Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի զեկույցը Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 7-րդ նստաշրջանում

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) ազգային-պետական քաղաքականության եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացներում իրավաչափության գործոնի պահպանման կարեւորության ու դրա նշանակության վերաբերյալ

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը մարդկանց մեջ քաղաքացի լինելու զգացումն արթնացնելու իր ցանկության մասին խոսելիս ասել է. «Յոթ տարվա փոխարեն դա տեղի ունեցավ յոթ օրում»
Մեր դեպքում՝ յոթ տարվա Արեւմտյան Հայաստանի ազատ քաղաքացուն, որը ձեւավորվել էր 2011-2017 թթ. ընթացքում, նախկին նախագահը ուզում էր «յոթ օրում» ստրուկի վերածել: Նա ծրագրում էր իր գրպանի համեմատ կարված ու իր կողմից ապօրինաբար ընդունված սահմանադրության օրինակի եւ իրեն ենթակա ստրուկների մի խմբակի աջակցությամբ լիովին զավթել իշխանությունը, բացարձակ մենատիրական ու բռնատիրական կամք թելադրել համակարգի ազատ պաշտոնյաներին, պատգամավորներին, քաղաքացիներին:
Չստացվեց, որովհետեւ համակարգի իսկապես ազատ պատգամավորներն ու պաշտոնյաները յոթ ժամվա ընթացքում՝ «մերժեցին» նրան, նրան «ոչ» ասին ու ցույց տվեցին նրա ու նրա խմբակին արժանի տեղը, համակարգից անվերադարձ հեռանալու դուռն ու ճանապարհը:

Որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ ես պարտավորություն եմ վերցրել երեք հարցերում, հիշեցնեմ դրանք.
1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման,
2. Միջազգային առավել կարեւոր պայմանագրերի վավերացման,
3. Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության գործընթացի իրավաչափության վերաբերյալ:

1. Սահմանադրության ընդունման ու հաստատման գործընթացում (եւ բնականաբար մնացած գործընթացներում) եղել ու մնալու ենք օրենքի ու օրինականության սկզբունքների պահպանման դիրքերում
Սահմանադրության ընդունումը պարտադիր քայլերի ամբողջությունից բաղկացած գործընթաց է: Դրա մասին բազմիցս նշել ենք: Այդ գործընթացում մենք հասել ենք այն հանգրվանին, երբ անհրաժեշտությունը կա այն դնելու համաժողովրդական քննարկման, որից հետո հանրաքվեի, ինչի արդյունքներով էլ որոշվելու է՝ Սահմանադրությունը ընդունվա՞ծ է քաղաքացիների կողմից, թե ոչ:
Սահմանադրության տակ ոչ ոք ստորագրություն չի դնում, այդ թվում՝ հանրապետության նախագահը, ստորագրություն չի դնում որեւէ խումբ կամ կառույց, այն ընդունում կամ մերժում է քաղաքացին, ընտրողը, հանրությունը:

Մեր անցած ճանապարհին երկու անգամ ականատես ենք եղել, թե ինչպես է «ծնկի վրա» ապօրինի «սահմանադրություն» «գրվել ու վավերացվել» մեր պետական համակարգից դուրս մնացած անձանց ու խմբերի կողմից:
Հայտնի է, որ այնքան ժամանակ քանի դեռ Սահմանադրությունը օրենքի սկզբունքի ու տառի համաձայն ողջ ընթացակարգը չի անցել, ընդունված չէ, ուստի նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից սահմանադրության իր օրինակի «վավերացումը», դրա հոդվածներին հղումներ անելը, հրամանագրեր ու հայտարարություններ արձակելը՝ անօրինական ու ապօրինի գործողություն է, իշխանության յուրացման փորձ, ինչը բոլոր օրենսդրություններում եւ Սահմանադրություններում որակվում է, որպես հանցագործություն:

Որքան էլ նրանք՝ նախկինները համառեն, մենք պնդում ենք, որ այս հարցում եւս մնալու ենք օրենքի տառին ու ոգուն հավատարիմ եւ մեր դեպքում ծնկի վրա Սահմանադրություն չի գրվելու եւ չի վավերացվելու, այլ ճիշտ հակառակը, ինչպես արդեն նշեցինք՝ միայն ընթացակարգի համաձայն:

