Տիգրան Փաշաբեզյան, «Հայկական օրակարգի խնդիրները հայությանն ու Հայաստանին ուղղված ներկայի մարտահրավերների ու սպառնալիքների լույսի ներքո»

(Ելույթ «Հայոց պետականությունը եւ հայ լրագրությունը» խորագրով Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովում)

Հայկական կամ համահայկական օրակարգը, ինչպես ավելի հաճախ գործածվում է, ձեւավորվում է երկու գործընթացներով՝ հայկական աշխարհի խնդիրներով, օրինակ Սփյուռքի դեպքում՝ հայկական կյանքի կազմակերպում, Հայապահպանություն եւ մարտահրավերների ու սպառնալիքների պարտադրանքով, օրինակ՝ Արցախի ազատագրության օրակարգ:

Հետեւաբար հայկական օրակարգն իր մեջ ամփոփում, ներառում է հայկական աշխարհների օրակարգերը եւ դրանց միասնությունն էլ հենց համահայկական օրակարգն է:

Ո՞րն է սակայն մեր գլխավոր բացթողումն այս հարցում:

Ըստ էության, Հայկական Հարցի սկզբնավորումից (1878 թ.) եւ Հայերի ցեղասպությունից (1894–1923 թթ.) հետո ընկած ժամանակահատվածում հայկական միասնական օրակարգ չի ձեւավորվել: Սփյուռքի հայության օրակարգում հայ համայնքների կազմավորման, Հայապահպանության, Հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման եւ Խորհրդային Հայաստանի հետ հարաբերությունների խնդիրներն էին: Խորհրդային Հայաստանի օրակարգում Հանրապետության վերածննդի ու զարգացման, Հայրենադարձության խնդիրները: Հայաստանի Հանրապետության օրակարգում Արցախյան ազատամարտը հաղթանակով ավարտելու, Արցախի հայության, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության, ագրեսիայի ու շրջափակման հաղթահարման, ինքնորոշման իրավունքի, ազատության եւ անկախության հաստատման ու պահպանման խնդիրները:

Ընդ որում, պետք է խոստովանել, որ վերոնշյալ խնդիրները շատ դեպքերում ունեն լուծումներ եւ այլ դեպքերում չունեն, որովհետեւ կապված են միմյանց եւ իրականում կապված են հայկական օրակարգին, համահայկական օրակարգին:

Լավ է, որ վերջին տասնամյակներին առաջ քաշվեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գափափարը, որն ըստ էության եռամիասնության օրակարգ է:

Սակայն Մերձավոր Արեւելքի ու հարակից տարածքների հայ համայնքներին պարտադրված կենսագործունեության նոր ու դժվարին պայմանները մի կողմից, Մերձավոր Արեւելքի հայ համայնքների եւ Արեւմտյան Հայաստանի հայերի ներուժի առկայությունը մյուս կողմից հուշում է մեզ, որ հայկական օրակարգի, համահայկական օրակարգի շղթան լրացնելու եւ ամբողջացնելու ժամանակը եկել է:

Ըստ այդմ՝ մեր առաջարկն է, Հայաստան – Սփյուռք – Արցախ եռամիասնությանը՝ եռամիասնության օրակարգին, գումարել Մերձավոր Արեւելքի հայ համայնքների եւ Արեւմտյան Հայաստանի հայերի պակասող 4-րդ բաղադրիչը եւ դա անել զուսպ կերպով, առանց աղմուկի ու թմբկահարության, առանց ցուցադրականության, բայց խորքային համագործակցության եղանակով, ապահովելով բոլոր չորս բաղադիչների ու օրակարգերի փոխառընչությունը, համագործակցությունը, փոխօգնությունը: Վերջինիս դեպքում, որպես իրավական քաղաքական գործիք՝ ընտրելով 2011-2018 թթ: ընթացքում ձեւավորված ու իրականացված Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացը, 1918-1920 թթ. հայությանը տրված հայտնի իրավունքների հիմքերով:

Մեր առաջարկն է ահա այսպես ձեւավորել հայկական, համահայկական ժամանակակից օրակարգ, ինչը հնարավորություն կտա հայկական խնդիրները դիտարկել ամբողջությամբ եւ գտնել դրանց լուծման համապատասխան ուղիներն ու ճանապարհները:

Հավատում ենք, որ այս հարցում վճռական ու կարեւոր դերակատարություն կարող են ունենալ Սփյուռքի մեր գործընկերները՝ լրագրողները, լրատվամիջոցները եւ Սփյուռքի նախարարությունը:

Քանի որ հավատում ենք, որ միասնական ջանքերով կարող ենք հասնել նրան, որ հայկական, համահայկական միասնական օրակարգի շուրջ սկսեն համագործակցել Հայաստանի Հանրապետությունը – Արցախը – Սփյուռքը եւ Արեւմտյան Հայաստանի հայերի ներկայացուցիչները:

Մինչ ելույթը ավարտելը ցանկանում ենք ներկայացնել նաեւ մեր մյուս առաջարկները հետեւյալ կետերի միջոցով.
1. Սփյուռքի նախարարությունը պահպանել որպես նախարարություն եւ որպես Հայաստան – Արցախ – Սփյուռք համագործակցության հիմնական դերակատար:
2. Սփյուռքի նախարարության համար առաջնային համարել հայրենադարձության խնդիրը, դա իրագործել լավ մշակված հայեցակարգի ու ծրագրերի հիման վրա:
3. Սփյուռքի նախարարության եւ Պաշտպանության նախարարության սերտ համագործակցությամբ եւ հաշվի առնելով Պաշտպանության նախարարության բանակաշինության «Ազգ-բանակ» հայեցակարգը, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի հայերի «Մշտական, զինված, դրական չեզոքության մասին» որոշումը, ապահովել սփյուռքահայ երիտասարդների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության բանակաշինության գործին:

Շնորհակալություն ուշադրության համար: Ակընկալում ենք ձեր բոլորի աջակցությունը այս չափազանց կարեւոր հարցում:

01.06.2018 թ.

————–

E-mail: [email protected]

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)