Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 1-ին գումարման 7-րդ նստաշրջանում

արտաքին հարաբերությունների ոլորտում 2017-2018 թթ. կատարած աշխատանքների մասին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում արդի իրավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերաբերյալ

1. Արտաքին կապերի ոլորտում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության 2017-2018 թթ. կատարած աշխատանքների մասին
Նշյալ ժամանակահատվածում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության գործունեության հիմնական ուղղությունները երեքն էլ եղել.
– Մերձավոր Արեւելքում գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը, նոր գործընկերների հայտնաբերումը:
– Հայկական Հարցին առնչվող պետությունների հետ տարվող աշխատանքները՝ նրանց ներկայացնելու Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները,
– Միջազգային կառույցների ուղղությամբ տարվող աշխատանքները՝ նրանց ուղղելու Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների վերաբերյալ դիմումնագրերը:

Մերձավոր Արեւելքում մեր գործընկերների հետ կապերը բնականոն ընթացքի մեջ են, ունեն զարգացման հեռանկար՝ հատկապես կապված տարածաշրջանային հարցերով երկկողմ-եռակողմ ձեւաչափերով բանակցությունների ընթացքի եւ դրանցից բխող որոշումների կայացման հետ: Հայկական Հարցի հետ սերտ առնչություն ունեցող պետությունների հետ նույնպես: Այս հարցերում առաջնորդվել ենք այն տեսլականով, որ հայոց բոլոր խնդիրների կարգավորումը, ի վերջո, սերտորեն կապված է Հայկական Հարցի լուծման հետ:

Եվ որքան էլ սուղ են եղել միջոցները, այնուհանդերձ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի այլ ռեսուրսների ներգավմամբ, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությունը կարողացել է հաղթահարել դժվարությունները եւ գործընկերների ու պետությունների հետ իրականացրել արդյունավետ կապեր ու համագործակցություն:

2. Հայաստանի Հանրապետությունում արդի իրավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» կապակցությամբ, առաջին իսկ օրերին, երեք հրապարակումների միջոցով, հայտնել ենք մեր դիրքորոշումը դրանց վերաբերյալ:
Դրանք են՝

2016 թ. ապրիլի եւ 2018 թ. ապրիլի մասին, հրապարակել ենք 23-ը ապրիլի 2018 թ., արձանագրել, որ հայտ է ներկայացված «հայության համաշխարհային նոր համախմբման մասին»:
Ընդգծել ենք, որ «Բոլորովին պատահական չէ, որ այդ մասին ազդարարում է նոր սերունդը: Եւ այս իրողությունը արժե որ նկատեն եւ բարեկամները, եւ հակառակորդները եւ նրանցից յուրաքանչյուրը դրանից բխող համարժեք եզրահանգումներ անի»:
Հավելել ենք, որ՝ «Սերիալների ժամանակաշրջանը ավարտվում է, այդ թվում` հասարակական, քաղաքական, հոգեւոր, մշակութային կյանքում ու կենսագործունեության մեջ… Դա քաղաքակրթական անցում է` իր տարողությամբ ու ընդգրկումով, բովանդակությամբ ու խորությամբ: Ովքեր չեն հասկանում դրա իմաստը, կհայտնվեն լուսանցքում»:
Ասվածը վերաբերում է նաեւ մեր նախկին գործընկերներին:

1988-ի շարժման եւ 2018-ի շարժման մասին, հրապարակել ենք 28-ը ապրիլի 2018 թ., որտեղ նշել ենք, որ «եթե 1988-ի շարժումը ազատագրեց Արցախը, ապա 2018-ի շարժումը ազատագրելու է հայությունն ու Հայաստանը»:
Ընդգծել ենք, որ «Եթե Գուրգեն Յանիկյանը եւ նրան շարունակած Զինյալ-ազատագրական պայքարը (1973 թ., 1975-1985 թթ.) բազում հաջողություններ արձանագրելուց զատ, ազատագրեցին սփյուռքի հայությանը տասնամյակների կարծրատիպերից ու կաղապարված մտածողությունից, եթե 1988-ի շարժումը ազատագրեց Արցախը (1988-1994 թթ.), ապա 2018-ի համազգային համախմբումն ու շարժումը ազատագրելու է հայությունն ու Հայաստանը (2016 թ. ապրիլ, 2018 թ. ապրիլ)»:
Հավելելով, որ «…մնում է ոչ միայն արձանագրել հաղթանակը, այլեւ վճռականությամբ ու նորոգված ապրել հասարակական, քաղաքական, մշակութային, հոգեւոր, բոլոր ոլորտներում` իրավունքի եւ օրինականության հիմքերով գործելով ազգային–պետական նշանակության բոլոր ոլորտներում, քանի որ դա իրապես ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի եւ ազատագրված հայության կենսագործունեության առաջընթացի անկասելի միակ ուղին է»:

2018-ի շարժման մասին, հրապարակել ենք 30-ը ապրիլի 2018 թ., ընդգծել ենք, թե՝ հայության հանդուրժողականությունը պետք չէ շփոթել հնազանդության հետ:
Նշել ենք, որ «Հայաստանի Հանրապետության հայությունը ավելի քան երեսուն տարի բազում զրկանքների տոկաց, բազմաթիվ օրինախախտումներ ու վիրավորանքներ հանդուրժեց` ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի երազով, մինչեւ որ նոր սերունդը, նախ եւ առաջ, ամուր կանգնեց Արցախի ու ՀՀ-ի սահմանների ու հայրենի ժողովրդի պաշտպանության դիրքերում (2016 թ. ապրիլ) եւ ապա` ազատ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու քաղաքակրթական հայտ ներկայացրեց (2018 թ. ապրիլ)»:
Հավելելով, թե՝ «…անհերքելի փաստ է, որ հայության հանդուրժողականությունը պետք չէր շփոթել հնազանդության հետ:
Շատ դեպքերում շատերը (այդ թվում եւ նախկին գործընկերներից) մեր կողմից հանդես բերված հանդուրժողականությունը, աշխատանքների վրա մեր կենտրոնացումը եւ դրանցից բխող լռությունը, ինչպես նաեւ համեստությունը եւ զուսպ կեցվածքը նույնպես շփոթում են հնազանդության կամ հաշտվողականության հետ: Հավատացնում ենք՝ այդպես չէ, դրա համար էլ հիմա մի քանի տողով անդրադարձանք այդ հարցին:

Եւ ամփոփիչ: Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» առնչությամբ կարծում ենք, որ տեղի ունեցել ոչ թե հեղաշրջում կամ իշխանափոխություն, այլ հեղափոխություն, որը տեղի է ունեցել, առաջին հերթին, հայ մարդկանց սրտերում եւ հոգիներում, տեղի է ունեցել՝ նորացում, զարթոնք:

3. Նոր օր, նոր փուլ, նորացում
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության համար մյուս կարեւոր խնդիրը եղել է կադրային համալրման խնդիրը: Եւ քանի որ շատ զբաղված ենք եղել վերոնշյալ խնդիրների կարգավորմամբ, շատ ժամանակ չենք ունեցել այս հարցով զբաղվելու այնպես, ինչպես հարկն է: Հիմա, երբ թեւակոխում ենք իրավունքների պաշտպանության մի շատ կարեւոր փուլ, քանի որ ամփոփում եւ ամբողջացնում ենք դա, ապա այսուհետ կարող ենք կադրային համալրման հարցերին ավելի շատ ժամանակ եւ ուշադրություն տրամադրել:

Կրկին շնորհակալություն հայտնելով մեր պատգամավորներին ու պաշտոնյաներին իրենց ցուցաբերած ակտիվ ու սկզբունքային քաղաքացիական կեցվածքի համար, ինչը օգնեց փրկել եւ դեռ փրկելու է մեր պետական համակարգը, դրանով իսկ փրկելով իրավունքների պաշտպանության գործընթացը, դրա իրավաչափ ու բնականոն շարունակականությունը, ասենք որ համակարգում ունենք պատասխանատվությանը գիտակից ու բանիմաց գործընկերներ: Նրանց խնդրելու ենք ավելի մեծ չափով նախաձեռնություն հանդես բերել, հավատացնելով, որ դրանք միայն քաջալերվելու են մեր կողմից:
Նույնը առաջարկելու ենք երիտասարդ նոր ընկերներին ու գործընկերներին. ամենեւին մտավախություն չունենք որեւէ տեսակի պատասխանատվություն հանձնելու ձեզ եւ ձեր աջակիցներին, հավատում ենք եւ ձեր ուժերին, եւ ձեր ներուժին:

Ինչպես Հայաստանի Հանրապետության համար, այնպես էլ մեզ համար նոր օր է: Դա մեզ համար սկսվել է 2017 թ հունիսի 11-ին տեղի ունեցած Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանից եւ ուրախ ենք, որ այսօր դա նաեւ համահայկական ընդգրկում ունի ու շարունակվում է:

Պատվով փակել ենք երեկվա էջը: Նորովի առաջ գնալու, նորանալու եւ զարգանալու ժամանակն է: Դե ուրեմն միասին ու միասնական առաջ գնանք: Հաղթանակը մերն է լինելու:

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

29.05.2018 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)