2. Միջազգային պայմանագրերի վավերացման հարցի մասին
Միջազգային պայմանագրերի վավերացման հարցում նույնպես առկա է ընթացակարգի խնդիրը. պայմանագրի ստորագրում, պայմանագրի քննարկում խորհրդարանում եւ համապատասխան որոշման կայացում, կայացված որոշման հիման վրա օրենքի ձեւակերպում, օրենքի ստորագրում նախագահի կողմից:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահի կողմից առաջադրված ու նրա կողմից միակողմանի փոփոխված ու «վավերացված» սահմանադրությամբ նա ցանկանում էր ոչ միայն բացարձակ իշխանություն տարածել համակարգի եւ համակարգի մասնակիցների վրա, այլեւ միանձնյա տնօրինել միջազգային պայմանագրերի ճակատագիրը, դրանց վավերացման հարցը:

Նրա կողմից փոփոխված սահմանադրության օրինակում գրված է.
Հոդված 76. «Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահը Պայմանագիրներու վաւերացման վերաբերեալ
Կետ 8) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահին կողմէ վաւերացման ենթակայ են այն միջազգային պայմանագիրները, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնույթ, կամ կը նախատեսեն պետական սահմանի փոփոխութիւն»:

Կրկնենք. «…որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական Սահմանի փոփոխութիւն եւ որոնք ենթակայ են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի»:
Հիմքից անընդունելի մոտեցում է սա, որը մենք մերժում ենք:

Այս դեպքում նույնպես առաջնորդվելու ենք միջազգային գործընթացում ընդունված ու հաստատված ընթացակարգի համաձայն եւ այս հարցում նույնպես թույլ չենք տալու ապօրինություններ ու անօրինականություններ, հաշվի առնելով մանավանդ, որ խնդիրը կարող է վերաբերել նաեւ այնպիսի կարեւոր հարցի, ինչպիսին վերոնշյալ դեպքում՝ պետական սահմանի փոփոխության հարցն է:

3. Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության գործընթացի իրավաչափության վերաբերյալ
Սա չափազանց կարեւոր ոլորտ է ու խնդիր: Իրավաչափությունը սեփական քմահաճույքին ծառայեցնելը չափազանց անշրջահայաց գործ է, որովհետեւ ի վերջո ուղիղ առնչվելու եւ վերաբերելու է Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացին:
Մեզ քաջ հայտնի է, թե ինչ վերաբերմունք ունեն միջազգային շատ սուբյեկտներ Հայկական Հարցի լուծման վերաբերյալ: Այդ թեմայով հրապարակել ենք երեք հոդված՝ ԱՄՆ-ի, Եւրոմիության, Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման վերաբերյալ, կապված Հայկական Հարցի լուծման իրավական – քաղաքական տարբերակներին:
Խորհել, թե հարմար մի պահի, ըստ իրենց ազգային-պետական շահերի, միջազգային որոշ սուբյեկտներ չեն հարուցի տվյալ համակարգի իրավաչափության խնդիրը՝ միամտություն է:
Ապօրինի հիմքերով հանդես գալ ու գործընթաց սկսել՝ ենթադրում է չափազանց մեծ պարտք ու պատասխանատվություն. դա պետք է հաշվի առնեն վերոնշյալ կողմերը, որովհետեւ համառելով, սեփական շահերին ու քմահաճույքներին տուրք տալով, կամայական գործընթաց շարունակելով՝ նրանք կարող են հայտնվել գործընթացը ծուղակի մեջ գցելու հեռանկարի առջեւ:

Ուստի, ես որպես նախագահ՝ որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի անվտանգության երաշխավոր, հայտարարում եմ, որ երաշխավորն եմ նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական բոլոր թեւերի գործունեության ու գործընթացի իրավաչափության:
Համոզված եմ, որ այս եւ այլ կարեւոր հարցերում մենակ չեմ լինելու եւ ինձ հետ են լինելու եւ իմ դիրքորոշումը կիսելու են մեր բոլոր գործընկերները, պաշտոնյաներն ու պատգամավորները, քաղաքացիներն ու համակիրները, մեր գործընթացին այս կամ այն կերպ մասնակից բոլոր անձինք:

Այլ տարբերակ չկա պատվով անցնելու այս պատասխանատու ուղին, ազատագրելու Արեւմտյան Հայաստանը, արդարացի լուծում տալու Հայկական Հարցին, հաստատելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը ՝ Արեւմտյան Հայաստանի տարածքի վրա:

Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

29.05.2018 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)