանում էր, մերս լացում էր, ասում էր՝ էն երեխի պատճառով է, որ Աստված մեզ չի ներում, սենց ջարդում է: Իսկ իմ հերս ասում էր՝ չէ, Աստծուն պարզ է, թե ես ինչ եմ արել, ես իմ երեխուն գցել եմ, որպեսզի բերեմ իմ երկու եղբոր երեխաներին, որպեսզի դրանց արմատը չկտրվի»,- պատմում է Համայակը:

Եղբոր ընտանիքի արմատը չի կտրվել: Այդ ճյուղից է բժիշկ-ազատամարտիկ Վահե Բաղդասարյանը, ով զոհվեց արցախյան պատերազմում:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)